Մոտ ապագայում Արցախյան հակամարտության կարգավորում չի սպասվում

Արցախյան պատերազմում հրադադարի համաձայնագրի կնքումից անցել է արդեն 21 տարի։ Արդեն 20 տարի է, որ կողմերը, ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, փնտրում են հակամարտության կարգավորման բանաձևը։

Սակայն այսօր մենք ունենք ''ոչ պատերազմ, ոչ խաղաղություն'' իրավիճակ, որն ուղեկցվում է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական, ավելի կոնկրետ՝ գրեթե ամենօրյա խախտումներով, դրանք էլ, իրենց հերթին, վերջին տարիներին ոչ միայն հաճախակիացել են, դրանց թիրախ և զոհ են դառնում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներն ու անձինք։ Այսինքն, գործնականում մենք գործ ունենք պատերազմի մի տարատեսակի՝ ''ցածր ինտենսիվությամբ հակամարտության'' հետ։

Ստացվում է՝ 20 տարի ընթանում են բանակցություններ, 20 տարի ինչ-որ տարբերակներ են քննարկվում, բայց ցայսօր հակամարտող բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղության բանաձևը դեռ չի գտնվել։ Փոխարենը հրադադարի մասին համաձայնագիրը պարբերաբար խախտվում է, արդյունքում՝ ունենք բազմաթիվ զոհեր՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, խեղված ճակատագրեր, չապրած կյանքեր ․․․

Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ադրբեջանցիներն ավելի հակված են պատերազմին, քան հայաստանցիները, թեև երկու կողմն էլ առավելապես հավատում է հակամարտության ոչ ռազմական՝ բանակցային կարգավորմանը։ Ըստ որում, երևանցիների ճնշող մեծամասնությունն առավել նպատակահարմար է գտնում միջնորդվա՛ծ բանակցությունները։

Բայց, այդուհանդերձ, հավատո՞ւմ կամ ակնկալո՞ւմ են արդյոք մեր համաքաղաքացիները հակամարտության կարգավորում մոտ ապագայում՝ առաջիկա 5 տարիների ընթացքում։

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ երևանցիների ճնշող մեծամասնությունը չի՛ ակնկալում հակամարտության կարգավորում առաջիկայում։ Ավելին, նրանց միայն 20%-ն է տատանվում այդ հարցում, մինչդեռ շուրջ 70%-ը վստահ է, որ կարգավորում առաջիկայում պետք չի սպասել։ Եվ ընդամենը մոտ 10%-ն է լավատեսորեն տրամադրված այս հարցում։

Ստացվում է՝ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը հավատում է բանակցային գործընթացին, երևանցիների շուրջ 72%-ը նպատակահարմար է համարում միջնորդված բանակցությունները, սակայն մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի ակնկալում, որ առաջիկա 5 տարիների ընթացքում հակամարտությունը կկարգավորվի։

Լավ, ասենք՝ միջազգային միջնորդները չեն կարողանում ''խաղաղության բանաձև'' գտնել։ Բայց նրանք ե՞րբ կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես պատրաստվո՞ւմ են արդյոք միջոցներ ձեռնարկել գոնե սահմանային միջադեպերը կանխելու, մեղավորներին պատժելու, այսինքն՝ հրադադարի ռեժիմը գործնականում պահպանելու համար։ Թե՞ նրանք կշարունակեն բավարարվել "անատամ հայտարարություններով"։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեին նրանք, երբ իրե՛նց զինվորներն ու խաղաղ բնակիչները զոհվեին թշնամու նենգ գործողությունների արդյունքում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:02 Դեկտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր