Ինչ է հուշում Կարեն Կարապետյանի կինետիկ իմիջը. Իմիջային վերլուծություն-2

Երբ էկրաններին հայտնվում է Կարեն Կարապետյանը, միանշանակ տպավորությունն է, որ նա բարեկիրթ ու բնույթով փափուկ անձնավորություն է։ Նման հետևություն կարելի է անել՝ ելնելով նրա խոսքից, վարվեցողության ձևից, հագուկապից։ Նկատե՞լ եք, թե ինչ հարգանքով է նա լսում իրեն հարց տվողին, խնամքով գրպանից հանում գրիչը, գրի առնում հարցերը, գրիչը դնում կափարիչի մեջ, հետո տեղավորում գրպանում: Այնուհետև հերթով պատասխանում է բոլոր հարցերին։ Կարեն Կարապետյանի շարժուձևը վկայում է, որ նա՝

Նախաձեռնող է

Վերջերս ԱրմպրոդէքսպոյիՈսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ նրան կարելի էր տեսնել կանգնած՝ ձեռքերը գոտկատեղին։ Այս դիրքը, ընդհանրապես, առավել բնորոշ է "նվաճող լիդերի" տիպին։ Տվյալ դեպքում ելնելով խոսքից և իրավիճակից՝ այն դիտարկվում է որպես որևէ մեծ առաքելություն իրականացնելու պատրաստակամություն։
Կառավարության նիստերին նրան հաճախ կարելի է տեսնել նստած՝ ձախ ձեռքը հենած աթոռի արմնկակողին, որը կրկին ինչ-որ կարևոր բան անելու կամ որոշում ընդունելու կամքի դրսևորում է։ Նրա խոսքի վերլուծության մեջ նշվեց, որ որքան էլ նա հանդուրժող է ″դրսում″, իր "ամրոցում"՝ Կառավարությունում, նա է միակ որոշում կայացնողը: Նա, որպես կանոն, մի հարցից մյուսն է անցնում շատ արագ և հստակ՝ առանց անգամ թույլ տալու, որ որևէ մեկը հակադարձի։ Սրանով նաև նկատելի է դառնում, որ նրա դիրքորոշումը բեկման ենթակա չի։

Իրադրության տերն է

Հնուց ի վեր մարդիկ մշտապես փորձել են ընդլայնել իրենց տարածքը, որպեսզի ավելի ապահով ու հզոր զգան։ Այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաև մեր վարչապետը՝ մասնավորապես ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս։ Նա կանգնում է ամբիոնի առջև՝ երկու ձեռքով բռնելով ամբիոնի անկյունները՝ դրանով ցույց տալով, որ ինքն է այդ պահի իրադրության տերը։ Ենթադրվում է, որ սա իրականում չգիտակցված քայլ է՝ ելնելով նրա խառնվածքից:

Զգուշավոր է և դժվար համոզվող

Խոսքի վերլուծության մեջ նշվեց, որ նա զգուշավոր է, ինչը նկատելի է նաև նրա ժեստերից։ Լրագրողների հետ հանդիպմանը չնայած աթոռին նստած էր ″արծվային ազատության″ դիրքով՝ արմունկները աթոռի հենակներին, ոտքերն էլ ուսերի լայնությամբ, սակայն նրան ″մատնում″ էր ձեռքերի կողպեք դիրքը։ Գուցե, նա չէր ցանկանում շեղվել իր նախապատրաստած տեքստից կամ պարզապես ցանկանում էր այնպես խոսել, որ հետո թյուրըմբռնման խնդիր չառաջանա․ ի վերջո, լրագրողների հետ առաջին ամբողջական շփումն էր, և նա փոքր-ինչ լարված էր։ Նման ժեստ նա կիրառել է նաև վերջերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։ Կողպեքի մեկ այլ դրսևորում՝ ձեռքերը կրծքվանդակին խաչած դիրքը, նույնպես կիրառվում է նրա կողմից։ Ձեռքեր կողպելն ու խաչելն ունի նաև այլ բացատրություն․ երբ մարդն ունի հստակ դիրքորոշում և մտադրություն չունի փոխել այն, այսպես ասած, պատ է ստեղծում իր և միջավայրի միջև՝ հեռացնելով իրեն նրանից: Նրան դժվար է հետ համոզել իր որդեգրած ուղուց։

Ճկուն է

Ելնելով արտաքին միջավայրի փոփոխությունից՝ Կարեն Կարապետյանը կարողանում է արագ տրանսֆորմացվել: Նրա մոտ կարելի է տեսնել իրարից արմատապես տարբերվող երկու կերպար․ բարի Կարեն Կարապետյան և ″ոչ այնքան բարի″ Կարեն Կարապետյան։
Երբ նա բարի է, իսկ նա լինում է բարի հատկապես լրագրողների հետ շփվելիս, ապա ժպտում է, ընդ որում հաճախ նա դա անում է բավականին անկեղծ․ այդ ժամանակ "ժպտում են անգամ աչքերը"։ Բացի այդ, Կարեն Կարապետյանի բարի կերպարն ամբողջացնում է նրա գլխի դիրքը․ դա ″Ունկնդրողի գլուխ″ դիրքն է, գլուխը՝ մի փոքր աջ կամ ձախ թեքած և միաժամանակ մի փոքր ներքև կախած։ Սովորաբար դա արվում է ենթագիտակցաբար, երբ ականջը մոտ է տարվում դեպի հետաքրքրություն առաջ բերած ձայնի ուղղությունը (գիտակցաբար անում են նրանք, ովքեր տիրապետում են այդ հնարքին)։ Սա նաև ուղեկցվում է հոնքերի վեր բարձրացմամբ՝ իբրև նշան զարմանքի և միաժամանակ հետաքրքրության։ Իսկ ահա երբ հարկ է լինում, որ ցուցադրվի իր հզորությունն ու իշխանությունը, նա հանդես է գալիս այլ կեցվածքով։ Դա սովորաբար լինում է Կառավարության նիստերին։ Եվ ահա այս դեպքում նա հաճախ հանդես էգալիս հետևյալ դիրքով. ծնոտը առաջ, ու հայացքը՝ հոնքերի տակից, ու երբեմն էլ մի հոնքը բարձրացրած։ Եվ հենց այդ պահին բոլորը հասկանում են, որ չպետք է նրան հակադրվեն, այլ լուռ լսեն։ Բա՛, առյուծը շատ ժամանակ չի պարծենում, որ նա է կենդանիների թագավորը, բայց երբեմն հիշեցնում է բոլորին իր կարգավիճակի մասին։

Հ․ Գ․ Իսկ թե ինչ է ասում Կարեն Կարապետյանի մասին նրա արտաքին տեսքը ու ինչպես է նրան ժողովուրդը ընկալում, կարդացեք հաջորդիվ։


Ինչ է ասում Կարեն Կարապետյանի խոսքը. իմիջային վերլուծություն

 

Տաթևիկ Հովհաննիսյան

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

 

 

 

13:33 Նոյեմբեր 25, 2016

Ամենաընթերցված նյութեր