ՏԻՄ ընտրություններ՝ Գյումրի և Վանաձոր. Հիմնական կուսակցությունների քաղաքական հայտը ԱԺ ընտրություններից առաջ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Հատկապես լայն հասարակական հետաքրքրություն կար Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընթացող ընտրությունների նկատմամբ, քանի որ առաջին անգամ այս համայնքներում տեղական իշխանությունները ձևավորվում էին կուսակցական ցուցակներին քվեարկելու սկզբունքով կամ համամասնական ընտրակարգով: Այս ընտրություններն արժանահիշատակ էին նաև նրանով, որ, ըստ էության, հաջորդ տարի ԱԺ ընտրություններին ընդառաջ պիլոտային նախագիծ էին դիտարկվում հիմնական քաղաքական ուժերի համար՝ սեփական հնարավորությունները գնահատելու առումով: Մի խոսքով դրանք յուրահատուկ ստուգատեսի հարթակ դարձան: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, փորձեցին պարզել, թե այդ քննությունն ինչպես հանձնեցին կուսակցությունները և ինչ քաղաքական  կապիտալ կուտակեցին նրանք ԱԺ ընտրություններից առաջ:

Այսպես, ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները թե Գյումրիում և թե Վանաձորում իշխող Հանարապետական կուսակցության հաղթանակը ստեղծված կոնյունկտուրայի պայմաններում և կիրառված քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից հիմնականում օրինաչափ համարեցին: Միակ փոքր անակնկալը, թերևս Վանաձորում ոչ այնքան համոզիչ հաղթանակն էր: Այստեղ նրանց խաղաքարտերը զգալի չափով խառնեց Լուսավոր Հայաստանը, որը նախնական տվյալներով հավաքեց ավելի քան 27 տոկոս: Եվ այս պահին դեռևս հայտնի չէ, թե ով կլինի քաղաքապետը՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԼՀ-ի ներկայացուցիչը:

Ընդհանարապես, փորձագետները ԼՀ-ի՝ Վանաձորում արձանագրած հաջողությունը նույնպես օրինաչափ համարեցին: Նախ՝ նրանք, ըստ էության ճիշտ թեկնածու էին ընտրել, բավականին խնամքով մշակել էին քարոզչական հիմական մեսիջները և նաև քարոզիչների ու առհասարակ աջակիցների շատ սոլիդ թիմ էին ձևավորել: Նրանց քարազարշավը հաճելիորեն առանձնանում էր ներքին դինամիզմով և ակնհայտ էր, որ վանաձորցիներին այն բավականաչափ գրավիչ թվաց: Բնականաբար, նույն արդյունքները նրանք չէին կարող արձանագրել Գյումրիում, և ճիշտ գնահատելով իրենց հնարավորություններն այդ համայնքում միացել էին ԳԱԼԱ-ին:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետների համար որոշակիորեն անսպասելի էր Հայկական վերածնունդ քաղաքական միավորի արձանագրած արդյունքները: Թե Վանաձորում, և թե Գյումրիում այդ քաղաքական ուժն հավաքեց 10 տոկոսից ավելի ընտրաքվեներ: Սա այն դեպքում, երբ շատերը կարծում էին, որ ՀՎ-ն հատկապես Վանաձորում դժվար թե կարողանա հաղթահարել 6 տոկոսի արգելաշեմը: Հարկ է նշել, որ նախկին ՕԵԿ-ականները ճիշտ էին հաշվարկել թե իրենց հնարավորությունները, և թե մարտավարությունը: Վանաձորում ընտրել էին անցողիկ թեկնածուի և ամբողջապես նրա անձի շուրջ կառուցել նախընտրական մարտավարությունը: Կյանքը ցույց տվեց, որ այս տարբերակն արդյունավետ աշխատեց: Ընդհանրապես, ՀՎ-ի քաղաքական պրագմատիզմը զգալի դիվիդենտներ ապահովեց և արդեն ակնհայտ է, որ ԱԺ ընտրություններին սույն քաղաքական միավորը, ըստ ամենայնի աշխատելու է տեղական սպեցիֆիկայի հաշվառման տրամաբանությամբ: Այսինքն հնարավոր է զերծ մնան Արթուր Վահանիչին ամեն տեղ քարոզելու և բացառապես նրա վրա կառուցած քարոզչական մարտավարությունից՝ կոնկրետ տեղերում շեշտը դնելով տվյալ ընտրազանգվածի համար առավել ընդունելի և անցողիկ թեկնածուների վրա:

ԲՀԿ-ն հատկապես տպավորիչ արդյունքներ արձանագրեց Գյումրիում, որը պայմանավորված էր առավելապես Վարդևան Գրիգորյանի գործոնով: Այս կուսակցության համար, կարծես թե "Ծառուկյանական իներցիան" այլևս լայն թափով չի աշխատում, որի վառ վկայությունը Վանաձորում արձանագրած համեստ ցուցանիշներն էին: Այս համայնքում ԲՀԿ-ն ավելի քանի 2 անգամ քիչ ձայներ հավաքեց նույն ՀՎ-ի և ավելի քան 5 անգամ քիչ՝ ԼՀ-ի համեմատությամբ:

Դե իսկ հիմնական անհաջողակաների շարքում փորձագետները նշել էին ՀՅԴ-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, նորստեղծ Համախմբում կուսակցությանը և ՀԱԿ-ին: Ճիշտ է դաշնակաները Վանաձորում մի կերպ հաղթահարեցին 6 տոկոսի շեմը, սակայն նույնը Գյումրիում չկարողացան ապահովել և դա այն պարագայում, երբ Շիրակի մարզպետը ՀՅԴ-ական է:

ԲԱՐԵՄԵՏՐԻ փորձագետների համար հատկապես անակնկալ էին ՔՊ-ի արձանագրած ցուցանիշները: Փաստորեն, այս ընտություններով պարզ դարձավ, որ միակ իրական ընդդիմադիր քաղաքական ուժի դափնիներին ձգտող կուսակցությունը ի զորու չէ անգամ նվազագույն ընտրական արգելքը հաղթահարել: Փորձագետներն այս ձախողումը նախևառաջ պայմանավորում են ոչ այնքան ճիշտ կառուցված նախընտրական մարտավարությամբ: Ընդդիմադիր քաղաքական ուժերին բոյկոտելու, նրանց հետ քաղաքական համագործակցությունից հրաժարվելու որոշումներն  իրականում "չար կատակ" խաղացին Նիկոլի և նրա թիմակիցների հետ: Իսկ եթե սրան հավելենք նաև տեղերում ոչ անցողիկ թեկնածուների՝ որպես ցուցակները գլխավորողներ ներկայացնելը, ապա ձախողման պատկերն առավել քան ամբողջական է կդառնա:

Հիմնական եզրահանգումներ.

  • Առաջին անգամ Գյումրի և Վանաձոր քաղաքներում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին և հիմնական քաղաքական միավորների համար հանդիսացան ԱԺ ընտրություններից առաջ ուժերի փորձարկման բավականին արդյունավետ հարթակ:
  • ՀՀԿ-ն, թեպետ, երկու քաղաքներում էլ հաղթեց, սակայն գոնե Վանաձորում չունի միանձնյա քաղաքապետ նշանակելու հնարավորություն: Ճիշտ է, Գյումրիում իշխող հանրապետականի հաղթանակը հիմնականում Բալասանյան դաշինքով ներկայանալու մարտավարությամբ էր նաև պայմանավորված, սակայն միևնույն է այն պետք է գրանցել ՀՀԿ-ի ակտիվում: Այս հանգամանքը հատուկ կարևորվում է այն տեսանկյունից, որ վերջին համապետական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում պարտվել էր ընդդիմադիր ուժերին:
  • Հայկական Վերածնունդը կամ նախկին ՕԵԿ-ը թե Գյումրիում, և թե Վանաձորում շոշափելի քաղաքական հաջողություններ արձանագրեց և այսպիոսով նաև լուրջ քաղաքական հայտ ներկայացրեց 2017թ. ԱԺ ընտրություններին խորհրդարանում ավելի ծանրակշիռ մասնակցություն ունենալու առումով:
  • Մեր երկրում սկսում է լայն տարածում գտնել "լոկալ ընդդիմության" ֆենոմենը: Այսինքն որևէ քաղաքական ուժ իրականում մրցունակ է տեղական մակարդակում, սակայն համապետական հարթության վրա նրա հնարավորությունները սահմանափակ են: Գյումրիում այդ ուժի կարգավիճակում հանդես եկավ ԳԱԼԱ-ն, որը հավաքեց 10 տոկոսից ավելի ընտրաքվե, իսկ Վանաձորում Լուսավոր Հայաստանի արձանագրած 27 տոկոսը կարելի է դիտարկել որպես էական նվաճում:
  • Մի շարք քաղաքական ուժեր ակնհայտորեն ձախողվեցին: Դրանց շարքում հատկապես անակնկալ էր ՔՊ-ի ֆիասկոն:
  • ՀՅԴ-ի մասնակցությունը և արդյունքները նույնպես հուսադրող չեն: Եթե Վանաձորում նրանք կարողացան շատ չնչին տարբերությամբ հաղթահարել 6 տոկոսի շեմը, ապա Գյումրիում դաշնակները ընդհանարպես դուրս մնացին համայնքի ավագանու կազմից և սա այն դեպքում, երբ Շիրակի մարզպետը ՀՅԴ անդամ է:
  • ԲՀԿ-ն նշանակալի հաջողության հասավ Գյումրիում հիմնականում ընտրված ուժեղ թեկնածուի շնորհիվ: Փոխարենը՝ բավականին համեստ արդյունքներ արձանագրեց Վանաձորում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

21:00 Հոկտեմբեր 05, 2016

Ամենաընթերցված նյութեր