Նորաստեղծ կուսակցություններ. արդյոք երևանցիները գիտեն նրանց մասին

Հայաստանում նոր կուսակցությունների և քաղաքական շարժումների ձևավորման գործընթացը վերջին շրջանում առավել ինտենսիվացել է: Սահմանադրական փոփոխություններից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել նոր քաղաքական միավորների ստեղծման առումով: Նախ` խորհրդարանական կառավարման պայմաններում կտրուկ մեծանում է կուսակցությունների դերը, քանի որ վերջինները հանդես են գալիս որպես քաղաքական իշխանության ձևավորման առանցքային և հիմնական օղակներ: Սահմանադրության փոփոխված տարբերակում հստակ ամրագրված է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների անցկացման վերաբերյալ իմպերատիվ դրույթը: Սա նշանակում է, որ քիչ թե շատ քաղաքական հավակնություններ ունեցող քաղաքական գործիչներն այլևս հարկադրված են "թակել" տարատեսակ կուսակցությունների դռները և փոխշահավետ համագործակցության տարբերակներ առաջարկել:

Միայն ընթացիկ տարվա ընթացքում ձևավորվել և նաև ֆորմալ քաղաքական հայտ են ներկայացրել երեք քաղաքական կուսակցություն և մեկ արմատական ընդդիմադիր շարժում: Խոսքը վերաբերում է Քաղաքացիական պայմանագիր, Ալյանս և Լուսավոր Հայաստան կուասկցություններին և Հիմնադիր խորհրդարան շարժմանը: Այս կուսակցությունների ձևավորման հիմնական ընդհանրություններից է ԱԺ պատգամավոր- հիմնադիրի առանցքային դերակատարումը` Քաղաքացիական պայմանագրի դեպքում` Նիկոլ Փաշինյանի, Ալյանսի` Տիգրան Ուրիխանյանի և Լուսավոր Հայաստան կուսակցության` Էդմոն Մարուքյանի: Հատկանշական է, որ այդ քաղաքական միավորների երեք առաջնորդներն էլ ԱԺ-ում առավել ակտիվ գործիչներից են, որոնց գործունեությունն ավելի դրական հանրային ընկալում ունի:

Գրաֆիկ. Վերջին  տարվա ընթացքում ձևավորվել են նոր քաղաքական կուսակցություններ: Դրանցից որո՞նց եք ծանոթ. (հաշվարկված է կոնկրետ կուսակցություն/ներ նշված պատասխաններից)

ԲԱՐՈՄԵՏՐԸ Երևանում անցկացրած զանգվածային հարցման միջոցով փորձեց պարզել, թե արդյոք երևանցիներին ծանոթ են այդ քաղաքական միավորները։ Այսպես՝ "Վերջին տարվա ընթացքում մեր երկրում ձևավորվել են նոր քաղաքական կուսակցություններ. դրանցից որո՞նց եք ծանոթ" հարցին ռեսպոնդենտների կողմից կոնկրետ կուսակցություն/ներ նշված պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ։ Պատասխանների 31,5%-ում նշվել է Քաղաքացիական պայմանագիր տարբերակը։  Դրանց մոտ 26%-ում  նշվել է Լուսավոր Հայաստան տարբերակը: Եթե հաշվի առնենք, որ այս քաղաքական միավորն իր հայտի մասին ազդարարել է բոլորովին վերջերս, ապա հանրաճանաչության նման մակարդակը չի կարող ներկա պայմաններում` որպես վատ արդյունք դիտարկվել:

"Հիմնադիր խորհրդարան" տարբերակը նշվել է պատասխանների 23%-ում: Այս արմատական ընդդիմադիր քաղաքական շարժումը միակ ուժն է, որ ներկայում ծավալում է ակտիվ հրապարակային գործունեություն: Սակայն նույնիսկ այս պարագայում նրա հանրաճանաչության մակարդակը ՔՊ-ի և Լուսավոր Հայաստանի համեմատությամբ` բարձր չէ: Նման պատկերը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադիր խորհրդարանն ակտիվ քաղաքական գործընթացներում հանրությանը ներկայանում է որպես խոշոր քաղաքական շարժման մեկ բաղադրիչ: Որևէ կայացած քաղաքական միավորի պարագայում, բնականաբար, տվյալ գործոնը որոշիչ չէր լինի, սակայն դեռևս հանրային ընկալման մեջ բավականաչափ չարմատավորված քաղաքական շարժման դեպքում` էական խնդիր է:

Ալյանսը նշվել է պատասխանների մոտ 20%-ում: Եթե այս փուլում ՔՊ-ն և Լուսավոր Հայաստանը շատ ակտիվ են համացանցային PR-ի տիրույթում, իսկ Հիմնադիր խորհրդարան շարժումը` հրապարակային դաշտում, ապա Ալյանսը բացառապես զբաղված է կուսակցական "շինարարության" աշխատանքներով և բավականաչափ նախաձեռնող չէ այդ "տարածքներում": Հիմնականում այս հանգամանքով է պայմանավորված Երևանում նրա հանրաճանաչության համեմատաբար համեստ ցուցանիշը:

Միաժամանակ, հարցվողների մեծ մասը դեռ ծանոթ չէ վերոնշյալ քաղաքական միավորներից և ոչ մեկին: Հնարավոր է, որ նրանք լսել են այդ կուսակցությունների և շարժման մասին, բայց այդ հանգամանքը չեն համարել ծանոթ լինելու առումով` բավարար պայման: Բնականաբար, հաջորդ տարի մեր հանրությունն ավելի շատ առիթներ կունենա այս քաղաքական միավորների գործունեությանը հետևելու, խորությամբ ճանաչելու համար: 2016-ը նախընտրական տարի է, դրանից բխող բոլոր հետևանքներով…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:30 Դեկտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր