Փոխոխությունների դինամիկա

Երբ մեկ-երկու ամիս առաջ մամուլում ինտենսիվ շրջանառվում էին հիմնավոր տեղեկություններ առ այն, որ Կառավարությունը որոշակի խնդիրներ ունի տնտեսական ակտիվության և աճի թիրախային ցուցանիշներն ապահովելու առումով, այլևս ակնհայտ էր, որ հեռու չէ մեծ փոփոխությունների ժամանակը: Հանրային մեծ դժգոհության ալիքը սկզբունքորեն արագացրեց այդ փոփոխությունների գործընթացը: Ինչ խոսք, դեռ երկար կքննարկվեն, թե հատկապես որտեղ թերացավ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը և ինչու նրան չհաջողվեց ստեղծել իրերի այնպիսի կարգ, որի պայմաններում հասարակությունն ու կառավարությունը չմնային այլևս բևեռացված վիճակում: Սակայն ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագիտական թիմին ավելի շատ հետաքրքրեց կառավարության/վարչապետի փոփոխության քաղաքական պատեհությունը երկու հիմնական ասպեկտով՝ ինչո՞ւ հիմա կամ որքանո՞վ էր հասունացել այդ փոփոխությունը և ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը:

Առաջին ասպեկտով՝ ինչո՞ւ հիմա և որքանո՞վ էր հասունացել այդ փոփոխությունը հարցը, առավելագույն 5 միավորի պայմաններում՝ ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները գնահատեցին միջինացված 4.2: Հարկ է նշել, որ այս ցուցանիշը բարձր է և վկայում է կառավարության/վարչապետի փոփոխության ծանրակշիռ քաղաքական պատեհության մասին: Փորձագետները հատկապես նշել են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թեպետ փորձում էր էական բարեփոխումներ իրականացնել և զգալի առաջընթաց ապահովել հատկապես կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի գործում, ինչպես նաև ներդրումային մթնոլորտի բարելավման հարցում, սակայն հնարավոր է նաև օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, նշանակալի ձեռքբերումներ այդպես էլ չարձանագրվեցին: Մեծ հաշվով, կառավարման ոճի մեջ էլ էական փոփոխություններ չեղան, թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ Հովիկ Աբրահամյանը փորձում էր հետամուտ լինել ցանկացած խնդրի և ինչպես ինքը շեշտեց Կառավարության վերջին նիստում՝ ականջալուր լինել առկա խնդիրներին: Բայց ինչպես ասում են, չափից դուրս ծանր խնդիրների տակ կառավարությունը, կարծես, "վառվեց":

Երկրորդ ասպեկտով՝ ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը կամ նրա նշանակումը վարչապետի պաշտոնում ավելի բարձր միջինացված գնահատական ստացավ՝ 4.6: Փորձագետները միակարծիք էին այն հարցում, որ նա նախևառաջ մթնոլորտ կփոխի, իր հետ կբերի թարմություն, կառավարման մեջ նորարական և արդյունավետ մոտեցումներ: Կարծիք հնչեց, որ չունենալով ընդգծված բիզնես հետաքրքրություններ, նա առավել անկաշկանդ կլինի որոշումների կայացման մեջ: Փորձագետներից մեկը հղում անելով նրա նախկին գործունեությանը, Կարեն Կարապետյանին բնորոշեց որպես խիստ արդյունավետ կառավարիչ և առհասարակ "ֆարտով" թոփ-մենջեր: Սակայն այս ամենից զատ նշվեցին նաև որոշ գործոններ, ռիսկեր, որոնք կարող են խանգարել նոր վարչապետին շոշափելի արդյունքներ ապահովելու առումով: Դա նախևառաջ տնտեսության ոչ այնքան բարվոք վիճակն է: Այսինքն նա ինչ-որ առումով հարկադրված է լինելու աշխատելու ճգնաժամային կառավարչի ռեժիմով, դրանից բխող բոլոր հետևանքներով (արագ, իրավիճակային որոշումներ, կարևոր երկարաժամկետ ծրագրերի երկրորդում կամ հետաձգում և այլն): Մյուսը՝ ներքին հակազդեցությունն է, որը կարող է արտահայտվել տարբեր ձևերով: Այս խնդիրը, ինքնին ակտուալ է և պայմանավորված է նախընտրական շրջանի և իշխանության մեջ տարբեր թևերի միջև պայքարի առանձնահատկություններով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:11 Սեպտեմբեր 12, 2016

Ամենաընթերցված նյութեր