Տարվա թիվ մեկ քաղաքական գործիչն աշխարհում

2015-ը շատ խառը և տարաբնույթ կատակլիզմներով հարուստ տարի էր ամբողջ աշխարհում: Տարին աննախադեպ կարելի է համարել 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև ծառացած թիվ 1 չարիքի` ահաբեկչության ծավալների ու սպառնալիքի առումով: Հիմնական անհանգստությունների և աղետների "ճարտարապետն" ու գլխավոր դերակատարը, վերստին, "Իսլամական պետություն" խմբավորումն էր, որը ընթացիկ տարում նորից "փայլեց" իր լայնածավալ և վայրագ ահաբեկչական գործողություններով և խիստ անառողջ հավակնություններով: Այլևս ակնհայտ էր, որ այդ չարիքի դեմ պայքարի գործում անհրաժեշտ էր բոլոր առաջադեմ ուժերի ու երկրների մոբիլիզացիան և շահերի ներդաշնակումը: Միաժամանակ պետք էր վերանայել ԻՊ-ի դեմ պայքարի հարցում հակաահաբեկչական կոալիցիայի մարտավարությունը: Այս առումով էական նշանակություն ունեցավ Ռուսաստանի ակտիվ ներգրավվումը, որը նշանավորվեց ահաբեկիչների ռազմավարական դիրքերի ուղղությամբ ծանր ու կործանարար հարվածներով: Որոշ հեղինակավոր ռազմաքաղաքական փորձագետներ այդ գործողությունների առնչությամբ անգամ կարծիք հայտնեցին, որ այն, ինչ կոալիցիային չհաջողվեց երկու տարվա մեջ, ռուսներն արեցին մի քանի օրվա ընթացքում: Սակայն, այս ամենով հանդերձ մեծ չարիքը` ԻՊ-ն շարունակում էր իր սև գործը, որին զոհ գնացին հազարավոր անմեղ մարդիկ, ամբողջ "ծերուկ" Եվրոպան հեղեղվեց` հիմնականում Սիրիայից եկած մի քանի հարյուր հազարի հասնող փախստականների հոսքերով: Նշված խնդիրների շուրջ ծավալվող իրադարձություններում այս տարի համաշխարհային քաղաքական թատերաբեմում հիմնական գործող "անձինք" էին ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան` ի դեմս իրենց առաջնորդների: Առհասարակ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ խարիզմատիկ լիդերների ժամանակներն անցել կամ անցնում են: Միգուցե, փաստացի դա այյդպես է, և խարիզմատիկ լիդերներն աշխարհում այսօր անհամեմատ ավելի քիչ են քան օրինակ 15 կամ 25 տարի առաջ, բայց որ նման առաջնորդների պակասը զգացվում է` նույնպես անհերքելի է: 

Տարվա ամփոփիչ թեմաների շարքում, ԲԱՐՈՄԵՏՐԸ դեկտեմբերին Երևանում անցկացրած զանգվածային հարցման միջոցով փորձեց պարզել, թե երևանցիները ում են համարում տարվա թիվ մեկ քաղաքական գործիչն աշխարհում:

Վլադիմիր Պուտինի վարկանիշի թեման աշխարհի տարբեր հեղինակավոր հետազոտական ընկերությունների և պարբերականների կողմից շատ է քննարկվել: Վերջին շրջանում ԶԼՄ-ներով նաև խոսվում էր այն մասին, որ Պուտինի վարկանիշը Հայաստանում ոչ միայն չի զիջում նրա ռուսաստանյան ցուցանիշին, այլ երևի թե ավելի բարձր է: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի բնակչության մոտ 70%-ը 2015թ. աշխարհի թիվ մեկ քաղաքական գործչի տիտղոսը "շնորհում" է Ռուսաստանի նախագահին:

Չենք կարծում, որ Պուտինի "հաղթանակն" այս հարթության վրա որևէ մեկի համար զարմանալի կթվա: Ընդհանրապես, ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանն իրադարձությունների կիզակետում էր` հիմնականում Ուկրաինայի և Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների ու դրանց համատեքստում ընթացող գործընթացներում վերջինիս ունեցած դերակատարմամբ պայմանավորված: Բայց ինչո՞վ է կարելի բացատրել Պուտինի նման մեծ առավելությունն ու հավատարմության հասնող համակրանքը երևանցիների շրջանում: Իհարկե, կարելի է հիմնավորել դա նրանով, որ չնայած ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին տնտեսական ծանրագույն պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, իսկ "սև" ոսկու գները մոտեցան ռեկորդային ցածր սահմանին` 30 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց, սակայն ռուսական կողմը յուր նախագահի գլխավորությամբ կարողացավ հիմնականում դիմագրավվել դրանց: Կամ` միգուցե, Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի ռմբակոծմանը հաջորդած Պուտինի կոշտ ու առայժմ հետևողական կեցվածքով Թուրքիայի նկատմամբ: Կարելի է հիշել նաև այն, որ ապրիլի 24-ին, ի հեճուկս Թուրքիայի, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Պուտինն, այնուամենայնիվ, այցելեց Երևան և այլն: Անխոս, նշված և մի շարք այլ փաստարկներ կարելի է բերել, որոնց հիմնավոր լինելը կամ չլինելը քննարկելի է, սակայն ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն այս ֆենոմենը բացատրում են նրանով, որ մեր հասարակությունն, ընդհանրապես, և մայրաքաղաքի բնակչությունը մասնավորապես, գտնվում են հիմնականում ռուսական կամ ռուսամետ տեղեկատվական դաշտի ազդեցության ներքո: Մենք կարո՞ղ ենք մտաբերել հեռուստատեսային լրատվական որևէ թողարկում, թոք շոու, կամ այլ ձևաչափով որևէ հաղորդում, որտեղ Վլադիմիր Պուտինի այս կամ այն գործողությունը քննադատության է ենթարկվում, անկախ նրանից այն արժանի է քննադատության թե ոչ: Դժվար թե:

Հատկանշական է, որ երևանցիները հաջորդը նշել են ոչ թե Օբամայի կամ Օլանդի անունները, այլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ներկայիս Եվրոպայի ամենախարիզմատիկ լիդերին տարվա թիվ մեկ քաղաքական գործիչ է համարում հարցվողների մոտ 9%-ը: ԱՄՆ նախագահին այդ կարգավիճակում տեսնում են հարցվողների մոտ 5%-ը, Ֆրանսիայի նախագահին` մոտ 3%-ը: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ կոնկրետ գործոններ են ընկած Օբամայի և Օլանդի "համեստ" ցուցանիշների հիմքում: Հնարավոր է հարցվողներն այնքան էլ արդյունավետ չեն համարել նրանց ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի գործում կամ, բայց մենք ավելի շատ հակված ենք նրան, որ կրկին` համապատասխան տեղեկատվական դաշտի ազդեցությամբ պայմանավորված, նրանց քայլերն ու նախաձեռնությունները մնացել են Պուտինի որոշումների ու գործողությունների ստվերում:

Հատկանշական է, որ հարցվողների հանրգումարային մոտ 9%-ը չի կողմոնորշվել աշխարհում տարվա թիվ մեկ քաղաքական գործչին մատնանշելու առումով: Իրականում այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ երևանցիների ճնշող մեծամասնությունն այս հարցում էական դժվարություններ չի ունեցել, առավելապես Պուտինի "շնորհիվ":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:55 Դեկտեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր