Ժողովուրդ, որը ՄԻՇՏ եղել ու մնում է մեր կողքին

Նրանք հայերի հետ նահատակվել են Ցեղասպանության տարիներին, հայերի հետ ուս ուսի քաջաբար պայքարել թուրքական բռնապետության դեմ, այդ թվում՝ Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում, կամավորագրվել Արցախյան ազատամարտին, այսօր էլ շարունակում են հայերի հետ միասին անձնազոհաբար պաշտպանել հայրենյաց սահմանները։ Ապրիլյան "քառօրյա պատերազմին" ևս նրանք անմասն չմնացին ու լրացրեցին մեր հերոսների շարքը։ Ավելին, նրանցից մեկից՝ Քյարամ Սլոյանից թշնամին այնքան էր սարսափել, որ կռիվ էր տվել անգամ նրա անշունչ մարմնի հետ։

Այո՛, խոսքը եզդի ժողովրդի մասին է։ Հինավուրց այդ ժողովրդի մի փոքրիկ հատվածն արդեն մի քանի դար ապրում է Հայաստանում՝ հայերի հետ կիսելով վիշտն ու ուրախությունը։ Հայ-եզդիական հարաբերությունները ճշգրիտ բնորոշել է Վազգեն Ա կաթողիկոսը՝ "եղբայր ժողովուրդ"։

Այս ակնարկը մենք նախատեսում էինք մայիսյան հերոսամարտերի առիթով, բայց "քառօրյա պատերազմը" նոր էջ բացեց հայ-եզդիական հարաբերությունների պատմության մեջ։

Ակնարկի հիմնական նյութը վերաբերում է եզդի ժողովրդի հերոսներից մեկին՝ Ջահանգիր աղային։ Վերջին պատերազմից ամիսներ առաջ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշել էր պարզել՝ որքանով են մեր համաքաղաքացիները ծանոթ այդ, հիրավի հերոսական մարդուն (տե՛ս. գրաֆիկը)։

Մեկ այլ դեպքում այս արդյունքները, գուցե, կարելի էր բավարար համարել։ Փաստորեն,  մեր հարցված համաքաղացիների մեծամասնությունը չգիտի՝ ով է Ջահանգիր աղան, իսկ շուրջ 15%-ն էլ տվել է վստահ, բայց սխալ պատասխան։ Ինչ խոսք, այս պատկերը հուսադրող չէ։

Եզդի ժողովուրդը՝ հանձինս Ջահանգիր աղայի, ում պատվել են որպես "հայ ժողովրդին նվիրված դաշնակից", իր մեծ ու անգնահատելի ավանդն է ունեցել ֆիդայական շարժման, Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտներում, և, ինչպես տեսնում ենք, նաև մեր այսօրվա պատերազմներում։ Հարցման արդյունքները, նախևառաջ, դպրոցական ու բուհական կրթության, ինչպես նաև հայ-եզդիական մշակութային շփման որոշակի թերացման հետևանք են, և դրանք օր առաջ պետք է շտկվեն։

Մենք պետք է լավ ճանաչենք այն ժողովրդին, նրա մշակույթն ու հերոս զավակներին, որը մի՛շտ մեր կողքին է եղել։

 

Հ. Գ. Շնորհավորում ենք եղբայրական եզդի ժողովրդին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ և մաղթում հաջողություններ….

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:00 Ապրիլ 20, 2016

Ամենաընթերցված նյութեր