Պաշտոններից ազատված գործիչների քաղաքական "comeback"-ի հնարավորությունները

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո որոշակիորեն փոխվեց քաղաքական կոնյունկտուրան: ՀՅԴ-ն փաստացի վերադարձավ իշխանության տիրույթ՝ ստանալով նախարարական երեք և մարզպետի երկու պաշտոն: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագիտական թիմին այս փոփոխությունների համատեքստում հետաքրքրեց, թե որքանով է հնարավոր այլևս պաշտոնաթող որոշ նախարարների, մարզպետների և, առհասարակ վերջին մի քանի տարիներին պետական կառավարաման համակարգից տարբեր պատճառներով դուրս եկած բարձր պաշտոնյաների "comeback"-ը, այսինքն վերադարձը: Տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նույն կարգավիճակով վերադառնալը, այլ ընդհանրապես որևէ բարձր պաշտոնի նրանց նշանակումը կամ ընտրվելը: Այս քաղաքական կանխատեսումն իրագործելու համար փորձագետներին ներկայացվել է ձևաթուղթ հետևյալ անուններով.

  • ՀՀ նախկին փոխվարչապետ` Արմեն Գևորգյան
  • ՀՀ ԿԳ նախկին նախարար` Արմեն Աշոտյան
  • ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար` Կարեն Ճշմարիտյան
  • Շիրակի նախկին մարզպետ` Ֆելիքս Ցոլակյան
  • ՀՀ արդարադատության նախկին նախարար` Հովհաննես Մանուկյան
  • Արագածոտնի նախկին մարզպետ` Սարգիս Սահակյան
  • ՀՀ նախկին օմբուդսմեն` Կարեն Անդրեասյան

Այս ցանկը կազմվել է հաշվի առնելով մամուլում նրանց "comeback"-ի հնարավորության վերաբերյալ առկա քննարկումները, վերլուծականներում՝ ակնարկները: Փորձագետները վերոնշյալ նախկին պաշտոնյաների "comeback"-ը գնահատել են պարզ տոկոսային սանդղակով՝ 0-100%-ով:

Եվ այսպես, ըստ ստացված միջինացված տվյալների՝ մեկ տարվա կտրվածքով առավել բարձր են գնահատվում Արմեն Աշոտյանի և Արմեն Գևորգյանի քաղաքական "comeback"-ի հնարավորությունները (տես. գրաֆիկ): Այս պատկերը սկզբունքորեն սպասելի էր: Միանշանակ է, որ երկու անվանակից նախկին պաշտոնյաներն ունեն վերադարձի ամենամեծ հնարավորությունները: Եթե Աշոտյանի պարագայում՝ վերադարձի կոնկրետ ժամկետներ նշվում է 2017թ. ԱԺ ընտրությունները, ապա Գևորգյանի դեպքում գոնե վերջին շրջանում մամուլում ինտենսիվացել են ակնարկները, որ այդ վերադարձը՝ փոխվարչապետի կարգավիճակով սպասվում է շատ ավելի շուտ: Այն որ րկուսն էլ իրենց որակներով հիմնականում համապատասխանում են նոր սահմանադրական իրողության պայմաններում պետական կառավարմանը ներկայացված բարձր պահանջներին, կարծես թե, պարզ է: Բոլորովին այլ հարց է, որ նրանք այդ ենթադրվող "comeback"-ը դեռ պետք է "նվաճեն", ինչի մասին նաև ակնարկել է ՀՀ նախագահը իր վերջին համապարփակ ելույթում: Այս առումով Արմեն Աշոտյանի ակտիվ կուսակցական գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ Արմեն Գևորգյանի ներկայում ԱՄՆ-ում կառավարման գիտելիքները ու հմտությունները հարստացնելու որոշումները, միանգամայն տեղավորվում է "comeback"-ի տրամաբանության մեջ:

Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի քաղաքական "comeback"-ի հնարավորությունները նույնպես ցածր չեն (միջինացված կազմում է 61%): Արդեն մամուլում շրջանառվում են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի թափուր մնացած տեղում նրա նշանակվելու հնարավորության մասին լուրերը: Թե որքանով են դրանք իրատեսական, պարզ կլինի արդեն մոտակա օրերին: Իսկ եթե որևէ կարգավիճակով նրա նշանակման հարցը փոքր ինչ ձգձգվեց, ապա մեծ է հավանականությունը, որ փորձառու պետական գործիչն ուղղակի առանց պաշտոնի մնա կամ լավագույն դեպքում համալրի Նախագահի խորհրդականների շարքը:
ՀՀ նախկին օմբուդսմենի "խաղից դուրս գալուց" հետո հրապարակումներ եղան, որ այսպիսով հող է նախապատրաստվում նրա՝ այլ կարգավիճակով հանրությանը ներկայանալու համար: Որոշ փորձագետներ հատուկ ընդգծեցին, որ չպետք է բացառել Անդրեասյանի լուրջ դերակատարումը սպասվելիք ԱԺ ընտրություններում: Նշվում է, որ նա որևե ընդդիմադիր քաղաքական ուժի թիմում կարող է հանդես գալ՝ որպես առանցքային թեկնածու: Սրա հավանականությունը ինչպես ասում են՝ 50/50 է: Մի կողմից նրա հեռանալը կարծես այդպիսի հնարավորություն ընձեռում է, բայց մյուս կողմից այնքան էլ տեսանելի չէ այն ուժը, որի հետ կփորձի համագործակցել նախկին Օմբուդսմենը:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն անհամեմատ ցածր են գնահատել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և ՀՀ էկոնամիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի վերադարձի հնարավորությունները:

Բնականաբար, այս կանխատեսումներն որքան էլ որ հիմնված լինեն որոշակի օբյեկտիվ գործոնների վրա, միևնույն է չեն կարող մեծ ճշգրտությամբ իրականանալ: Այս առումով ուշագրավ են դաշնակցական նախարարների նշանակումները՝ Լևոն Մկրտչյանը փաստացի չորրորդ անգամ է վերադարձել Կառավարություն, իսկ Դավիթ Լոքյանը՝ երկրորդ: Դեռևս մեկ տարի առաջ եթե շատերը կանխատեսում էին ՀՅԴ-ի վերադարձը իշխանության տիրույթ, ապա դժվար թե կարողանային նախանշել, որ որևէ մեկը կարող է չորրորդ անգամ վերադառնալ պետական կառավարման համակարգ, այն էլ նույն պաշտոնին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:03 Մարտ 04, 2016

Ամենաընթերցված նյութեր