Ինչպես են քարոզում քաղաքական ուժերը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են իրենց քարոզարշավը: Արդեն ուրվագծվել են նրանց ընտրած քարոզչական մարտավարության հիմնական մեխերը: Հատկանշական է, որ այս առումով գործող իրերի կարգը սկզբունքորեն կանխատեսելի էր: Պարզ է, որ նախընտրական մարաթոնի առաջատարները պետք է փորձեն օգտագործել գովազդի բոլոր հնարավոր "տարածքները", իսկ ավելի համեստ քաղաքական նկրտումներ ունեցող ուժերն առավելապես հասկանալի պատճառներով հիմնականում ապավինում են քարոզչության անվճար հարթակներին՝ իրենց ծրագրերն ու գաղափարները ընտրողներին հասցնելու համար:

Ինչպես և սպասվում էր բավականին ակտիվ քարոզարշավի մեջ մտավ ՀՀԿ-ն: Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց Ռեինկարնացիա խմբի մասնակցությամբ նախընտրական հոլովակը: Ինչ խոսք, այն ազդեցիկ էր և ձևի, և բովանդակության առումով. խմբի փայլուն կատարումը, Մխիթարյանի, Արոնյանի և Աբրահամի մասնակցությունը, հարվածային գործիքների վրա վարչապետի կատարումը և իհարկե երգի հիմնական մեսիջները հիմնականում լավ ընդունվեցին մարդկանց կողմից: Սրան զուգահեռ քիչ չէին նրանք, ովքեր քննադատեցին հատկապես Ռեինկարնացիայի տղաներին քաղաքական պատվեր կատարելու և Հանրապետականի ջրաղացին ջուր լցնելու համար: Պարզ է նաև, որ ՀՀԿ-ի առանցքային PR-դեմքը քարոզարշավի շրջանակներում Վարչապետ Կարեն Կարապետյանն է: Կուսակցությունը շատ ակտիվ աշխատում է համացանցային տիրույթում. Ունի շատ հաջող մշակված կայքէջ, որը մշտական ռեժիմով թարմացվում է, և անընդհատ բոլոր հնարավոր միջոցներով և խողովակներով տարածվում են հիմնական քարոզչական նյութերը:


Ծառուկյան դաշինքի առումով ամեն ինչ շատ պարզ ու հստակ է: Այստեղ ամեն ինչ կառուցված է մեկ մարդու՝ դաշինքի առաջնորդի շուրջ: Բոլոր քարոզչական նյութերում Գագիկ Ծառուկյանն է: Դաշինքը հիմնականում շեշտը դնում է մարդաշատ նախընտրական հանրահավաքների կազմակերպման վրա: Սա "ուժի ցուցադրման" առումով բավականին ազդեցիկ միջոց է: Միաժամանակ աշխատում են նաև դաշինքի քարոզչական խմբերը, որոնց կարևոր առաքելությունը, վերստին, Դաշինքի առաջնորդի ուղերձները ընտրողներին հասցնելն է:


Հայկական վերածնունդ կուսակցությունը, կարծես թե, այս փուլում ձեռնպահ է մնում գերակտիվ հրապարակային քարոզչական ակցիաներից: Առայժմ չկան կամ չեն երևում կուսակցության բիլբորդները, փոքր գովազդային բաներներ նույնպես չեն նկատվում: Փոխարենը, հեռուստատեսությամբ օգտագործվում են ընտրողին երևալու բոլոր հնարավորությունները: Իսկ էլեկտրոնային պարբերակնները դեռևս շատ ակտիվ չեն լուսաբանում ՀՎԿ-ին, որը նախևառաջ պայմանավորված է ոչ ակտիվ հրապատակային քարոզչությամբ: Միանշանակ է, որ ՀՎԿ-ն քարոզարշավի ինչ-որ պահից սկսած կաշխուժանա և հարաբերական հանգիստն այս փուլում պետք է դիտարկել՝ որպես զուտ մարտավարական խնդիր:


Ի տարբերություն ՀՎԿ-ի՝ բոլոր առումներով շատ ակտիվ քարոզարշավ է անցկացնում ԵԼՔ-ը: Այս դաշինքը նախընտրական հանրահավաքները զուգորդում է տարաբնույթ իրազեկման և աջակցության արշավներով՝ շարժական շտաբների գործունեություն, ավտոերթեր, դրամահավաքներ, ինքնաբուխ հանդիպումներ ընտրողների հետ և այլն: Բավականին դրայվոտ, դինամիկ, թիրախավորված քարոզարշավ է, որն այս մեկնարկային փուլում խիստ տպավորիչ է: Միակ խնդիրը, թերևս այն է, թե արդյոք ԵԼՔ-ը կարող է նույն տեմպի վրա շարունակել քարոզարշավը:


Հիմնականում հանրահավաքային PR-ն է այս փուլում գերիշխում ՕՐՕ դաշինքի քարոզարշավում: Զուգահեռ դաշինքը շատ է օգտագործում բիլբորդները: Դրանց թիվն առաջին տպավորությամբ չի զիջում անգամ Ծառուկյան դաշինքին և ՀՀԿ-ին: Այս մոտեցումը արդարացված է, քանի որ տվյալ քաղաքական միավորը մշտապես ընտրողի տեսադաշտում գտնվելու խնդիր ունի:


Դաշնակցությունը ի տարբերություն ՕՐՕ-ի՝ բիլբորդային արշավին տուրք չի տալիս: Մեկումեջ Երևանի փողոցներում դրանք երևում են, սակայն ակնհայտ է, որ ՀՅԴ-ն նախընտրել է իր մասին հիշեցնելու այլ արդյունավետ միջոցներ օգտագործել: Նախորդ ընտրությունների փորձը վկայում է, որ ՀՅԴ-ն հիմնականում թափ է հավաքում քարոզարշավի երկրորդ հատվածում, իսկ ներկա փուլում հրապարակային քարոզչության հարթության վրա դիրքավորվելու խնդիր է լուծում: Հաշվի առնելով այս կուսակցության փորձը, պետք է ակնկալել, որ այն աստիճանաբար և աննկատ դուրս կգա քարոզարշավի առաջին պլան:


Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ շատ տարբերվող է հատկապես Ազատ դեմոկրատների քարոզարշավը: Ճիշտ է, այս քաղաքական միավորի լիդերները փորձառու քաղաքական գործիչներ են, սակայն ակնհայտ է, որ հիմնական ուղերձները երիտասարդությանն է ուղղված: Կուսակցությունը շատ ակտիվ է համացանցում, հատկապես ՖԲ-ում: Այս փուլում շատ ակտիվ օգտագործում է նաև քարոզչության մինի-հանրահավաքային մոդելը:


ՀԺԿ-ՀԱԿ դաշինքն իր խաղաղության պլատֆորմը հանրայնացնելու խնդիր ունի: Սա դեռևս բավականաչափ արդյունավետ չի այն քարոզչական միջոցներով, որոնք ընտրել է դաշինքը: Միանշանակ է, որ գործին պետք է խառվի այս քաղաքական միավորի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հակառակ պարագայում դաշինքը կարող է դառնալ առավել չհասկացված քաղաքական ուժը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:


Ինչ վերաբերում կոմունիստներին, ապա մեծ հաշվով նրանք քարոզչության հարթության վրա անում են ճիշտ այնքան, որքան կարող են: Դժվար է ասել, հարիզմատիկ լիդերի կամ լիդերների բացակայության պայմաններում, որքանով է նպատակահարմար, առհասարակ, ակտիվ քարոզչություն իրականացնելը:


Հաջորդ անգամ ԲԱՐՈՄԵՏՐԸ կանդրադառնա կուսակցությունների և դաշինքների հեռուստատեսային գովազդային նյութերին:

 

ԲԱՐԵՄԵՏՐ

18:00 Մարտ 09, 2017

Ամենաընթերցված նյութեր