Աշոտյան-Մաեստրո-Հրանտ Բագրատյան. առավել համակրելի Ձմեռ Պապեր

Երբ մենք փոքր էինք, անհամբեր սպասում էինք Նոր Տարուն, ավելի ճիշտ՝ Ձմեռ Պապին, որպեսզի նա մեզ նվերներ բերի։ Իսկ այն ժամանակ, երբ արդեն չէինք հավատում նրա գոյությանը, ձևացնում էինք, թե հավատում ենք, որպեսզի մեր նվերների "կապրիզը" մեր ծնողներն իրականացնեն։ Այսպես ասած՝ սպասում էինք հրաշքների՝ գիտակցելով կամ չգիտակցելով, որ այդ հրաշքներն իրականացնում են մեր հարազատները: Ու որքան էլ որ ցավալի է, ոչ միշտ է որ հրաշքներն ամբողջությամբ են իրականանում, անգամ Նոր Տարուն, քանի որ ոչ միշտ է երեխայի սպասված խաղալիք մեքենայի չափը համապատասխանում Ձմեռ Պապի նվերի չափին։ Այ այսպես մանկուց երեխաներին սովորեցնում ենք մեծ կյանքին։

Իսկ մեծ կյանքում Ձմեռ Պապիները քաղաքական գործիչներն են։ Կասեք՝ լավ դե, մի՛ համեմատեք։ Բայց եկեք համեմատենք։ Ի՞նչ է անում Ձմեռ Պապը։ Արդարացնում է երեխաների սպասելիքները։ Նրանց բերում է նվերներ, այդ թվում՝ սպասված նվերներ։

Ի՞նչ են անում քաղաքական գործիչները՝ հատկապես ընտրություններից առաջ։ Այո՛, արդարացնում են մեր՝ ժողովրդի սպասելիքները։ Այո՛, այո՛, հավատացեք, արդարացնում են, քանի որ նրանք խոստանում/ասում են բաներ, որոնք մենք ցանկանում ենք լսել: Օրինակ` որ եռակի բարձրացնելու են աշխատավարձերը, մենք ասում ենք ուռա` առանց մտածելու, թե ինչպես են հասնելու այդ ամենին: Մի՞թե հրաշքով:

Իսկ մերօրյա Ձմեռ Պապիներն այդքան էլ շատ չեն, քանի որ խոստումները քչացել են, պահանջները` ևս: Եվ այնուամենայնիվ, ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական կենտրոնին հետաքրքրում էր, թե երևանցիների շրջանում հայ քաղաքական կարկառուն գործիչներից ով ավելի համակրելի Ձմեռ Պապ կլիներ: Պարզվում է՝ հարցվածների 1/5-ը (19.5%) քաղաքական գործիչներից և ոչ մեկին չի պատկերացնում Ձմեռ Պապի դերում: Հետաքրքիր դիտարկում. Առատաձեռն բարեգործի իմիջ ունեցող Գագիկ Ծառուկյանին ընդամենը 3.1%-ն է դիտարկել որպես Ձմեռ Պապ: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ բոլորին բարև է սփռում, նույնպես չկա ցուցակում: Իսկ ահա եռյակում հայտնվել են Հրանտ Բագրատյանը (7.8%), Գալուստ Սահակյանը (15.7%) և ուշադրություն՝ եռյակը գլխավորում է Արմեն Աշոտյանը (18.8%):

Գրաֆիկ

Ասացեք խնդրեմ, Ձեր կարծիքով, Հայաստանի քաղաքական գործիչներից ո՞վ կլիներ առավել համակրելի Ձմեռ Պապ: (%)

Ձմեռ Պապին բոլորի մոտ միշտ բարի կերպար է՝ ալեհեր, իմաստուն, կարմիր թշերով, մի քիչ փորիկով ու ամենակարևորը՝ առատաձեռն: Հիմա թե այս հատկանիշներից որոնք են համապատասխանել մարդկանց ընտրության հարցում, դժվար է ասել: Բայց եկեք մի պահ պատկերացնենք Հրանտ Բագրատյանին՝ Ձմեռ Պապի դերում: Նա հաստատ երեխաների հետ կխոսեր թվերից ու կասեր. "58+786,5, ի՞նչի է հավասար: Ասա՛, որ նվերդ տամ": Իսկ երբ երեխան դժվարանար պատասխանել, նա կնստեցներ ու իրեն հատուկ մունաթային տոնով ու ակտիվ ժեստիկուլիացիայով կասեր. "Բալի՛կ ջան, էսպես չի կարելի, սա խայտառակություն է: ինչքա՞ն կարելի է նույն բանը կրկնել: Հանրահաշիվը ֆունդամենտալ բազա է ապահովում բոլոր մասնագետների համար:"

Այ Մաեստրոն կլիներ երեխաների իսկական ուրախությունը: Նա կլիներ բարի ու շուլուխ անող Ձմեռ Պապ: Ու հավանաբար նվերները կխառներ իրար, հետո կասեր. "Վա՜յ, հա՛, է՞ս նվերի մասին էր խոսքը… հավանաբար այդ խորդուբորդ ուղիների հատման հանգույցում գուցեև մի փոքր շեղվել եմ, այդ պատճառով ըստ էության նման ոչ համաչափ բաշխում եղավ":

Իսկ ահա Արմեն Աշոտյանը, լինելով տարածական անհատականություն, երկար-բարակ կտարածվեր՝ նվիրելով իր հռետորաբանական արվեստի գլուխգործոցներից մի քանի կտոր, KBH-ոտ հումորներ  կաներ ու, եթե մուսան տեղը լիներ, մի հատ էլ երգ կնվիրեր: Հա,՛ դե facebook-ում էլ հաստատ ստատուս կդներ:

Որպես վերջաբան՝ կապ չունի, թե ով է Ձմեռ Պապը, անգամ քաղաքական, կարևորն այն է, որ ոչ ոք այս կյանքում առանց նվեր չմնա:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:08 Դեկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր