2015-ի ամփոփում. գյուղոլորտը գնահատում են երևանացիները

Թեպետ, ԱՎԾ-ն դեռ չի ամփոփել նախորդ տարում հայրենի տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված ցուցանիշները, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին բարձր տնտեսական աճ: Տարբեր գնահատականներով այն կարող է ընդհուպ մոտենալ 14 տոկոսի սահմագծին: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր տնտեսական աճը կարող է լինել 2-3 տոկոսի հատվածում, ապա պարզ է, որ դրանում չափազանց բարձր է լինելու գյուղոլորտի աճի տեսակարար կշիռը: Ինչ խոսք, այդ շեշտակի բեկումը հնարավոր է եղավ ապահովել նախևառաջ աննախադեպ բարձր բերքատվության շնորհիվ: Սակայն մեծ քանակի բերքուբարիքը, ինքնին, չէր կարող նախանշված արդյունքներն ապահովել, եթե օպերատիվորեն չլուծվեին դրա սպառման հետ կապված խնդիրները: Հարկ է նշել, որ այս առումով գյուղնախարարության գործունեությունը հիմնականում արգասաբեր էր: Ճիշտ է, հատկապես խաղողի մթերման հետ կապված էական դժվարություններ առաջացան, սակայն, մեծ հաշվով, ոլորտի պատասխանատուներին հաջողվեց առավել քիչ կորուստներով դրանք հաղթահարել

ԲԱՐՈՄԵՏՐԸ նախորդ տարեվերջին Երևանում անցկացրած իր ամփոփիչ զանգվածային հարցման շրջանակներում անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների գնահատականներին: Ներկայացված հարցաշարում ռեսպոնդենտները 1-5 բալանոց համակարգով, որտեղ 1-ը նվազագույն, իսկ 5-ը` առավելագույն նիշ, գնահատել են գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա ցուցանիշները:

Ըստ ստացված տվյալների հարցվողների հանրագումարային մոտ 30%-ը առավել բարձր "4" և "5" է գնահատել: Եթե հաշվի առնենք, որ մոտ 27%-ն էլ բավարարի է արժանացրել գյուղոլորտում արձանագրված արդյուքները, ապա կարելի է փաստել, որ, ընդհանուր առմամբ, գործ ունենք լավ գնահատականի հետ:
Անշուշտ, համապետական հարցումներն այս ոլորտում գնահատականի առումով, հնարավոր է մի փոքր այլ պատկեր արձանագրեին: Պարզ է, գյուղական համայնքներում անմիջականորեն բերք ու բարիք ստեղծող մարդկանց գնահատականները, գուցե, ավելի հստակ ու ճշմարտանման լինեին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք էլ իրենց վերաբերմունքն արտահայտելու են համեմատության մեջ, ապա պետք է ակնկալել, որ ընդհանուր ցուցանիշն վերոնշյալ տվյալներից ավելի շուտ բարձր կլիներ: Բայց մյուս կողմից էլ երևանցիների գնահատականներն, ըստ էության, ավելի օբյեկտիվ են, քանի որ դրանք ավելի քիչ են հիմնված սուբյեկտիվ գործոնների վրա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Հունվար 20, 2016

Ամենաընթերցված նյութեր