Վարդան Օսկանյան, թե՞ Էդվարդ Նալբանդյան

 ԲԱՐՈՄԵՏՐԸ շարունակում է քաղաքական բաթլների շարքը: Այս անգամ Երևանում անցկացրած զանգվածային հարցման շրջանակներում մեծ հարցաշարում ընդգրկվել էր նաև. "Վարդան Օսկանյան, թե՞ Էդվարդ Նալբանդյան" բաթլը: Այն հետաքրքրական է, քանի որ և նախկին, և գործող արտգործնախարարների միջև որոշ աչքի ընկնող ընդհանրություններին զուգահեռ, առկա են էական տարբերություններ, որոնք հատկապես դրսևորվում են կառավարման և հրապարակային գործունեության հարթությունների վրա: Եթե Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից էր, ով պարբերաբար հանդես էր գալիս նաև ներքին խնդիրներին առնչվող հայտարարություններով և նախաձեռնություններով, ապա Նալբանդյանն ամբողջապես կենտրոնացած է արտաքին քաղաքական հարցերի վրա` կատարելով բացառապես իր պրոֆեսիոնալ պարտականությունները: Օսկանյանն ավելի շատ էր/է շփվում լրատվամիջոցների հետ և, ընդհանրապես, նրա գործունեության մեջ հրապարակային մասն ավելի շատ էր ընդգծված, քան Նալբանդյանի պարագայում, ով միայն խիստ անհրաժեշտության դեպքում է հանդես գալիս հայտարարություններով, ելույթներով և ասուլիսներով, հիմնականում սահմանափակվելով պաշտոնական լիազորություններից բխող գործառույթներով: Ակնհայտ է նաև, որ նախկին և գործող արտգործնախարարներն իրենք են ընտրել իրենց աշխատաոճերը, որոնք առավելապես համապատասխանում են  քաղաքական գործունեության վերաբերյալ սեփական պատկերացումներին:

Իսկ երևանցիներն այս բաթլում` "Վարդան Օսկանյան, թե՞ Էդվարդ Նալբանդյան", շատ աննշան առավելություն տվել են Էդվարդ Նալբանդյանին: Հարցվողների մոտ 33%-ն է նախապատվություն տվել գործող արտգործնախարարին, ինչն ընդամենը 2%-ով է ավելին, քան Օսկանյանի ցուցանիշը:

Ինչ խոսք, այս արդյունքները հեռու գնացող եզրահանգումների տեղիք չեն տալիս: Թե Նալբանդյանի, և թե Օսկանյանի գործունեությունը մարդկանց տեսադաշտում է: Ճիշտ է, Վարդան Մինասիչը, գոնե, վերջին շրջանում քիչ է անդրադառնում արտաքին քաղաքական հարցերին, սակայն մարդկիկ ոչ հեռու անցյալում նրա պաշտոնավարման շրջանի վերաբերյալ բավարար պատկերացումներ, հաստատ, ունեն:

Հատկանշական է, որ այս բաթլում պատասխանների "ոչ մեկը" տարբերակը ընտրել են հարցվողների մոտ 30%-ը: Սա նշանակում է, որ մեկ/երրորդից էլ պակաս հարցվողներ որևէ մեկին նախապատվություն չեն տվել: Եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը քաղաքական բաթլներում սովորաբար հասնում է ընդհուպ` 50%-ի, ապա նման պատկերն, ինքնին, խոսում է այն մասին, որ երևանցիները տվյալ բաթլում կողմնորոշման առումով էական խնդիրներ կամ դժվարություններ չեն ունեցել: Ամեն դեպքում, գործող և նախկին արտգործնախարարների նկատմամբ հանրային որոշակի լոյալություն առկա է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:30 Դեկտեմբեր 21, 2015

Ամենաընթերցված նյութեր