2015-ի ամփոփում. առողջապահության ոլորտը՝ ըստ երևանցիների

Սովորաբար առողջապահության ոլորտի վերաբերյալ մեր քաղաքացիների վերաբերմունքն արտահայտվում է առավելապես օբյեկտիվ գնահատականներով: Այս իրողությունն ունի շատ պարզ բացատրություն. մարդիկ առավել հաճախ են շփվում բժշկական (առողջապահական) տարբեր հաստատությունների հետ և շատ դեպքերում իրենց տեսածով են կարողանում կարծիք կազմել: Հատկանշական է, որ այդ կարծիքները շատ դեպքերում դրական չեն և հետևաբար նաև գնահատականներն էլ՝ ցածր: Ինչ խոսք, մարդիկ օբյեկտիվ հիմքեր ունեն դժգոհելու և ոլորտի պատասխանատուները նույնպես բարձրաձայնում են առկա խնդիրների մասին: Այս առումով, կարծես, եթե ոչ լիակատար, ապա գոնե որոշակի փոխըմբռնում կա նրանց և հասարակության միջև: Թերևս, նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հանրային ընկալման մեջ, թեկուզ, փոքր, սակայն նշմարելի դրական դինամիկա առողջապահության ոլորտի նկատմամբ ընկալումներում, այնուամենայնիվ, առկա է: Այս մասին ԲԱՐՈՄԵՏՐԸ ակնարկել է նաև նախորդ հրապարակումներից մեկում: Եթե այս ամենին ավելացնենք նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ տարեվերջյան ամփոփիչ հարցումներով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի "Տարվա նախարարների" ցանկում պատվավոր երրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը, ապա վերոնշյալ դիտարկումն առավել հիմնավոր կներկայանա:

Իսկ տվյալ հարցման շրջանակներում առողջապահության ոլորտին երևանցիների տված գնահատականները (1-5 բալանոց համակարգով, որտեղ 1-ը՝ նվազագույն, իսկ 5-ը՝ առավելագույն ցուցիչ) բաշխվել են հետևյալ կերպ: "1" և "2" գնահատականները հանրագումարում կազմել են մոտ 34%, որը ընդհանուր ընտրանքի մեկ/երրորդն է: Իրականում այս ցուցանիշը շարունակում է "կարմիր" հատվածում մնալ, ինչը, բնականաբար, վկայում է հանրային ընկալման մեջ ոլորտի նկատմամբ պահպանվող որոշակի բացասական վերաբերմունքի մասին: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մեկ երկու տարվա մեջ սկզբունքորեն անհնարին էր երկար ժամանակահատվածում, դեռևս խորհրդային իներցիայով պահպանվող խնդիրներն արմատապես լուծել: Եվ բնական է, որ հասարակական կարծիքը չէր կարող դրանք շրջանցել:

Հատկանշական է, որ հարցվողների տված պատասխանները "բյուրեղանում" են "3" գնահատականի շուրջ, ինչը վկայում է այն մասին, որ նրանց մի ստվար հատվածի մոտ էլ որոշակի գոհունակության տրամադրություններ, այնուամենայնիվ, նշվարվում են: Սա հատկապես կարևորվում է այն տեսանկյունից, որ ոչ հեռու անցյալում նկատվում էր ընդգծված բացասական վերաբերմունք: Եթե այս տենդենցը շարունակվի, ապա մեկ-երկու տարի հետո հնարավոր կլինի խոսել ոլորտի հանդեպ հանրային վստահության առավել բարձր մակարդակի մասին: Իսկ ներկա պահին նաև այդ վստահությունը փաստող "4" և "5" գնահատականները՝ հանրագումարում կազմում են մոտ 22%:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Փետրվար 19, 2016

Ամենաընթերցված նյութեր