"Այո"-ի և "Ոչ"-ի քարոզչական "մեխերը". դրանք ընտրողներին համոզեցի՞ն, թե՞….

Այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում քարոզչության վերջին օրն է, որը պատեհ առիթ է դրա ընթացքի և հիմնական շեշտադրումների վերաբերյալ որոշ հետևություններ անելու համար: ԲԱՐՈՄԵՏՐԻ  հետազոտավերլուծական խումբը կոնտենտ-վերլուծության միջոցով փորձեց վերհանել և համակարգել հանրաքվեի ներկայացրած նախագծին կողմ և դեմ դիրքավորված քաղաքական ուժերի կարևոր և առավել հաճախ օգտագործված/օգտագործվող քարոզչական կռվանները: Դրանք ներկայացվել են ընդհանրացումների ձևով և "Այո"-ի և "Ոչ"-ի բաժիններում զետեղվել` հաշվի առնելով դրանց կիրառության հաճախականությունը, և  հասարակական կարծիքի վրա ներգործության պոտենցիալը: Այս տեսանկյունից պարզ է, որ խիստ մասնավոր, համեմատաբար քիչ շրջանառված և ոչ այնքան լուրջ հիմնավորումները դուրս են մնացել խմբի տեսադաշտից

Աղյուսակ. "Այո"-ի և "Ոչ"-ի քարոզչական հիմնական կռվանները 

1

 

ՈՉ

Սահմանադրական փոփոխությունները պահանջված չեն և միանգամայն ժամանակավրեպ: Դրանք չեն արվում հանրային պահանջով և պայմանավորված չեն գործող սահմանադրության ոչ կենսունակությամբ և ոչ արդյունավետությամբ:

 

ԱՅՈ

Այս նախագիծը, որով նախատեսվում է պառլամենտական կառավարում, ավելի առաջադիմական է: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ քաղաքական ակտորների մասնակցել որոշումների կայացման գործընթացներին և նպաստել դեմոկրատիայի խորացմանը:

Մեկնաբանություն

Մի կողմից, ինչ խոսք, ակնհայտ է, որ սահմանադրությամբ պայմանավորված կառավարման ճգնաժամ, չկա և փոփոխությունները, գոնե, այս մասով պահանջված չեն: Սակայն  քաղաքական համակարգի գործառնության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն, այդուհանդերձ, առկա է:

 

2

 

ՈՉ

Իրականում սահմանադրական փոփոխությունները ոչ մի կապ չունեն ընդդիմության դերակատարման մեծացման հետ:

 

ԱՅՈ

Այս նախագծով կտրուկ մեծանալու է քաղաքական ընդդիմության դերակատարումը: Այն զգալի չափով ընդլայնելու է իր ազդեցությունը և իրական հակակշիռ է դառնալու իշխանություններին:

Մեկնաբանություն

Միայն ԱԺ-ում ժամանակավոր քննիչ հանձնաժողովների ստեղծման հնարավորությունն արդեն իսկ ծանր "զենք" է դառնալու ընդդիմության ձեռքում: Եթե այս ամենին ավելացնենք նաև  պաշտոնների ընտրության գործում նրա վճռական դերը, ապա պատկերն առավել կամբողջանա:

 

3

 

ՈՉ

Կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական նորմը հակասում է իշխանություն ձևավորելու գործում ժողովրդի կամարտահայտման հետ: Այդ դրույթը նախագծում ամրագրվել է իշխանությունների, իմա` Հանրապետականի քաղաքական մենաշնորհը ամրապնդելու նպատակով

 

ԱՅՈ

Կայուն մեծամասնության դրույթը նախագծում չունի իմպերատիվ պահանջ և ներառվել է քաղաքական լուրջ կատակլիզմներից խուսափելու և քաղաքական համակարգի գործառնությունն առավել արդյունավետ դարձնելու նկատառումով:

Մեկնաբանություն

Այս դրույթն իրականում դարձավ"Ոչ"-ի հիմնական քարոզչական կռվանը, որին "Այո"-ի տված հիմնավորումները բավականաչափ համոզիչ չէին:Հարցն այն է, որ այդ դրույթը հավասարապես կարող է ծառայել և իշխանությունների վերարտադրմանը, և ընդդիմության իշխանության գալուն: Պարզապես անհրաժեշտ էր այս ուղղությամբ քննարկումներն առավել առարկայական դարձնել:

 

4

 

ՈՉ

Երբ երկրում պակասում են համապետական ընտրությունները, բոլորովին տեղին չէ խոսել ժողովրդավարության խորացման մասին: Այս նախագծով ժողովուրդը զրկվում է Նախագահ ընտրելու հնարավորությունից:

 

ԱՅՈ

Ոչ թե ընտրությունների քանակն է նպաստում ժողովրդավարության խորացմանը, այլ պառլամենտարիզմի ավանդույթների և կուսակցական համակարգի զարգացումը: Ընտրությունների քանակը չի կարող դիտարկվել որևէ երկրի ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար հիմնական ցուցիչ:

Մեկնաբանություն

Այս հարցում երկու մոտեցումներն էլ ունեն "կյանքի իրավունք":

 

5

 

ՈՉ

Այս նախագծով, խաղաղ պայմաններում, ըստ էության, երկիրը չի ունենում Գերագույն գլխավոր հրամանատար և միայն պատերազմական իրավիճակում է այդ գործառույթները վարչապետին վերապահվում: Սա իրականում լուրջ բացթողում է, եթե հաշվի առնենք այն իրական խնդիրները, որն ունի մեր երկիրը:

 

ԱՅՈ

Խաղաղ պայմաններում Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն կոլեգիալ մարմինն է իրականացնում, իմա` Կառավարությունը

Մեկնաբանություն

Այո, կոնկրետ անձ կամ պաշտոնյա խաղաղ պայմաններում չի կատարում Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը, բայց այն վերապահված է Գործադիր իշխանությանը` Կառավարությանը: Սա ամենևին չի նշանակում, որ երկիրը զրկված է այս առանցքային կարգավիճակը ներկայացնողից:

 

6

 

ՈՉ

Մեր երկրում Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է նախևառաջ հասկանալ մի պարզ ճշմարտություն. օրենքները լավն են, բայց դրանք չեն կիրառվում կամ հարգվում: Սահմանադրական փոփոխություններ կամ նոր Սահմանադրություն ընդունելուց առաջ նախևառաջ սրա մասին պետք է մտածել:

 

ԱՅՈ

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը չպետք է կապել այս խնդրի հետ: Դրանք իրականացվում են երկարաժամկետ հեռանկարի համար և պայմանավորված չեն նրա հետ, թե որքանով են այս կամ այն օրենքի պահանջները կատարվում:

Մեկնաբանություն

Իրականում այս մոտեցումները փոքր ինչ խճճված են և կոնտեքստից կտրված: Թերևս, տեղին է խոսել Սահմանադրական նորմերի կատարման և չկատարման մասին:

Քարոզչական "մեխերը", իրականում վերոբերյալով չեն սահմանափակվում, բայց հիմնականում դրանց շուրջ կառուցվեցին "ԱՅՈ"-ի և "ՈՉ"-ի քարոզչական "լեգենդները": Միաժամանակ, հարկ է նշել, որ նույնիսկ դրանք հանրության համար բավականաչափ մատչելի չդարձան: Դրանք ավելի շատ կոնկրետ շահագրգիռ խմբերի համար ծառայեցին հիմնական բանավեճի առանցքներ և չտեղափոխվեցին հասարակություն: Այս իրավիճակում պարզ է, որ քարոզչական այդ կռվաններն ընտրողների քաղաքական կողմնորոշման առումով էական դեր չեն ունենալու:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:43 Դեկտեմբեր 04, 2015

Ամենաընթերցված նյութեր