2015թ. ամփոփում. Բնապահպանության ոլորտը` ըստ երևանցիների գնահատականների

 Բնապահպանության ոլորտը նախորդ տարի՝ 2014թ.-ի համեմատությամբ ավելի քիչ հայտնվեց մեդիա-տիրույթում, հետևաբար նաև հանրության ուշադրության կենտրոնում: 2014-ին բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական ակտիվիստներն անհամեմատ ավելի ակտիվ էին արձագանքում ոլորտում առկա տարաբնույթ խնդիրներին: Նախորդ տարի "տագնապի շեփորները" նրանց կողմից անհամեմատ քիչ էին հնչում: Ինչ խոսք, սա ամենևին չի նշանակում, որ 2015-ին մեր երկրում լուծվեցին բնապահպանական բոլոր հրատապ խնդիրները: Դրանք, բնականաբար, կային նաև անցյալ տարի, պարզապես ընտրվել էր խնդիրներն առանց մեծ աղմուկի լուծելու տարբերակը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն իրերի նման կարգը բացատրեցին երկու հիմնական գործոնով` նոր նախարարի պաշտոնավարմամբ (1) և ամբողջ տարվա ընթացքում առավել հրատապ սոցիալական խնդիրների առկայությամբ (2): Հարկ է նշել, ո նոր նախարարի պաշտոնավարումը՝ Բնապահպանության նախարարություն և ՀԿ հարաբերություններում առկա լարվածությունը որոշակիորեն թուլացրեց: Գաղտնիք չէ, որ նախկին նախարարի ու ՀԿ-ների "ջրերը մի առվով չէին գնում" և դրանով պայմանավորված հաճախ կարելի էր ականատես լինել տարաբնույթ կոնֆլիկտային, իսկ որոշ դեպքերում անգամ զավեշտային իրավիճակների: Ինչ վերաբերում է  երկրորդ գործոնին, ապա ակնհայտ էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված ակցիաներն ամբողջությամբ "երկրորդ պլան" էին մղել մյուս խնդիրները:

Բնականաբար, այս գործոնները որոշակիորեն անդրադարձան նաև երևանցիների գնահատականների վրա: ԲԱՐՈՄԵՏՐԻ տարեվերջյան ամփոփիչ զանգվածային հարցման շրջանակներում հարցվողների հանրագումարային մոտ 38%-ը "1" և "2" է գնահատել բնապահպանության ոլորտում նախորդ տարվա գործունեությունը: Մոտ 31% է կազմում "3"-ը կամ բավարարը` ռեսպոնդենտների գնահատականներում, ինչը վկայում է այն մասին, որ ոլորտի վիճակի վերաբերյալ հանրային ընկալումներում ավելի շուտ փոքր դրական դինամիկա է ուրվագծվում, քան բացասական վերաբերմունք:

Ինչ վերաբերում է առավել բարձր "4" և "5" գնահատականներին, ապա դրանց հանրագումարային ցուցանիշը կազմել է մոտ 27%: Հատկապես մեծ է "4"-ի տեսակարար կշիռը:

Ինչ խոսք, վերոնշյալ գնահատականների պատկերը խորությամբ չի արտացոլում ոլորտում առկա վիճակը: Բնապահպանական խնդիրները պահպանում են իրենց հրատապությունը և դրանց լուծումը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս խնդիրներն իրենց հերթին սերտորեն առնչվում են մարդկանց առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման հետ: Դեռևս խիստ մտահոգիչ են կանաչ տարածքների և անտառային ծածկույթների խնդիրները, թունավոր գազերից զերծ մթնոլորտը նույնպես առաջնային լուծում պահանջող հարցերի հարթության վրա է: Իսկ եթե դրանց ավելացնենք հանքարդյունաբերական գիգանտների գործունեության հետևանքով առաջացած խնդիրները, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Մի խոսքով որորտի պատասխանատու՝ բնապահպանության նախարարության անելիքները շատ են և պետք է հուսալ, որ տարեցտարի գրանցված արդյունքներն ավելի շոշափելի կլինեն

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:01 Փետրվար 16, 2016

Ամենաընթերցված նյութեր