Պաշտոններից ազատված գործիչների քաղաքական "comeback"-ի հնարավորությունները

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է ներկայացնել իր կանխատեսումները տարբեր պատճառներով պետական կառավարման համակարգից դուրս մնացած բարձր պաշտոնյաների հնարավոր քաղաքական  "comeback"-ի (վերադարձի) վերաբերյալ: Տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ հեռու անցյալում այս կամ այն բարձր պաշտոնյայի ոչ միայն նույն կարգավիճակով վերադառնալը, այլ ընդհանրապես որևէ բարձր պաշտոնի նրանց նշանակումը կամ ընտրվելը: Հատկանշական է, որ վեց ամիս առաջ ներկայացված ցուցակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերը զբաղեցնող գործիչներն այս պահին արդեն իսկ զբաղեցնում է բարձր պաշտոններ (տես. ): Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ներկայում զբաղեցնում է ՀՀ նախագահի  վերահսկողական ծառայության ղեկավարի, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երկար ժամանակ թափուր մնացած Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Բնականաբար, սույն գործիչներն այլևս  ներկայացված չեմ մեր փորձագետներին ներկայացված գնահատման թերթիկում: Փոխարենն այդտեղ ներառվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անունը: Այսպիսով ստորև ներկայացված ցանկն ունի հետևյալ տեսքը.

  • ՀՀ նախկին գլխավոր դատախազ                   Գևորգ Կոստանյան
  • ՀՀ ԿԳ նախկին նախարար                             Արմեն Աշոտյան
  • ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար              Կարեն Ճշմարիտյան
  • ՀՀ արդարադատության նախկին նախարար  Հովհաննես Մանուկյան
  • Արագածոտնի նախկին մարզպետ                  Սարգիս Սահակյան
  • ՀՀ նախկին օմբուդսմեն                                  Կարեն Անդրեասյան

Այս ցանկը կազմվել է հաշվի առնելով մամուլում նրանց "comeback"-ի հնարավորության վերաբերյալ առկա քննարկումները, վերլուծականներում՝ ակնարկները: Փորձագետները վերոնշյալ նախկին պաշտոնյաների "comeback"-ը գնահատել են պարզ տոկոսային սանդղակով՝ 0-100% միջակայքում:

Ըստ ստացված միջինացված տվյալների՝ մինչև մեկ տարվա կտրվածքով առավել բարձր են գնահատվում Գևորգ Կոստանյանի և Արմեն Աշոտյանի քաղաքական "comeback"-ի հնարավորությունները (տես. գրաֆիկ): Ընդհանրապես, խիստ անսպասելի էր ՀՀ նախկին գլխավոր դատախազի հրաժարականը: Նա բարձր պաշտոն զբաղեցնող այն գործիչներից էր, ով իր կարգավիճակում առանձնակի դիսկոմֆորտ չուներ և վայելում էր Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը: Համենայնդեպս, հակառակը վկայող հրապարակային քիչ թե արժանահավատ աղբյուր չկա: Կոստանյանը իշխանության, այսպես կոչված, բարեփոխիչների թևից էր և ըստ էության նրան ծանրակշիռ դերակատարում էր վերապահված 2017թ. ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք նոր իշխանության հիերարխիայում: Հետևաբար, նրա հեռացումը կամ տվյալ փուլում պաշտոնավարման անհնարինությունը ըստ ամենայնի պայմանավորված է հենց առողջական խնդիրներով, որոնք նշված էին պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս տեսակետից փորձագետները քիչ հավանական են համարում այլ պատճառների մատնանշումը, որոնք այս կամ այն մեդիա հարթակներից վերջին շրջանում նետվում էին լրահոս: Դրանք ավելի շատ քաղաքական շահարկումների շարքին կարելի է դասել… Ընդհանարպես տվյալ պարագայում,այսպես կոչված ծանրակշիռ պատճառ որոնելը և դավադրությունների տեսության մոտիվներով ինչ-ինչ շարժառիթներ հանրությանը ներկայացնելը բնորոշ է մեր ԶԼՄ-ներին: Նրանք պարզապես չեն հավատում, որ մեր երկրում որևէ պետական, քաղաքական գործիչ իր զբաղեցրած բարձր պաշտոնը կարող է թողնել նման ՝ իրենց ենթադրությամբ ոչ այնքան կարևոր պատճառաբանությամբ: Ինչևէ, սա թողնենք նրանց խղճին և փաստենք, որ ԲԱՐՈՄԵՐՏՐԻ փորձագետները բարձր են գնահատում Գևորգ Կոստանյանի քաղաքական "comeback"-ի հնարավորությունը: Հատկանշական է, որ արդեն մամուլում ինտենսիվ շրջանառվում են տեղեկություններ՝ նրա Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու վերաբերյալ: Սակայն մեր փորձագետներն ավելի հակված են Գևորգ Կոստանյանին մոտ ապագայում դատաիրավական համակարգի ղեկավար պաշտոններից մեկում տեսնել:

Ճիշտ է, մամուլում էականորեն քչացել են Արմեն Աշոտյանին այս կամ այն պաշտոնին ուղարկելու գուշակությունները, սակայն փորձագետները շարունակում են բարձր գնահատել նրա քաղաքական "comeback"-ի հնարավորությունները: Ըստ ամենայնի, դա տեղի չի ունենա շատ մոտ ապագայում, մասնավորապես նոր կառավարության ձևավորման շրջանակներում: Փորձագետները, գրեթե համոզված են, որ Աշոտյանը նոր պաշտոն/կարգավիճակ կունենա 2017թ. ԱԺ ընտրություններից անմիջապես հետո:

Փորձագետները շարունակում են հավատալ, որ ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նույնպես կարող է վերադառնալ որևէ կարգավիճակով: Ավելի հավանական է համարվում որևէ ընդդիմադիր կուսակցության/դաշինքի կազմում նրա՝ ԱԺ պատգամավոր դառնալը: Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի քաղաքական "comeback"-ի շանսերն ավելի համեստ են, թեպետ չպետք է բացառել, որ պետական կառավարման ապարատում նրա կուտակած փորձն որևէ կերպ օգտագործվի, դիցուք, խորհրդականի կարգավիճակում:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի և Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի վերադարձի հնարավորությունները, գոնե այս պահին նույնպես մեծ չեն:

Գրաֆիկ.  

Բնականաբար, այս կանխատեսումներն որքան էլ որ հիմնված լինեն որոշակի օբյեկտիվ գործոնների վրա, միևնույն է չեն կարող մեծ ճշգրտությամբ իրականանալ: Այս առումով ուշագրավ են դաշնակցական նախարարների նշանակումները՝ Լևոն Մկրտչյանի փաստացի չորրորդ անգամ է վերադարձել Կառավարություն, իսկ Դավիթ Լոքյանը՝ երկրորդ: Դեռևս մեկ ու կես տարի առաջ եթե շատերը կանխատեսում էին ՀՅԴ-ի վերադարձը իշխանության տիրույթ, բայց դժվար թե կարողանային նախանշել, որ որևէ մեկը կարող է չորրորդ անգամ վերադառնալ պետական կառավարման համակարգ, այն էլ նույն պաշտոնին:

Հ. Գ. ՀՀ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա արդեն իր հրապարակային առաջին ելույթներում անդրադարձել է համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը: Այս համատեքստում առաջնային են լինելու նաև կադրային փոփոխությունները: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները քաղաքական կանխատեսումների շարքի հաջորդ նյութում կփորձեն անդրադառնալ նաև հնարավոր նշանակումներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:56 Սեպտեմբեր 15, 2016

Ամենաընթերցված նյութեր