Ո՞վ և ի՞նչն է երևանցիներին "տանելու" ընտրատեղամաս

Ընդհանարապես, ընտրողների քաղաքական վարքագիծը պայմանավորված է բազմաթիվ գործոններից, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր: Երբ մարդը գաղափարական համոզմունքով չի կատարում իր ընտրությունը, առաջին պլան են մղվում սուբյեկտիվ մղումները: Մեր իրականության մեջ այդ հիմքով քաղաքական ընտրություն կատարողները, ցավոք, քիչ չեն: "Հարևանս խնդրեց", "տղաս X-ի ընկերն է, և ասել է ընտրենք նրան կամ սատարենք նրա դիրքորոշումը", "Գործի տեղը տնօրենն ասեց" և այս տիպի այլ մոտիվացիոն հիմքերը հաճախ մեծ դեր են խաղում մեր քաղաքական "կողմնորոշումներում": Իսկ եթե սրան ավելացնենք հատկապես ընտրությունների քարոզչության շրջանում տարաբնույթ ասեկոսեները ընտրակաշառքի, "ասֆալտի" և այլն վերաբերյալ, ապա պատկերն առավել ամբողջական է ներկայանում:

Բայց սրանով հանդերձ, մեր ընտրողներից շատերը, որպես կանոն, խուսափում են նշել այն իրական շարժառիթները, որոնք նրանց "տանում" են դեպի ընտրատեղամասեր: Այս առումով նոր իրողություն չբացահայտեցին նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ` Երևանում անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները: Ինչպես նախորդ հրապարակման մեջ նշվել էր դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցության պատրաստակամություն հայտնած հարցվողների (ընդհանուր ընտրանքի 62%) 27.5%-ը "Այո" է քվեարկելու, իսկ մոտ 20%-ը` "Ոչ", իսկ ավելի քան 52%-ը դեռ չի կողմնորոշվել (հնարավոր է նրանց մի ստվար հատվածը թաքցնում է իր նախապատվությունը), (տես. Հիմա "Այո", "Ոչ", թե՞… ): Ըստ ստացված տվյալների հանրաքվեին մասնակցելու պատրաստակամություն հայտնած հարցվողների բացարձակ մեծամասնությունը կամ մոտ 63%-ը (տես. գրաֆիկ) իր քաղաքական նախապատվության ("Այո", "Ոչ" և "դեռ չկողմնորոշված" դիրքորոշումներ) հիմքում տեսնում է բացառապես սեփական համոզմունքը: Թեպետ, տվյալ դեպքում չի կարելի պնդել, որ այդ մոտեցումը բավականաչափ հիմնավորված չէ, սակայն հակառակը նշելը մեզ ավելի է հեռացնում իրական պատկերից:

Հանրաքվեին կողմնորոշված "մասնակիցների" մոտ 15%-ն է որպես շարժառիթ նշել ընտանիքի անդամների և ընկերների կարծիքը/խնդրանքը: Իրականում այս ցուցանիշը բավականին համեստ է թվում, քանի որ ընտանիքի անդամները, ընկերները, և առհասարակ միջավայրը, որպես կանոն, էական ազդեցություն են ունենում ընտրողների քաղաքական վարքագծի վրա: Հնարավոր է հպարտությունը թույլ չի տալիս շատերին, որ նշեն այդ մասին, և իրական պատճառը թաքցնեն ավելի "արժանապատիվ" շարժառիթի` տվյալ դեպքում` "սեփական համոզմունքի" տակ:

Քարոզարշավը կարողացել է "կողմնորոշել" հարցվողների մոտ 11%-ին: Անշուշտ, սա սպասելի ցուցանիշ էր, եթե հաշվի առնենք իրականացվող քարոզչության առանձնահատկությունները: Այն բավականին պասիվ ընթացք ունեցավ, և առանձնակի չհետաքրքրեց ընտրողներին: Մյուս կողմից դժվար էր ակնկալել, որ շատ խրթին ձևակերպումներով փաստաթուղթն անկախ նրա մատուցման ձևից, կարող էր ավելի շատ ընտրողների` հստակ դիրքրոշումներով ուղղել ընտրատեղամասեր:

Քաղաքական գործիչների, մտավորականների և կարծիքի այլ առաջատարների հորդորներն` որպես էական շարժառիթ համարում են հարցվողների մոտ 7%-ը:

Վերոբերյալը վկայում է այն մասին, որ հանրաքվեին մասնակցելու պատրաստակամություն ունեցող և որոշակի նախապատվություններ հանդես բերող հարցվողներըն ավելի շատ նախընտրում են քողարկել իրենց դիրքորոշումների իրական շարժառիթները: Այս առումով "սեփական համոզմունքով կողմնորոշվելը", որը որպես պատասխանի տարբերակ նշված էր մեծ հարցաթերթում, ավելի շատ "փրկօղակի" նշանակություն ստացավ հարցվողների մի ստվար հատվածի համար: Նրանք այսպիսով կարողացան "չհանրայնացնել" իրենց քաղաքական նախապատվություններն ու շարժառիթները: Այս ամենից հետևությունը, թերևս մեկն է` հանրաքվեի հնարավոր ելքը որոշելու են հենց նման վարքագիծ դրսևորող ընտրողները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:41 Դեկտեմբեր 03, 2015

Ամենաընթերցված նյութեր