2015թ. տարվա նախարարը

ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է ամփոփել տարվա արդյունքները: Այս անգամ ներկայացնում ենք ընթացիկ տարվա լավագույն նախարարին կամ կառավարության անդամին/ներին, ում մեր հետազոտավերլուծական թիմն որոշել է Երևանում անցկացրած զանգվածային հարցման միջոցով: Եվ այսպես "2015թ. արդյունքներով, ո՞ր նախարարի գործունեությունից առավել գոհ" հարցին ռեսպոնդենտների մոտ 40%-ը կոնկրետ նախարարի անուն մատնանշող պատասխան չի տվել: Համեմատության համար նշենք, որ ԱԺ պատգամավորների պարագայում այդ ցուցանիշը մոտ 54% էր: Սա, անշուշտ, բոլորովին չի նշանակում, որ երևանցիները նախարարների կամ Կառավարության գործունեությունից ավելի գոհ են, քան պատգամավորների կամ Ազգային Ժողովի աշխատանքներից: Տվյալ դեպքում նախարարների "հաշվեկշռում" պատկառելի դիվիդենտներ ապահովել է մեկ նախարար: Հարցվողների մոտ 29%-ը տվել Սեյրան Օհանյանի անունը` որպես տարվա նախարար (տես. գրաֆիկ): Իրականում նման ցուցանիշը վկայում է պաշտպանության նախարարի նկատմամբ հանրային բարձր վստահության մասին: Իսկ անցնող տարին Սեյրան Օհանյանի և պաշտպանության գերատեսչության համար չափազանց ծանր ու բարդ ստացվեց: Հակառակորդն ավելի սանձարձակ ու անկառավարելի էր դարձել, և ամբողջ տարվա ընթացքում դիմում էր/է զանազան նենգ քայլերի: Նախորդ` քսանից ավելի տարիների ընթացքում իրավիճակն այնքան մոտ չէր  պատերազմականին, որքան այս տարի: Հակառակորդն առաջնագծում օգտագործեց ծանր ռազմատեխնիկա, անգամ տանկեր, հաուբից և այլն: Ցավոք, նրա դավադիր հարվածներին զոհ գնացին մեր տասնյակ հայորդիներ, և որ աննախադեպ էր` նաև քաղաքացիական անձիք: Եվ այս պայմաններում ամեն ինչ պետք է արվեր լկտիացած և մինչև ատամները ծայրաստիճան զինված թշնամուն իր տեղը դնելու և նրա արկածախնդրությունը օր առաջ կանխելու ուղղությամբ: Հիրավի, ծանր առաքելություն, որը հնարավոր եղավ իրականացնել հմուտ ղեկավարման և, անշուշտ, առաջնագծում կանգնած մեր զինվորների բացառիկ արիության և հերոսական ջանքերի շնորհիվ:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին տարվա նախարար են համարել հարցվողների մոտ 9%-ը: Ընթացիկ տարում Արմեն Երիցյանի կարևորագույն խնդիրներից մեկը երկու գերատեսչությունների` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, անխափան միավորումն ու բնականոն գործունեությունն ապահովելն էր, որը դատելով արդյունքներից բարեհաջող է ստացվել:

Դե իսկ շատերի կարծիքով տարվա հայտնությունը նախարարական կորպուսը նոր համալրած Արմեն Մուրադյանն էր: Թեպետ, երևանցի հարցվողների մոտ 6%-ն է նրան համարել տարվա նախարար, սակայն շատերն այն համոզմունքին են, որ կարճ ժամանակահատվածում Մուրադյանին հաջողվել է որոշակի նվաճումներ արձանագրել մշտապես խնդրահարույց` առողջապահության ոլորտում:

Մյուս նախարարների ցուցանիշները 5%-ի "արգելքը" չեն հաղթահարել: Եթե հարցումն անցկացվեր ամբողջ հանրապետության տարածքում, մեծ հավանականությամբ, ավելի բարձր կլիներ գյուղնախարարի արդյունքը: Ասվածի լավագույն վկայությունը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առավել բարձր աճի ցուցանիշներն են:

Ինչևէ, սա այն պատկերն էր, որը ստացվել էր երևանցի ռեսպոնդենտների շրջանում անցկացված զանգվածային հարցումների արդյունքում: ԲԱՐՈՄԵՏՐՆ արդեն տարեսկզբին իր վերլուծական տեղեկանք-նյութերում կանդրադառնա կոնկրետ ոլորտներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Դեկտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր