Էներգետիկայի ոլորտը՝ ըստ երևանցիների գնահատականների

 ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է ներկայացնել նախորդ տարեվերջին Երևանում անցկացված ամփոփիչ զանգվածային հարցման տվյալները, որոնք առնչվում են տարբեր ոլորտներին և դրանց վերաբերյալ հարցվողների գնահատականներին: Այդ շրջանակներում հետազոտավերլուծական թիմը ընդգրկել էր նաև էներգետիկայի ոլորտի  վերաբերյալ գնահատականները: Դրանք հարցվողները տվել են 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը՝ նվազագույն, իսկ 5-ը առավելագույն ցուցիչն էր: Ինչպես և սպասվում էր հարցվողները նախորդ տարվա արդյունքներով էներգետիկայի ոլորտին բավականին ցածր գնահատականներ են տվել: Նվազագույն "1" և "2" հանրագումարային գնահատականները կազմել են մոտ 58%, որը վկայում է դժգոհության բարձր մակարդակի մասին: Ինչ խոսք, ընդհանուր պատկերի վրա էական ազդեցություն ունեցավ էլեկտրաէներգիայի փաստացի բարձրացման վերաբերյալ որոշումը: Կառավարությունը ՀԷՑ-ի այս որոշումը ներկայացրեց խիստ հարկադրված քայլ, որի նպատակը ոլորտը ծանրագույն վիճակից դուրս բերելն էր: Ակնհայտ էր, որ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կուտակված խնդիրները, որոնք անմիջականորեն առնչվում էին վատ կառավարման և կոռուպցիոն դրսևորումների հետ, պետք է "ջրի երես" դուրս գային: Եվ տվյալ դեպքում ամբողջապես հիմնավոր և արդարացի էր հանրության պահանջը ու նրա պայքարի կարգախոսը՝ "Ոչ թալանին": Ըստ էության, 2015-ի հունիսյան պայքարը շատ հստակ ցույց տվեց, որ մարդիկ բոլորովին հակված չեն վճարել ՀԷՑ-ի նախորդ տարիների վատ կառավարման հետևանքով առաջացած վնասները:  Ճիշտ է Կառավարությունը և ՀԷՑ-ի արդեն նոր սեփականատերը մեկ տարի ժամանակահատվածով պարտավորվեցին ամսեկան մինչև 250 կվ սպառող բաժանորդների էլէներգիայի ավելացած մասը փոխհատուցել, սակայն, մեծ հաշվով, դրանից՝ ոլորտի վերաբերյալ հասարակական բյուրեղացած կարծիքն էականորեն չփոխվեց:

Հարցվողների մոտ 15%-ը բավարար է գնահատել էներգետիկայի ոլորտի վիճակը: Հնարավոր է, որ նրանք ավելի շուտ գնահատել են ընդհանուր պատկերը, չսևեռվելով կոնկրետ ՀԷՑ-ի խնդիրների վրա: Իսկ հնարավոր է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը հիմնավոր հույսեր է ներշնչել սպառողներին՝ ոլորտի խնդիրները լուծելու և հետագայում մատչելի ու որակյալ ծառայություններ մատուցելու առումով: Հենց այս համատեքստում կարելի է մեկնաբանել նաև "4" և "5" գնահատականներ տվող հարցվողների մոտիվացիոն հիմքերը: Ճիշտ է այդ խումբը մեծաքանակ չէ (մոտ 17%), բայց 2015-ի ամռան և աշնան հատվածում նման բարձր գնահատականներ կտային անհամեմատ ավելի քիչ թվով հարցվողներ:

Պարզ է, որ էներգետիկան շատ մեծ և ընդգրկուն ոլորտ է և զանգվածային հարցման միջոցով հնարավոր չէ խիստ օբյեկտիվ գնահատականներ տալ, առհասարակ, ոլորտին: Սա, թերևս մասնագետների խնդիրն է, իսկ շարքային սպառողների համար գնահատման չափանիշները շատ հստակ են՝ մատչելի (ոչ թանկ) և որակյալ էլեկտրաէներգիա ու գազ: Եթե դրանք ապահովված են, ապա գնահատականները բարձր կլինեն, իսկ եթե ոչ՝ համապատասխանաբար ցածր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:15 Մարտ 10, 2016

Ամենաընթերցված նյութեր