Որքան կպաշտոնավարի Կարեն Կարապետյանը. փորձագիտական գնահատական

Նախորդ շաբաթ Ազգային Ժողովը հավանության արժանացրեց Կառավարության ծրագիրը: Այն շատերի կարծիքով բավական հավակնոտ էր: Ոմանք էլ գտնում են, որ այդ ծրագիրը հերթական բարի ցանկությունների փաստաթուղթ է, որն իրականության հետ քիչ աղերսներ ունի: Անկախ տրված քաղաքական գնահատականներից, ակնհայտ է, որ այս կառավարության նկատմամբ արդեն իսկ ձևավորված է հանրային սպասում: Այն նախևառաջ արտահայտվում է կարճ ժամանակահատվածում առավելագույն արդյունքներ արձանագրելու հանրային պահանջով: Բնականաբար, սա լավ հասկանում են և նորանշանակ վարչապետը, և նրա քաղաքական թիմը: Հատկանշական է, որ ԱԺ-ում իր ամփոփիչ խոսքում Կարեն Կարապետյանը Կառավարության ծրագիրը համեմատեց մեծ ծանրաձողի հետ և շատ հստակ ու անկեղծ նշեց. "Հավանականություն կա՞, որ ժողովրդական խոսքով ասած՝ այն բարձրացնելիս կարող է գրիժա ստանանք, կա: Կստանա՞նք՝ չեմ կարող ասել":

Հանրային սպասումը մի կողմ, բայց այսօր տարբեր քաղաքական, լրագրողական և փորձագիտական շրջանակներին հետաքրքրող հիմնական հարցը հետևյալն է՝ որքան կպաշտոնավարի Կարեն Կարապետյանը: Գուցե, սույն հարցադրումը տվյալ պահին բավականաչափ ակտուալ չլիներ, եթե հաջորդ տարի տեղի չունենային ԱԺ ընտրություններ, իսկ արդեն 2018թ. մայիսին ՀՀ նախագահի լիազորությունները չավարտվեին: Իսկ եթե այս հիմնական գործոններին ավելացնենք նաև երկրի տնտեսության ծանր վիճակը, ապա պատկերն առավել ամբողջական կներկայանա: Այսինքն ակնհայտ է, որ Կարեն Կարատետյանի կառավարությունը շատ ժամանակ չունի և օբյեկտիվորն հարկադրված է աշխատել "հնգամյակը երեք տարում" Սովետական միության տնտեսությանը վերաբերող միֆոլոգեմայի տրամաբանության մեջ:

Հաշվի առնելով վերոբերյալ իրողությունները ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներին քաղաքական կանխատեսման համար ներկայացվեց հետևյալ հարցադրումը. "Որքան կպաշտոնավարի նորանշանակ վարչապետը, արդյոք նա կառավարության ղեկին կմնա ԱԺ ընտրություններից հետո նույնպես":

Փորձագետները գրեթե միակարծիք էին այն հարցում, որ եթե 2017թ. ապրիլի ԱԺ ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն կամ իշխանամետ դաշինքը, ապա Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում, ըստ ամենայնի, կմնա ամենաքիչը՝ մինչ 2018թ.մայիս:

1-ին փորձագետ. "Այս պահին, որևէ հիմք չկա պնդելու, որ Կարեն Կարապետյանը "կարճ անցումի" վարչապետ է, և նրա խնդիրը քաղաքական ընտրություններից առաջ ֆոնային փոփոխություններ ապահովելն ու ժողովրդի շրջանում անիրական դրական սպասումներ ձևավորելն է: Եթե բացառապես դրանք լինեին նրա խնդիրը, ապա, թերևս կարիք չէր լինի արմատական, ցավոտ փոփոխությունների կուրս ընտրելը, և իր դեմ հնարավոր հակազդեցության ուժեր տրամադրելը":

2-րդ փորձագետ. "Մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե Կարեն Կարապետյանը եկել է կարճ ժամանակով: Երևի, շատերն այդպես են կարծում մտաբերելով նրա` Երևանի քաղաքապետ աշխատելու ընդամենը 10 ամսյա ժամանակահատվածը: Բայց 6-7 տարի առաջ և հիմա քաղաքական իրողությունները, երկրի առջև ծառացած խնդիրներն իրենց հնարավոր ընդհանրություններով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն հստակ տարբերություններ: Եվ հետո չմոռանանք, որ քաղաքապետի պաշտոնից նա հեռացավ որոշակի բարենպաստ իմիջային հաշվեկշռով…Վարչապետի առաջին քայլերը, որոշումները, նշանակումները և կառավարման փիլիսոփայությունը հուշում են, որ նա առնվազն մոտակա մեկ և կես տարին կղեկավարի կառավարությունը":

3-րդ փորձագետ. "Կարեն Կարապետյանը հաստատ չի կրկնի նախկին վարչապետներից մեկի՝ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի "հակառեկորդը": Նա Կառավարության ղեկին կմնա առնվազն մինչ 2018թ. ապրիլ: Չպետք է բացառել նաև, որ դրանից հետո արդեն որպես փաստացի երկրի թիվ մեկ պաշտոնյա նա շարունակի պաշտոնավարել: Այս ամենի մասին են վկայում Կառավարության առաջնահերթությունները, հիմնական, թիրախային խնդիրները լուծելու պատրաստակամությունը և հանրային վստահության բավարար ռեսուրսը, որը գնալով էական աճի դինամիկա է դրսևորելու":


Փորձագետների լավատեսությունը, ինչ խոսք, հիմնազուրկ չէ: Սակայն քաղաքական կանխատեսումները, որպես կանոն, հիմնված չեն բացառապես բացահայտ ու երևացող գործոնների վրա: Տվյալ դեպքում պետք է հաշվարկել նաև լատենտ, առայժմ չերևացող հանգամանքերը: Դրանց շարքում, այս պահին հատկապես առանձնանում է՝ նրա դեմ մեծ հակազդեցության "կենտրոնի" հնարավոր ձևավորումը: Սա, ինքնին, տրամաբանական է, քանի որ արմատական բարեփոխումների ճանապարհին և առանձնապես հակակոռուպցիոն գործունեության շրջանակներում կառավարությունը հարկադրված է լինելու տրորել շատ ազդեցիկ շրջանակների "ոտքի ցավոտ կոշտուկները": Վերջիններին ինքնապահպանման բնազդը ստիպելու է միավորվել և մեծ ռեսուրսներով պայքարել: Իսկ այս առճակատումն, ինքնին, կարող է շատ ջլատող լինել ու բուն խնդիրներից շեղելու դրսևորումններ ունենալ, դրանցից բխող բոլոր հետևանքներով:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:16 Հոկտեմբեր 28, 2016

Ամենաընթերցված նյութեր