ԱԺ ընտրություններ-2017. ի՞նչ են ասում քաղաքական ուժերի կարգախոսները

Գաղտնիք չէ, որ նախընտրական կարգախոսները որևէ քաղաքական միավորի իդենտիֆիկացիայի առավել արդյունավետ միջոցներից են: Դրանց դերն ու նշանակությունը անգնահատելի է, եթե էապես համապատասխանում են տվյալ քաղաքական ուժի իրական նպատակներին, գաղափարախոսական առաջնահերթություններին և իհարկե՝ գործունեության հիմնական ուղղություններին: Այս նյութի շրջանակներում ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներին առավել հետաքրքրեց, թե ինչու են հատկապես տվյալ կարգախոսներով ներկայանում քաղաքական ուժերը:

Այսպիսով՝ ԵԼՔ դաշինքը ընտրողին ներկայանալու է՝ "Ընտրություն, փոփոխություն հաղթանակ" և "Կա ընտրություն կա ելք" կարգախոսներով: Այս առաջարկները ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետների կարծիքով կարող են արդյունավետ աշխատել և դառնալ ԵԼՔ-ի իդենտիֆիկացիայի կարևոր գործիքներից: Առաջին կարգախոսը տրամաբանական հաջորդական շղթայի ձևով է արտահայտված և պայմանական ասած` լայն լսարանի համար է նախատեսված, իսկ երկրորդը, գուցե, ավելի շատ ուղղված է նրանց, ովքեր գտնում են, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և իրավիճակից դուրս գալու որևէ ելք չկա:


Ազատ դեմոկրատները ընտրել են "Մենք կարող ենք" կարգախոսը: Արևմտյան լիդերշիփին ներհատուկ մոտեցում է: Հարկ է նշել, որ այս քաղաքական միավորը նույնպես կատարել է կարգախոսի հաջող ընտրություն: Ճիշտ է կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարներում փորձառու քաղաքական գործիչներ են ընդգրկված, սակայն բավականին շատ են նաև առաջին անգամ լուրջ քաղաքական հայտ ներկայացրած երիտասարդները: Եվ տվյալ դեպքում "Մենք կարող ենք"-ը ավելի շատ հենց նրանց կոչն է: Ինչ խոսք, կարգախոսը լայն առումով ուղղված է նաև ընտրողներին և կարող է մեծ հաջողությամբ լինել նաև "միասին կարող ենք":


"Նոր սկիզբ. արդար Հայաստան" կարգախոսի ներքո ընտրություններին կմասնակցի մեր քաղաքական դաշտի ավանդական և ամենահնագույն կուսակցությունը: Բավականին ծանրակշիռ առաջարկ է: Արդարությունը լայն հասարակական պահանջ է և այս տեսանկյունից դրա վրա հաշվարկ կառուցելը ճիշտ մարտավարություն է: Բայց միաժամանակ այնքան էլ դյուրին գործ չէ այդ կարգախոսը բացելը, դիվերսիֆիկացնելը: Այս հարցում դաշնակները շատ ջանքեր պետք է գործադրեն:


"Քվեարկիր հանուն փոփոխության, հանուն վերածնունդի". նման կարգախոս է ընտրել ՀՎԿ-ն: Այստեղ, ինչպես և ԵԼՔ-ի պարագայում՝ կարգախոսի մեջ արտահայտվում է նաև կուսակցության անվանումը, որն արդյունավետ մարտավարություն է հատկապես նորաստեղծ քաղաքական միավորների համար: Եթե հաշվի առնենք նաև, որ Հայկական վերածնունդը հանրային ընկալման մեջ Օրինաց երկիր կուսակցության շտամպից ազատվելու խնդիր ունի, ապա տվյալ տարբերակի շրջանառումը, ինքնին, հասկանալի է:


Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը "Համախմբում, Ժառանգություն, հաղթանակ" կարգախոսն է ընտրել: Այստեղ տրամաբանությունը պարզ է. երկու հիմնական կուսակցությունների բուն անվանումներն են: Թե ինչպես կաշխատի այս կարգախոսը, շատ առումներով կախված կլինի դաշինքի քարոզարշավի առանձնահատկություններից: Ընտրված կարգախոսի նպատակը հազիվ թե միայն դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասին հավելյալ հիշատակումը լինի: Համենայնդեպս, կարգախոսի երրորդ բաղադրիչի՝ հաղթանակի առկայությունը տվյալ դեպքում "ընդլայնվելու լայն ճակատ է բացում":


"Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ". իրականում կոմունիստների ստանդարտ կարգախոսներից է, որն, ինչ խոսք, համապատասխանում է այս քաղաքական ուժի գաղափարական և ծրագրային առաջնահերթություններին:


"Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է" հիմնական կարգախոսն է ընտրել Ծառուկյան դաշինքը: Այս քաղաքական ուժի առաջնորդի մասին Կենտրոն ՀԸ-ն մի քանի մասից բաղկացած ֆիլմաշար եթեր հեռարձակեց, որի հիմնական խորագիրն էր "Մարդը, որը կառուցում է": Հենց այս տրամաբանության մեջ պետք է ընկալել նաև նախընտրական կարգախոսը: Սկզբունքորեն, աշխատող տարբերակ է:


"Անվտանգություն և առաջընթաց" կարգախոսով ընտրողներին կներկայանա ՀՀԿ-ն: Այս առաջարկի հիմնական ուժեղ կողմերից են ակտուալությունը, կոնկրետությունը և կարճ լինելը: Իրականում հենց դրանցով կարելի է չափել նաև, թե որքանով կարող է արդյունավետ աշխատել քաղաքական կարգախոսը: Եթե հաշվի առնեք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի քարոզարշավի վրա մեծ ուշադրություն է սևեռվելու և, ինքնին, մյուս քաղաքական ուժերից շատերն էլ իրենց հակաքարոզչությամբ են նպաստելու այս կարգախոսի առավելագույն հանրայնացմանը, ապա կարելի է ասել, որ այն կդառնա առավել շատ հիշատակվող և հետևաբար նաև իդենտիֆիկացիայի առումով ազդեցիկ կարգախոսը եղածների մեջ:


"Խաղաղություն, հաշտություն և բարիդրացիություն" հիմնական կարգախոսն է ընտրել ՀԺԿ-Կոնգրես դաշինքը: ՀԱԿ-ի հերթական համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի համապարփակ ելույթից հետո պարզ էր, որ տվյալ քաղաքական ուժը կընտրի մոտավորապես նմանօրինակ կարգախոս: Այն, թեպետ, դժվար հիշատակվող է, սակայն բոլորից տարբերվող և դաշինքի հետ իդենտիֆիկացիայի առումով էական խնդիրներ չառաջացնող տարբերակ է: Բոլորովին այլ հարց է, որ այս կարգախոսը պետք է բացվի և դետալիզացված ներկայացվի ընտրողին, ինչը ակնհայտորեն դյուրին գործ չի լիելու:


Առաջին տպավորությամբ և փոքր վերապահումներով կարելի է փաստել, որ բոլոր նախընտրական կարգախոսներն էլ խնամքով մշակված են և սկզբունքորեն կարող են աշխատել: Սակայն ինքնին հասկանալի է, որ միայն ճիշտ ընտրված կարգախոսը բավարար չէ ընտրություններում նախանշված նպատակին հասնելու համար: Նախընտրական քարոզարշավի այս կարևոր բաղադրիչը կարող է արդյունավետ լինել մյուսների աշխատելու պարագայում: Եթե կարգախոսը "երկնքից երկիր" չի իջեցվում, այն մնում է սոսկ չիրականացված ունիկալ քաղաքական առաջարկ: Իսկ դա ծանրագույն աշխատանք է և ընտրողը վերջին հաշվով իր քվեով է վկայում քաղաքական որ ուժին հիմնականում հաջողվեց այդ խնդիրը լուծել:


ԲԱՐՈՄԵՏՐԸ հաջողություն է մաղթում մեր բոլոր քաղաքական ուժերին…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:40 Մարտ 07, 2017

Ամենաընթերցված նյութեր