2015թ. լավագույն պատգամավորները

2015թ. քաղաքական տարին, նույնպես կարելի է ավարտված համարել: Տարվա քաղաքական օրակարգն, այլևս, սպառված է: Սա, բնականաբար, նշանակում է, որ պատեհ ժամանակն է որոշ արդյունքներ ամփոփելու և տարվա ընթացքում առավել աչքի ընկած քաղաքական գործիչներին ներկայացնելու առումով: Ինչպես միշտ չխախտելով իր որդեգրած սկզբունքները ԲԱՐՈՄԵՏՐՆ լավագույններին որոշելու հարցում նորից դիմեց հուսալի և արժանահավատ միջոցին` զանգվածային հարցմանը: Տարեկան ամփոփիչ հարցաշարում ընդգրկվել էր "ԱԺ պատգամավորներից ո՞ւմ գործունեությունն եք 2015թ. համարում առավել արդյունավետ" հարցը, կամ այլ կերպ երևանցիները ո՞ւմ են համարում ընթացիկ տարվա թիվ 1 պատգամավորը: Քանի որ հարցումն իրականացվել է միայն Երևանում, հետևաբար դրա արդյունքները ներկայացուցչական են բացառապես մայրաքաղաքի շրջանակներում:

Հատկանշական է, որ հարցվողների մոտ 54%-ը չի նշել որևէ պատգամավորի անուն: Եթե հաշվի առնենք, առհասարակ ԱԺ-ի նկատմամբ հանրության շրջանում գոյություն ունեցող անվստահության բավականին բարձր աստիճանը, ապա նման ցուցանիշը, սկզբունքորեն սպասելի էր: Հարցվողների մոտ 41%-ն է առանձնացրել տարվա ընթացքում "աչքի ընկած" որևէ պատգամավորի: Հատկանշական է, որ նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի քան 34%-ը տվել է ընդդիմադիր պատգամավորի անուն: Սա նշանակում է, որ երևանցիները քիչ թե շատ արդյունավետ են համարում ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները տվյալ տենդենցը բացատրում են հիմնականում հետևյալ գործոններով.

  • ԱԺ կանոնակարգ-օրենքն ելույթներ ունենալու, հայտարարություններ անելու, Կառավարությանը հարցեր ուղղելու առումով ավելի մեծ հնարավորություններ է տալիս ընդդիմադիրներին: Իսկ նրանցից ոմանք շատ լավ օգտվում են այդ արտոնություններից` անընդհատ հայտնվելով մեդիայի ուշադրության կենտրոնում:
  • Ընդդիմադիր պատգամավորներն ավելի անկաշկանդ են իրենց գործունեության շրջանակներում, նրանք կարիք չունեն իրենց ելույթները համաձայնեցնելու` խմբակցության և կուսակցության ֆորմալ ու ոչ ֆորմալ ղեկավարների հետ:
  • Մի շարք ընդդիմադիրներ, թեպետ, ֆորմալ առումով գտնվում են կոնկրետ խմբակցության մեջ, սակայն որևէ առնչություն չունեն նրա հետ: Նրանք բացառապես ինքնա-PR-ով են զբաղված:

Վերջին երկու գործոնները շատ առումներով ընդհանրական են, սակայն մի կարևոր տարբերություն, այդուհանդերձ ուրվագծվում է: Դա վերաբերում է այսպես կոչված "արտոնյալ" ընդդիմադիրների գործունեությանը, որոնք, ըստ էության, առավել ակտիվ և նախահարձակ պատգամավորներն են ԱԺ-ում: Հատկանշական է, որ հենց նրանց էլ երևանցիներն առանձնացրել են "Տարվա պատգամավորի" կարգավիճակում: Այս ցանկում Նիկոլ Փաշինյանի անունը հարցվողներն ավելի շատ են նշել: Տվյալ դեպքում որոշակի դեր է խաղացել այն հանգամանքը, որ Քաղաքացիական պայմանագիր նորաստեղծ կուսակցության հիմնադիրի ակտիվությունը և նախաձեռնողականությունն առավել հասցեական էր, քան մյուսներինը: Այս առումով, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի գործողություններում ավելի շատ քաղաքական շոուի էլեմենտներ կային, իսկ Հրանտ Բագրատյանի պարագայում` գերիշխում էր այսպես կոչված "տնտեսագիտական պոպուլիզմը":

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շահել է երևանցիների 5.5 %-ի համակրանքը:

Իսկ ընդհանուր առմամբ բացի վերը նշված ազգընտիրներից, հարցվողներն իրենց պատասխաններում հիշատակել են ևս յոթ պատգամավորների անուններ:

Այսպիսին էին երևանցի հարցվողների նախապատվությունները: Նրանք հիմնականում գնահատել են ակտիվ հրապարակային գործունեություն ծավալող պատգամավորներին, սակայն պառլամենտական գործունեության շրջանակը բավականին լայն է: Այն ենթադրում է ակտիվ և նպատակային գործունեություն ԱԺ մշտական հանձնաժողովներում, պառլամենտական դիվանագիտության հարթության վրա և, իհարկե, ընտրողների շրջանում: Անշուշտ, այս չափանիշներով այլ պատգամավորների նույնպես կարելի էր առանձնացնել, բայց սա արդեն ոչ թե զանգվածային, այլ փորձագիտական հարցման խնդիր է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:59 Դեկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր