Բանակը` ըստ երևանցի հարցվողների գնահատականների

ԲԱՐՈՄԵՏՐՆ իր հետազոտավերլուծական գործունեության շրջանակներում հաճախ է անդրադարձել բանակին: Հատկանշական է, որ նախորդ տարի Երևանում անցկացրած բոլոր զանգվածային հարցումները բացառապես վկայել են բանակի նկատմամբ հասարակության շրջանում առկա բարձր վստահության և աջակցության մասին: Տարեվերջյան ամփոփիչ հետազոտությամբ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը կրկին անդրադարձավ ազգային բանակին` այս անգամ երևանցիներին առաջարկելով կոնկրետ գնահատականներով արտահայտել իրենց վերաբերմունքը: Եվ այսպես` "1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նվազագույն գնահատական, իսկ 5-ը` առավելագույն, ինչպես կգնահատեք մեր բանակի գործունեությունը անցնող տարի" հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ: "4" և "5" գնահատականների հանրագումարային ցուցանիշը կազմել է մոտ 69% (տես. գրաֆիկ), ինչը վկայում է հարցվողների եթե ոչ անվերապահ, ապա խիստ ծանրակշիռ աջակցության մասին: Իրականում այս գնահատականի հիմքում ոչ այնքան բանակի նկատմամբ հանրության իներցիոն դրական վերաբերմունքն է: Կարևոր նշանակություն ունեցավ նաև այն, որ նոր մարտահրավերներին փայլուն դիմագրավեցին մեր զինված ուժերը: Նախորդ տարի հակառակորդը կտրուկ փոխել էր իր մարտավարությունը` օգտագործելով ծանր զինտեխնիկա և տանկեր: Սա աննախադեպ էր 1994թ. կնքված զինադադարից հետո: Իսկ եթե հաշվի առնենք մեր դիրքերի վրա պերմանենտ դարձաց դիվերսիոն հարձակումները և խաղաղ բնակիչներին ականակոծման դեպքերը, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Բարեբախտաբար, մեր բանակը կարողացավ լռեցնել սանձարձակ հակառակորդին` նրան պատճառելով նյութական, բարոյական և մարդկային ահռելի կորուստներ: Մերոնք թշնամուն կրկին խաղաղություն պարտադրեցին… Ցավոք, ադրբեջանական զինուժի նենգ գործողություններին զոհ գնացին ոչ միայն մեր տասյակ քաջարի զինծառայողներ, այլ նաև քաղաքացիական անձիք: Այս ամենը մեր հանրության աչքի առաջ էր, և շատերի կարծիքով պատերազմը նախորդ քսանից ավելի տարիների ընթացքում այդքան մոտ չէր եղել, որքան անցած տարվա ընթացքում:

"3" կամ բավարար են գնահատել հարցվողների մոտ 15%-ը: Այս խումբը հնարավոր է ավելի մեծ ակնկալիքներ ունի բանակից և իր գնահատականի ձևավորման հիմքում մի կողմից դրել է ընդհանուր բարձր վստահությունը, իսկ մյուս կողմից որոշ խնդիրներ, որոնց մասին պարբերաբար խոսում է նաև բանակի ղեկավարությունը:
Մոտ 13% է կազմում հարցվողների "1" և "2" նվազագույն գնահատականների հանրագումարային ցուցանիշը, ինչը ճիշտ է համեմատելի չէ բարձր գնահատականների հետ, սակայն ոչ բոլորովին` անխնդրահարույց: Ինչ խոսք, 100%-ոց վստահություն կամ 3-5 գնահատականներ, սկզբունքնորեն, հնարավոր չէր ակնկալել, սակայն հարցվողների տվյալ խմբի իրական դրդապատճառները հասկանալը, թերևս, կարևոր է:

Այս նյութը ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը որոշեց հրապարակել հենց այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձի օրը: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ, ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:33 Հունվար 28, 2016

Ամենաընթերցված նյութեր