Սահմանադրական հանրաքվեն և կուսակցությունների նկատմամբ վստահությունը

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմի՝ տարեվերջին Երևանում անցկացրած ամփոփիչ զանգվածային հարցման շրջանակներում, ընդգրկվել էր նաև քաղաքական կուսակցությունների վստահության հարցը: Այն հատկապես հետաքրքրական էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում՝ հիմնական քաղաքական ուժերի դիքավորմամբ պայամանավորված ընտրազանգվածի վարքագծում արձանագրված փոփոխությունների տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացներում կտրուկ փոխվում են մարդկանց քաղաքական նախապատվությունները: Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացի ֆավորիտները այդ ընթացքում շահեկանորեն ավելի լավ վիճակում են, քան, այսպես կոչված,  "ոչ էլեկտորալ" ժամանակահատվածում: Այս առումով բացառություն չէին նախորդ տարեվերջին արձանագրված տվյալները: Ըստ դրանց ՀՀԿ-ին վստահության "քվե" տվել են հարցվողների մոտ 15%-ը:  Հատկանշական է, որ այս ցուցանիշը մոտ երկու անգամ գերազանցում է հունիսին արձանագրված ՀՀԿ վստահության վարկանիշը:  ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները նման կտրուկ աճը հակված են մեկնաբանել բացառապես Հանրաքվեի նախընտրական շրջանի առանձնահատկություններով. այս քաղաքական ուժը մոբիլիզացրել էր իր նշանակալի ռեսուրսները՝ դրանք նպատակաուղղելով  "ձայներ բերելու" գործին: Իսկ տվյալ շրջանում բազմաթիվ չկողմնորոշված և կուսակցությունների հանդեպ ակնհայտ անվստահություն դրսևորող ընտրողների որոշակի հատվածը, որպես կանոն, "մոտիվացվում" է առավել շահագրգիռ և "ուժ ցուցադրող" ուժերի կողմ: Այս առումով հատկանշական է 2015թ. հունիսի տվյալների հետ համեմատությունը. Եթե այդ շրջանում  քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահություն էին դրսևորում հարցվողների մոտ երեք/չորրորդը, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է կեսից մի փոքր ավելի (տես. այստեղ.):

Գրաֆիկ. Քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը ըստ երևանաբնակ հարցվողների (2015թ. նոյեմբեր)

Առավելապես հենց այդ տրամաբանության մեջ պետք դիտարկել ՀՅԴ-ի վստահության վարկանիշի շեշտակի աճը: Այս կուսակցությանը վստահում են հարցվողների մոտ 8%-ը: Գրեթե նույն հարթության վրա է ԲՀԿ-ի ցուցանիշը, սակայն այս դեպքը մի փոքր դուրս է գործող տրամաբանությունից: ԲԱՐՈՄԵՏՐԸ հաճախ անդրադարձել է ԲՀԿ-ին առնչվող խնդիրներին: Բանն այն է, որ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանով և առանց նրա, ըստ էության, իրարից խիստ տարբերվող քաղաքական միավորներ են: Այն իմիջային կորուստը, որն այս կուսակցությունը արձանագրել է անցյալ տարվա մարտից սկսած՝ շարունակվում է նաև այսօր: Եվ ԲՀԿ-ի ներկա քաղաքական լիդերների հիմնական խնդիրը վարկանիշային անկումն օր առաջ կասեցնելն է, որն իրականում այնքան էլ դյուրին գործ չէ:
Սահմանադարական փոփոխություններին "ոչ" ասած քաղաքական ուժերից ՀԱԿ-ի և Ժառանգության վստահության վարկանիշներում էական փոփոխություններ չեն գրանցվել:

Ինչ վերբերում է մեծ հավակնություններով քաղաքական ասպարեզ մտած նորաստեղծ կուսակցություններին (Քաղաքացիական պայմանագիր, Ալյանս, Լուսավոր Հայաստան), ապա նրանք դեռևս ընտրողներին բավականաչափ ծանոթ չեն: Այդ քաղաքական ուժերը նաև որևէ կերպ մասնակցություն չունեցան սահմանադրական փոփոխությունների քարոզչության գործընթացում։ Հենց այս հանգամանքներով է պայմանավորված, որ հարցվողները դեռևս շատ քիչ են այդ քաղաքական միավորներին նշել՝ իրենց կողմից վստահություն վայելող կուսակցությունների շարքում:

Հ.Գ. ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակվող վերլուծական տեղեկանքի մեջ քաղաքական կուսաակցությունների նկատմամբ հարցվողների վստահության ցուցանիշները նույնական չեն նրանց էլեկտորալ վարկանիշների հետ: Այսինքն` այդ տվյալներով չի կարելի դատել, որ այս կամ այն քաղաքական միավորին կողմ կքվեարկեն այս կամ այն թվով ընտրողներ: Սովորաբար քաղաքական կուասակցությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը հետազոտական կենտրոնները որոշում են միջընտրական ժամանակահատվածում` քաղաքական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:33 Փետրվար 11, 2016

Ամենաընթերցված նյութեր