Բոլոր ճանապարհները տանում են դեպի ՀՀԿ

22․11․″Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա″․ Արա Աբրահամյան

Ինչպես խոստացել էր Արա Աբրահամյանը, մի 10 օրից մամլո ասուլիս տալ, այդպես էլ արեց: Եվ վերջապես լույս սփռվեց բոլորիս անորոշ սպասումների վրա։ Նախ, նա տեղեկացրեց, որ չի մասնակցի առաջիկա ընտրություններին։ Իսկ թե ինչու, դժվար է ասել… այդ հարցը, կարծես, բաց մնաց: Ինչևէ, գոնե պարզ է, որ այս անգամ ևս Արա Աբրահամյանը չի մասնակցի, բայց դա խնդիր չի, зато նա ծանոթ է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին ու Նյու Յորքի նախկին քաղաքապետին, չնայած վերջինիս անունը լավ չէր հիշում։ Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև իր հեղինակային կարծիքը հայտնեց ռուսերեն լեզվի մասով, որ հեչ էլ դեմ չի լինի, որ այն դառնա մեր 2-րդ պետական լեզուն։ Մեկը ասեր՝ ով էլ խոսա։ Ու քանի որ նա գիտի, որ իր ռուսերենի իմացության մասին լիքը մարդիկ վերապահումով են մոտենում, մի պահ անկեղծացավ. ″Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա..․″։ Ինչ խոսք, գնահատելի անկեղծություն… Բայց միևնույն է մի փոքրիկ տխուր նոտա կար էս պատմության մեջ…

26․11․ ՀՀԿ 16-րդ համագումար

Թերևս, շաբաթվա ամենակարևոր իրադարձությունն էր, որը պետք է պատասխան տար մի շարք կարևոր հարցերի: Նախ, պարզ դարձավ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2017թ. ԱԺ ընտրություններից հետո, իհարկե եթե ՀՀԿ-ն հաղթի: Համագումարի նախաշեմին նոր նախարարներից ոմանք դարձան ՀՀԿ-ական: Կուսակցական դարձավ նաև Վարչապետը: Այդ լուրը իմանալուց հետո մեկ գիշերվա մեջ ՀՀԿ շարքերը համալրեցին, ոչ ավել ոչ պակաս, 7000 քաղաքացիներ։ Եվ այս ֆոնի վրա բնական էր, որ լրագրողներին պետք է հետաքրքրեին, մասնավորապես, թե ինչու նոր նախարարները դարձան ՀՀԿ-ական… Բա ո՞ր կուսակցության անդամ պետք է դառնային, ո՞ր։ Մեր լրագրողներին պետք է հորդորենք, որ այսուհետ նման հարցեր չտան. Կառավարությանը քաղաքական հենարան է պետք, բա առանց դրա ո՞նց կլինի: Լավ, ինչևէ…

Վերջում՝ համագումարի "ետնաբեմային" դրվագներից:

Ժամանում է Առաքել Մովսիսյանը

- Պարո՛ն Առաքելյան, չե՞ք վախենում, որ դուրս կգաք ՀՀԿ-ի կազմից։
- Իսկ դու չե՞ս վախենում, որ իմ ազգանունը սխալ ես ասում։
Վարագույր։
Մոտենում է ″Արմքոմեդի″-ի Կառլը և ցանկանում փաթաթվել նրան։
- Չէ՞ որ դու կարմիր բաբոչկով ես, ո՞նց կարամ թողամ քեզ ինձ փաթաթվես։
Կրկին վարագույր։



Ժամանում է Գագիկ Բեգլարյանը

Նա շատ սիրալիր գտնվեց, մի քանի հարցի պատասխանեց ու նաև վստահեցրեց, որ նեղացած չի, քանի որ նեղանալը տղամարդու համար չի։

Այստեղ էլ վարագույր։

 

Ժամանում է Վարչապետը

Ու լրագրողները, գլուխները կորցրած, շրջապատում են նրան դիմավորելու: Դե, հասկանալի է նրա նկատմամբ ծայրաստիճան հետաքրքրության իրական պատճառը: Նա սկզբում իրեն հատուկ հանգստությամբ պատասխանում էր նրանց հարցերին: Բայց վերջում, նման ″լրագրողական հարձակումը″ փոքր ինչ ջղայնացրեց Կարեն Կարապետյանին:
Եվս մեկ հատկանշական իրողություն այդ բլից հարցազրույցների շարքից: Այս էլ որերորդ դեպքն է՝ լրագրողը երկար նախաբանով հարց է տալիս, որը արժանանում է մեկ կամ երկու բառով պատասխանների: Զորօրինակ՝ ″Իսկ Դուք չեք կարծում․․․․″ ու մի տոննա տեքստ, որին ի պատասխան հնչում է՝ ″Չեմ կարծում″, ″Իսկ Դուք չեք վախենում որ․․․․″։″Չեմ վախենում″։ Այլ որակի հարցե՞ր։ Չկան ու չկան...



ԲԱՐՈՄԵՏՐ

 

04:31 Նոյեմբեր 28, 2016

Ամենաընթերցված նյութեր