Երբ ռազմավարական դաշնակիցդ զինում է ոխերիմ թշնամուդ

Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել ՌԴ հետ ռազմավարական դաշինքին, ինչը դրսևորել է ամենատարբեր միջազգային հարթակներում ու ամենատարբեր հարցերում։ ՀՀ-ն այն փոքրաթիվ երկրներից էր, որը պաշտպանեց ՌԴ-ին Ղրիմի հարցում, ինչը չարեց, օրինակ, ՌԴ դաշնակից համարվող Ղազախստանը։ ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն ռազմական փոխօգնության պարտավորություններ թե՛ երկկողմ (1998թ․ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրով), թե՛ բազմակողմ (ՀԱՊԿ շրջանակում) ձևաչափերով:

Անգամ "քառօրյա պատերազմի" օրերին ու դրանից հետո, քննադատելով ռուսական սպառազինության վաճառքն Ադրբեջանին և չստանալով ոչ մի աջակցություն ՌԴ-ից, պաշտոնական Երևանը շարունակում է ՌԴ-ին համարել ռազմավարական դաշնակից (թեև արդարացիորեն արդեն ընդգծելով, որ ՌԴ-ն Հայաստանի հովանավորը չէ և երբե՛ք չի խաղացել այն դերը, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի համար)։

Մի՞թե սա ռազմավարական դաշնակցի վերաբերմունք չէ։

Իսկ ի՞նչ է անում ՌԴ-ն։ Իսկ նա, խախտելով Փոխօգնության մասին պայմանագրի 7-րդ և Հավաքական անվտանգության պայմանագրի 1-ին հոդվածները, տարիներ շարունակ սպառազինում է Ադրբեջանին։ ՌԴ-ն, փաստորեն, ԵԱՀԿ ՄԽ միակ համանախագահող երկիրն է և ԵԱՀՄ ՄԽ երեք երկրներից մեկը (մյուսներն են ՀԱՊԿ մեր "դաշնակից" Բելառուսը և մեր մյուս թշնամի-երկիրը՝ Թուրքիան), որ չի միացել ՀՀ և Ադրբեջանի նկատմամբ  ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ռազմական էմբարգոյին ու զինում է իր դաշնակցի թշնամուն։ Դա ՌԴ-ն ներկայացնում է որպես զուտ առևտրային գործարք՝ պատճառաբանելով, թե իբր եթե ինքը չվաճառի, ապա Ադրբեջանը մեկ ուրիշից ձեռք կբերի սպառազինություն։ Մի կողմ թողնելով հարցի՝ վերը հիշատակված իրավական և բարոյական կողմերը (դաշնակիցն այնքանով է դաշնակից, որ պետք է օգնի իր դաշնակցի՛ն կամ, առնվազն, չօգնի իր դաշնակցի թշնամուն՝ որևէ առավելություն ձեռք բերել իր դաշնակցի նկատմամբ)՝ նկատենք, որ Ադրբեջանը չի կարող որևէ ռազմական սպառազինություն գնել ՄԱԿ/ԵԱՀԿ ռազմական այդ արգելանքներին միացած ԵՄ երկրներից և ԱՄՆ-ից, իսկ այնպիսի հարձակողական զինատեսակներ, ինչպիսիք են "Սմերչը" կամ "Սոլնցեպյոկը", Ադրբեջանը չի կարող ձեռք բերել անգամ իրեն զինող Թուրքիայից ու Իսրայելից, քանի որ նրանք այդպիսի զինատեսակներ պարզապես չունեն։

Էլ չենք խոսում այն մասին, որ ո՛չ ՌԴ-ն (ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները ևս), ո՛չ էլ ՀԱՊԿ մեր մյուս դաշնակիցները հանդես չեկան թեկուզ ոչ թե ուղղակիորեն ՀՀ-ին աջակցող, այլ գոնե ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ։ ՌԴ-ն բավարարվեց անհասցե կոչով, Բելառուսը սկզբում` ադրբեջանանպաստ, ապա մի փոքր "շտկված" հայտարարությամբ, իսկ Ղազախստանի "ջանքերով" ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը Երևանից տեղափոխվեց Մոսկվա։

Մի՞թե սա ռազմավարական դաշնակցի պահվածք է։ Իսկ գուցե մենք ռազմավարական դաշնակից չունենք ու երբեք էլ չե՞նք ունեցել, այլ ունենք ու ունեցել ենք ընդամենը ռազմավարական գործընկե՞ր․․․

Հ․Գ․ Ի դեպ, Ադրբեջանի սպառազինման գործում մեղքի իր բաժինն ունի նաև Արևմուտքը, որն ադրբեջանական ղեկավարության հայտարարություններից շատ լավ իմանալով, թե ինչի վրա են ծախսվելու նավթադոլարները, այդուհանդերձ, Ադրբեջանին հռչակում է ռազմավարական գործընկեր ու տարիներ շարունակ գնում նրա ածխաջրածնային պաշարները։

 

 ԲԱՐՈՄԵՏՐ

12:24 Ապրիլ 19, 2016

Ամենաընթերցված նյութեր