2015-ի ամփոփում. երևանցիները գնահատում են ոստիկանության գործունեությունը

ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը նախորդ տարեվերջին Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտություններով, ըստ էության, ամփոփեց տարին: Ավանդական ամփոփիչ հարցումն առնչվում էր նաև տարբեր ոլորտների և կառույցների գործունեության վերաբերյալ հարցվողների գնահատականներին: Նրանք 1-5 բալանոց համակարգով, որտեղ 1-ը` նվազագույն, իսկ 5-ը` առավելագույն, գնահատել են նախորդ տարի հանրության ուշադրության կենտրոնում եղած պետական կառույցների գործունեությունը և մի շարք ոլորտներում արձանագրված արդյունքները: Այսպես, ստորև ներկայացնում ենք Ոստիկանության գործունեության գնահատականները` ըստ երևանցի հարցվողների:

Հարկ է նշել, որ նախորդ տարին հատկապես լարված ստացվեց Ոստիկանության գործունեության առումով: Միայն Բաղրամյան պողոտայում հայտնի իրադարձությունները բավական էին այդ կառույցի գործունեության վերաբերյալ առարկայական պատկերացում կազմելու համար: Հատկանշական է, որ այդ օրերին այդքան էլ միանշանակ չէին ոստիկանության գործողություններին տրվող գնահատականները: Մի կողմից հնչում էին քննադատական, երբեմն դատապարտող կարծիքներ` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու նպատակով կիրառված ջրցան մեքենանների պատճառով, իսկ մյուս կողմից էլ քիչ չէին մարդիկ, ովքեր առանձնապես շեշտում էին ոստիկանության պրոֆեսիոնալիզմը` հավասարակշռված մոտեցումները, ակտիվիստների հետ համաձայնեցված աշխատանքը, տարաբնույթ պրովոկացիաներին չենթարվելը և, առհասարակ, հասարակական կարգը պատշաճ պահպանումը:

Ոստիկանության պրոֆեսիոնալիզմի առարկայական դրսևորումներից էր նաև նախորդ տարեվերջին ԱԱԾ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ծանրագույն հանցագործություններ պլանավորած հանցավոր խմբի վնասազերծումը:

Անդրադառնալով կոնկրետ գնահատականներին, հարկ է նշել, որ դրանց հանրագումարային միջինը կազմում է 3.04: Այս ցուցանիշը 0.54-ով բարձր է միջին գնահատականից, ինչը փաստում է հանրային գոհունակության "medium +" մակարդակի մասին: Հատկանշական է, որ երևանցիների առավել գերակշռող կամ շատ հանդիպող գնահատականը 4-ն է, որը կազմում է մոտ 26%, իսկ առավել քիչ հանդիպողը 2-ն է, մոտ 12%: Սա, անշուշտ վկայում է, կայուն դրական միտումների մասին:

Ընդհանրապես, "medium +"-ն առավել բնորոշ է այն երկրներին կամ մեծ քաղաքներին, որոնց բնակիչներն էական խնդիրներ չունեն ներքին անվտանգության և պաշտպանվածության առումով: Կախված այն հանգամանքից, թե առաջիկա տարիներին որքանով կպահպանվեն այս տենդենցները, հնարավոր կլինի խոսել նաև հանրային վստահության կայուն բարձր ինդեքսի մասին, որի պարագայում կարող են կոտրվել ոստիկանության գործունեության առումով հասարակության մեջ ձևավորված և հիմնականում իներցիայի ուժով պահպանվող որոշ բացասական կարծրատիպեր:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:00 Փետրվար 04, 2016

Ամենաընթերցված նյութեր