Նրանք չեն լինի 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներ. "Չհայտնվածների հնգյակ"

Փետրվարի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց համապետական և տարածքային թեկնածուների ցուցակները ներկայացրեց ինը քաղաքական միավոր՝ հինգ կուսակցություն և չորս դաշինք: Այսպիսով ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկի մեկնարկով, ըստ էության ազդարարվեց հաջորդ գումարման Ազգային ժողովի, իսկ ավելի ստույգ՝ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանաքվեի արդյունքներով պայմանավորված, առաջիկա հինգ տարիների կտրվածքով իշխանությունների ձևավորման գործընթացը: Բնական է, որ նման առանցքային նշանակություն ունեցող քաղաքական իրադարձության համատեքստում կարևորվում են անգամ ոչ էական թվացող մանրուքները, էլ ուր մնաց, այսպես ասած, "աչք ծակող" իրողությունները: Այս տեսանկյունից ներկայում տարբեր քաղաքական, լրագրողական և փորձագիտական շրջանակներում քննարկվող հարցերի շարքում է նաև ԱԺ որոշ պատգամավորների՝ այս կամ այն քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում չընդգրկվելը և այդպիսով նաև իշխանությունների ձևավորման գործընթացին անմիջական մասնակցության հնարավորությունից զրկվելը: 

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հաշվի առնելով ցուցակներում չհայտնվածների վերաբերյալ վերջին օրերին մամուլի հրապարակումները, սոցիալական մեդիայում և հանրային տարբեր հարթակներում առկա քննակումները, դրանք համադրելով գործող ԱԺ-ում պատգամավորների գործունեության, ազդեցության և արդյունավետության որոշ փաստական իրողությունների հետ, կազմեց, այսպես կոչված, "չհայտնվածների հնգյակ":


Այս հնգյակում (դասավորությունը պայմանական է), բնականաբար, իր ուրույն տեղը պետք է ունենար ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա արդեն ներկայացրել է իր չմասնակցության պատճառները: Ընդհանրապես, Զարուհին ընդգծված ընդդիմադիր գծին հարող պատգամավորների շարքում է: Հաճախ է հանդես գալիս ոչ ստանդարտ, սուր հարցադրումներով և օրենսդրական նախաձեռնություններով: Թեպետ, դրանց մի մասը իրենց բնույթով սկանդալային են և շատ դեպքերում վերածվում են սուր բանավեճերի, սակայն հանրային ընկալման մեջ հատկապես շեշտվում է նրա պայքարող և սկզբունքային տեսակը:


Նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանն առավել կառուցողական, ոչ ռադիկալ տիպի քաղաքական գործչի համարւմ ունի: Սրանով հանդերձ չունի հարմարվողի ընկալում և աչքի է ընկնում սկզբունքայնությամբ և հարցադրումների հստակությամբ: Նրա բացակայությունը նույնպես շոշափելի կլինի ԱԺ-ի համար:

Նույն ոճի գործիչ է նաև ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը: Սակայն եթե Թևան Պողոսյանն առավել ակտիվ պատգամավորի համարում ունի՝ բացի պառլամենտում ակտիվ գործունեությունից, ինտենսիվ շփվում է սոցիալական մեդիայում, ապա Վահե Հովհաննիսյանը գերադասում է պասիվ թիրախավորված աշխատանքը: Հրապարակային դաշտում ոչ այնքան ակտիվությունը, Վահեն հիմնականում լրացնում է խորը փորձագիտական հարցադրումներով, ինչը, որպես կանոն, հիմվում է նպատակային քաղաքական վերլուծության և այլընտանքային գնահատականների և մոտեցումների վրա:

Գուրգեն Արսենյանը պատգամավորական կորպուսի հնաբնականերից է: Մշտապես ուրույն տեսակետ ներկայացնող, նաև սուր հարցադրումներ հնչեցնող գործիչներից է:

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսան Արզումանյանի տեղը նույնպես կզգացվի հաջորդ պառլամենտում: Նրա պատկառելի փորձը, գիտելիքները, անշուշտ, կնպաստեին ԱԺ գործունեության արդյունավետությանը, քաղաքական բանավեճի որակի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ վերոնշյալ գործող պատգամավորներն մեծ հնարավորություններ ունեին ընդգրկվելու որևէ քաղաքական միավորի ցուցակում: Վստահաբար, այդ առումով նրանց հետ եղել են բանակցություններ և ակտիվ շփումներ: Սակայն տարբեր պատճառներով սույն գործիչները համալրել են, այսպես կոչված, "չհայտնվածների" ցանկը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հակված են այն տեսակետին, որ նախընտրական ցուցակներում նրանց չընդգրկվելը ավելի շուտ հենց իրենց որոշման հետևանքն է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:33 Փետրվար 22, 2017

Ամենաընթերցված նյութեր