Երևանցիները գնահատել են մշակութային կյանքը

Ընդհանրապես, մեր երկրում մշակույթի ոլորտում տարվող քաղաքականության կամ առհասարակ մշակույթի վերաբերյալ գոյություն ունեն իրարից էապես տարբերվող ընկալումներ, իսկ ավելի ճիշտ կարծիքներ: Առաջինն ավելի շատ մշակույթի ոլորտում ուղիղ կամ միջնորդավորված ներգրավված մարդկանց մոտեցումն է, ըստ որի՝ այս ոլորտում էական առաջընթաց չկա, խնդիրները տարիներ շարունակ նույնն են և այդ ուղղությամբ նշանակալի քայլեր չեն արվում: Վերջապես, գոյություն ունի հասարակական կարծիք, որն ավելի շատ ձևավորվում է կոնկրետ իրողությունների վրա: Այս առումով ակնհայտ է, որ գոնե վերջին տարիներին որոշակի աշխուժություն տվյալ հարթության վրա, առկա է: Բազմաթիվ են տարաբնույթ մշակութային փառատոնները, կինոինդուստրիան երկար լռությունից հետո սկսել է "կենդանության" ծանրակշիռ նշաններ ցույց տալ, ակտիվացել է թատրոնը և այլն: Մի խոսքով, մշակութային կյանքն այլևս նախկինի պես քարացած չէ: Միաժամանակ հարկ է նշել, որ այս դրական փոփոխություններն առավելապես Երևանում են, և մարզերում դրանք այնքան էլ տեսանելի չեն:

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խումբը նախորդ տարեվերջին Երևանում անցկացրած իր ամփոփիչ սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում ընդգրկել էր նաև մշակույթի ոլորտի գնահատականների հարցը: Այն ընդգրկվել էր մեծ հարցաշարում և ներկայացվել էր հարցվողներին, ովքեր պետք է գնահատեին 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նվազագույն, իսկ 5-ը՝ առավելագույն գնահատական: Այսպես, "1" և "2" նվազագույն գնահատականներ տվել են հարցվողների հանրագումարային 22.5%-ը: Այսինքն, մեկ/քառորդից էլ քիչ հարցվողների չի գոհացրել նախորդ տարվա մշակութային կյանքը: Բավարար են գնահատել հարցվողների մոտ 21%-ը: Այս խումբը հիմնականում բավարարված է մշակութային անցուդարձից, սակայն որոշ վերապահումներ, այդուհանդերձ, ունի: Հնարավոր է նրանց մի մասին սկզբունքորեն բավարարում է մի ճյուղում առկա իրերի կարգը, իսկ մյուսի նկատմամբ վերաբերմունքը որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրդապատճառառներով, հիմնականում բացասական է: Գուցե, կան այլ պատճառներ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ի տարբերություն այլ ոլորտների՝ մշակույթին տրված բավարար գնահատականներն ավելի շուտ խոսում են որոշակի վերապահումների, քան գոհունակության մասին:

"4" և "5" գնահատականները հանրագումարային առկա են հարցվողների մոտ կեսի պատասխաններում: Իրականում սա բավականին բարձր թիվ է: Այն վկայում է, որ 2015-ը մշակութային առումով հագեցած է եղել և հիմնականում հավանության է արժանացել մեր համաքաղաքացիների կողմից: Ճիշտ է բացարձակ մեծամասնություն է կազմում "4" գնահատականը (36%), սակայն հաշվի առնելով երևանցի ռեսպոնդենտների կողմից գերազանց գնահատականի հանդեպ ունեցած խիստ պահանջները, ապա նման պատկերը կարելի է օրինաչափ համարել:

Ինչ խոսք, հնարավոր է, որ հարցման տվյալները որոշ մարդկանց խիստ լավատեսական թվան: Բայց ինչպես վերը նշվեց հետազոտությունն անցկացվել է Երևանում, որտեղ մշակութային աշխուժությունը տեսանելի է, և բացի դա՝ հասարակական կարծիքը, որպես կանոն, չի սևեռվում ոլորտում առկա խորքային խնդիրների վրա: Վերջինն ավելի շատ ենթակա է փորձագիտական հարցմանը, որի միջոցով հնարավոր է վերհանել դրանք և առաջարկել համալիր լուծումներ և երաշխավորություններ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:00 Մարտ 16, 2016

Ամենաընթերցված նյութեր