Արտաքին քաղաքականությունը՝ ըստ երևանցի հարցվողների գնահատականների

Արտաքին և ներքին քաղաքականությունների առնչությամբ մեր երկրում ձևավորված հասարակական կարծիքը, գրեթե, միշտ "նախապատվություն" տվել է առաջինին: Մեր քաղաքացիների գնահատականների հիմքում եղել է այն համոզմունքը, որ այդ քաղաքականություններն իրականացնող իշխանությունները որոշակի ձեռքբերումներ ունեն արտաքին քաղաքականության բնագավառում, իսկ ներքաղաքական հարցերում ավելի շատ խնդիրներ կան, քան իրական հաջողություններ: Այս մոտեցումը, ինքնին հիմված չէ բացառապես սուբյեկտիվ նկատառումների վրա: Բնականաբար, կան նաև որոշակի օբյեկտիվ գործոններ: Ինչպես գիտենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա խորսխված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր նորանկախ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մեր համազգային գերնպատակներն են, և մեր պետության արտաքին քաղաքականությունն իրականացնող ինստիտուտներն իրենց գործունեության շրջանակներում նախևառաջ առաջնորդվել/առաջնորդվում են դրանցով: Եվ բնական է, որ դրանց ուղղությամբ ցանկացած նպատակային գործունեություն միանշանակ բարձր գնահատականի է արժանանալու հանրության կողմից: Այս տեսանկյունից բացառություն չկազմեց նաև 2015-ը: Հարկ է նշել, որ նախորդ տարին մի կարևոր առանձնահատկություն ուներ, և անցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծ խորհրդի ներքո: Ամբողջ տարվա ընթացքում իրականացրած բազմաբնույթ և լայնածավալ միջոցառումները բոլորովին նոր հարթություն տեղափոխեցին Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Այն տարբեր երկրների քաղաքական ներակայացուցչական մարմինների օրակարգային քննարկումների տիրույթում էր և միջազգային հեղինակավոր մամուլի էջերում. իսկ 100-րդ տարելիցին նվիրված ու Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանն ուղղված Հռոմի Պապի մատուցած Սուրբ պատարագը և այդ ընթացքում Հայոց Ցեղասպանության եզրի օգտագործումը իսկական շոկ առաջացրեց Թուրքիայում: Առհասարակ, այդ օրերին այս երկրի իշխանությունները չէին հասցնում արձագանքել տարբեր տեղերից եկող ծանրագույն հարվածներին: Մեծ հաշվով, չօգնեց նաև հորինված, պատմական բոլոր փաստերը խեղաթյուրելու գնով ասպարեզ բերած, այսպես կոչված, Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցի մոտիվներով տեղեկատվական առիթը: Այն ակհնայտորեն մնաց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ստվերում, ինչը փաստեցին նաև հեղինակավոր թուրքական պարբերականները: Իսկ այդ օրերին տարբեր երկրներից դեսպաններին հետ կանչելը և կառավարություններին դիվանագիտական նոտաներ հղելը, ու որ առավել զավեշտային էր՝ նրանց "հաթաթաներ" տալը Դավութօղլիի կառավարության արտաքին գերատեսչության հիմնական զբաղմունքն էր դարձել:

Նախորդ տարեվերջին ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խումբը Երևանում անցկացրած զանգվածային հարցման միջոցով փորձեց պարզել նաև, թե ինչպես են մեր համաքաղաքացիները գնահատում 2015-ին արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված արդյունքները: Գնահատման համար հարցվողներին ներկայացվել էր 1-5 բալանոց պարզ սանդղակ, որտեղ 1-ը՝ նվազագույն ցուցիչն էր, իսկ, 5-ը՝ առավելագույն:

Գրաֆիկ. 

Այսպիսով, հարցվողների հանրագումարային մոտ 25%-ը նվազագույն "1" և "2" է գնահատել 2015-ին արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված արդյունքները: Առաջին հայացքից դժվար է միանշանակ պնդել, որ ստացված տվյալները խնդրահարույց են: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հասարակության մի ստվար հատված, ըստ էության, դժգոհ է ամեն ինչից, ապա ցածր գնահատականներ տված հարցվողների թիվը, պետք է որ այնքան էլ մեծ չթվա, սակայն, այնուամենայնիվ, չպետք է բացառել, որ նրանց մեջ քիչ չեն նաև օբյեկտիվ գնահատականներ տվողները:

"3" կամ բավարար գնահատողների խումբը, ըստ էության, ամենամեծն է: Հարցվողների 34%-ն է նման գնահատական տվել: Ինչ խոսք, այս պատկերը վկայում է որոշակի կայունություն մասին: Փաստորեն, հարցվողների 1/3-ը, սկզբունքորեն, բավարարված է այն ամենից, ինչն առկա է այս ոլորտում, բայց միաժամանակ որոշ վերապահումներ ունի՝ առավել բարձր գնահատականներ տալու առումով:
Առավել բարձր՝ "4" և "5" գնահատականները հանրագումարային ներկայացրել են հարցվողների մոտ 29%-ը:
Այսպիսին էր հարցվողների գնահատականների ընդհանուր պատկերը: Այն, անշուշտ, արտաքին քաղաքականության ոլորտի ամբողջական գնահատականը չէ, քանի որ հիմնված չէ համապետական հարցման տվյալների վրա: Բացի այդ ներկայացված պատկերը ընդհանրական է և մասնավոր հետևությունների առումով՝ ոչ այնքան կիրառելի: Բայց սրանով հանդերձ այն արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ մեր համաքաղաքացիների վերաբերմունքի առումով որոշակի տենդենցներ, այդուհանդերձ, վերհանում է: ԲԱՐՈՄԵՏՐՆ այս տարվա ընթացքում կանդրադառնա ոլորտին առնչվող տարաբնույթ հիմնահարցերին և դրանց վերաբերյալ հասարակական կարծիքին:


ԲԱՐՈՄԵՏՐ

19:10 Մարտ 02, 2016

Ամենաընթերցված նյութեր