Ինչ է ասում Կարեն Կարապետյանի խոսքը. իմիջային վերլուծություն

Երբ խոսում է Կարեն Կարապետյանը, այնպիսի տպավորություն է, թե նա IBT TOEFL քննության Speaking-ի մասն է հասել, երբ նրա խոսքում պետք է անպայման լինի նախաբան, հիմնավորող կետեր ու վերջաբան։ 30 բալից առնվազն 29 բալ հավաքելու ռեալ շանս։
Իսկ ի՞նչ է ասում խոսքը տիրոջ մասին։

1. Լավ մենեջերի իմիջ
Փափուկ, բայց պահանջկոտ ղեկավար է. խնդրելով պահանջում է, ինչը դուրս է մեր չինովնիկական կարծրատիպային կառավարման ձևից: Տպավորություն է, որ նա աշխատում է գանտ-չարթով, հստակ "դեդլայններով"։ Նրա բառապաշարում հաստատուն տեղ ունեն ախտորոշել, վերլուծել, ռացիոնալ, օբյեկտիվ, կոնկրետ, մաքսիմալ, մինիմալ բառերը, որոնք առավել բնորոշ են կազմակերպված ղեկավարին։

2. Թիմային խաղացողի դիրքավորում
Շատ հաճախ է օգտագործում ″մենք″, ″մեր թիմը″ բառերը, ինչը կարող է խոսել նրա անձնական և պրոֆեսիոնալ կայացվածության մասին։ Սա հետաքրքիր մոտեցում է, քանի որ թիմը կոլեկտիվ պատասխանատվության տարր է պարունակում իր մեջ, որն էլ լավ միջոց է Չպատասխանատվության համար։
Նման թիմային դիրքավորում ուներ նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ահա Հովիկ Աբրահամյանի մոտ մշտապես կիրառվում էր ″Ես որոշեցի″, ″Ես հրահանգեցի″, ″Ես խոստանում եմ″ տիպի դիրքավորումը։

3. Հավասարակշռված մարդու տպավորություն
Նրան փորձում են հունից հանել, բայց դեռ չի ստացվում։ Առաջին փորձը եղավ լրագրողների կողմից հենց նշանակումից անմիջապես հետո։ Երևում էր, որ նա դեռ պատրաստ չէր մեր լրագրողական ագրեսիվ վարքուբարքին։ Հիշո՞ւմ եք իրար հետևից հնչող հարցերը, թե ինչու նա թողեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, արդյոք նույն բանը չի պատրաստվում անել 7 ամիս անց, ինչ անձնական խնդիր ուներ և այլն: Վերջերս էլ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց նրան հունից հանել՝ հարցնելով, թե արդյոք նա արդյունավետ է կառավարել ″ՀայՌուսգազարդ″-ը, քանի որ վերջինս 2009թ.-ին ունեցել էր 2%-ից ավելի գերնորմատիվային կորուստ: Բայց ինչպես ականատես եղանք, նա крепкий орешок է անգամ Նիկոլ Փաշինյանի համար։

4. Գիտի իր խոսքի արժեքը

Նա շատ զգույշ է իր արտաբերած ցանկացած բառի համար։ Բացարձակ շռայլ չէ խոստումների մեջ, ինչը ողջունելի է, քանի որ ազգս հոգնել է խոստումնաշատ գործիչներից։ Վարչապետ նշանակվելուց հետո նրա առաջին խոսքն այն էր, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է։ Մոտավոր մեսիջը՝ ″Ժո՛ղ ջան, ոսկե սարեր խոսք չեմ տալիս, вообще ոչ մի բան խոսք չեմ տալիս, տեսնենք՝ ինչ կլինի։ Բայց ամեն ինչ կանեմ, որ լավ լինի″։ ″Բա որ հանկարծ մի բան էն չլինի″ իրավիճակներում էլ կհիմնվի իր այս խոսքի վրա ու կասի՝ դե ես ասել էի չէ՞՝ կաշխատենք, կտեսնենք։ Беспроигрышный տարբերակ է։

5. Հանդուրժող և ինքնավստահ է
Երբ մեղադրական հարցապնդում է հնչում, նա ոչ թե բորբոքվում է, այլ փորձում է հստակեցնել, թե ինչ նկատի ունի այս կամ այն լրագրողը կամ պատգամավորը։ Ցույց է տալիս, որ բաց է քննադատության համար, սակայն միաժամանակ բավականին չոր է հենց Կառավարության նիստերին:

6. Մենք քննարկեցինք, ես որոշեցի

Նկատելի է որոշումների կայացման ″պուտինական մոտեցում″. կա քննարկում, հարց ու պատասխան, բայց, միևնույն է, վերջնական որոշումն արդեն կայացված է:

7. Չափից դուրս շատ է զրուցում

Քաղաքական գործչի համար կարևոր է ունենալ հատկապես իրեն բնորոշ խոսքի ոճն ու կառուցվածքը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը շատ է օգտագործում կրկնվող կառուցվածքով տեքստեր։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեքստերում մեծ տեղ է հատկացնում բարդ, քաղաքագիտական տերմիններին և դրանց վերծանմանը։ Իսկ ահա Կարեն Կարապետյանի մոտ առավել ընդգծված է ″ինքնահարցուպատասխան″-ը։ ″Ես ունե՞մ բավականին կամք…Այո՛″։ ″Արդյոք արժե՞ դա անել…Ո՛չ″ կամ "Հավանականություն կա՞, որ ժողովրդական խոսքով ասած՝ այն (ծանրաձողը) բարձրացնելիս կարող է գրիժա ստանանք… Կա: Կստանա՞նք…Չեմ կարող ասել" և այլն։
Այս գործիքի կիրառումն ինքնին հասկանալի է, քանի որ ո՛չ հանրությունը, ո՛չ քաղաքական դաշտը, ո՛չ էլ մեր սիրելի լրագրողները նրան դեռ լավ չեն ճանաչում: Նա փորձում է առավել ամբողջական դարձնել համատեքստը, որպեսզի ենթատեքստի համար քիչ տեղ թողնի: Սա նաև կարևոր է իր խոսքը ոչ մի կերպ չաղավաղելու տեսանկյունից։ Բայց երբ յուրաքանչյուր 4-5-րդ նախադասության մեջ կիրառվում է "ինքնահարցուպատասխան" հնարքը, այն կարող է նաև բավականաչափ հետաքրքիր չլինել:
Միանշանակ է, որ Կարեն Կարապետյանը շատ ունիկալ քաղաքական գործիչ է, ով շատերից է տարբերվում, այդ իսկ պատճառով նրանից բոլորը սպասում են գուցե ավելին, քան նա կարող է ապահովել։ Նման դեպքերում մասնագետների համար նրա խոսքում անգամ նկատելի են դառնում այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են՝. երԳրում, դԲրոց, գործընԳեր, խանգաՌել, որԴեղ, գիԴեք, թանԳ, երԳրորդ, պաԴրաստ, թույլ են տալի(ս), իմ (ինձ) համար բառերի օգտագործումը: Իհարկե շատերը կասեն՝ ″Ոչինչ, թող էդպես խոսա, բայց երԳիրը ոտի կանգնեցնի։″ Դե՛ լավ, թող էդպես լինի, քանի որ իրականում ″Actions speak lauder than words″։
Հաջորդիվ՝ ″Ինչ է պատմում Կարեն Կարապետյանի կինետիկան նրա մասին″:

Տաթևիկ Հովհաննիսյան

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:16 Նոյեմբեր 10, 2016

Ամենաընթերցված նյութեր