Թուրքիան չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը առնվազն մոտ ապագայում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում 2015թ-ն կարևոր իրադարձություններով հագեցած տարի էր՝ 100-ամյակի միջոցառումները և Համահայկական հռչակագիրը, թուրք քաղաքական գործիչ Դ․ Փերինչեքի հաղթանակը Ցեղասպանության ժխտումը քրեականացրած Շվեյցարիայի դեմ ՄԻԵԴ-ում, ռուս-թուրքական հակադրության ֆոնին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քննարկումները ՌԴ խորհրդարանում, օրեր առաջ համանման օրինագծի վերստին ներկայացումը Ֆրանսիայի խորհրդարան և այլն։

Բայց այդ ամենը և դրան գումարած՝ Ցեղասպանության ճանաչումը 20-ից ավել պետությունների կողմից ոչինչ են, քանի դեռ ինքը՝ Թուրքիան չի ճանաչել այդ փաստը։ Ակնարկներից մեկում մենք խոսել ենք այն մասին, որ հայաստանցիների մոտ 70%-ը կարծում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կազդի Թուրքիայի վրա։ Բայց, ինչպես տեսնում ենք, նախ, 100 տարվա ընթացքում շուրջ 190 պետություններից միայն ընդամենը մոտ 25-ն է ճանաչել այդ փաստը, և, երկրորդ, Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ այս ընթացքում որևէ էական փոփոխություն չի նկատվել։

Հաշվի առնելով այս ամենը՝ և՛ դրականը, և՛ բացասականը, կարելի՞ է հուսալ, որ առաջիկայում Թուրքիան կփոխի իր քաղաքական կուրսը և կճանաչի Ցեղասպանությունը։

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ երևանցիներն այս հարցում վատատեսորեն են տրամադրված․ 96%-ը չի ակնկալում, որ առաջիկա 5 տարիներին Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը։ Ավելին, եթե այդ հարցում գոնե ինչ-որ չափով տատանվում է հարցվածների մոտ 8%-ը, ապա այդպիսի զարգացումներ միանշանակ չի ակնկալում նրանց ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը ։

Այդուհանդերձ, ինչպես արդեն նշել ենք, քանի դեռ Համահայկական հռչակագրի հրապարակումից հետո իշխանությունները կազմում են Թուրքիային ներկայացվելիք պահանջների իրավական փաթեթը, հանրության մեծամասնությունն արդեն որոշել է պահանջատիրության բանաձևը՝ բացարձակ մեծամասնությունը պահանջում է բոլոր տեսակի փոխհատուցումները, 30%-ը բավարար է համարում տարածքային, 7%-ը՝ բարոյական, 5%-ը՝ ֆինանսական փոխհատուցումը, իսկ 5%-ից քիչ ավելին էլ ոչ մի փոխհատուցում չի ակնկալում։

Եթե պետությունը պատրաստվում է պաշտոնական պահանջներ ներկայացնել, կարևոր է շատ լավ հիշել ու ըմբռնել Խրիմյան Հայրիկի "մեր ձեռքը թղթե շերեփ էր, իսկ հարկ է ունենալ` երկաթե" արտահայտության իմաստը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:12 Դեկտեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր