Հիմա "Այո", "Ոչ", թե՞…

Հաշված օրեր են մնացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Դեկտեմբերի 6-ին մեր ժողովուրդը կորոշի` կամ պահպանել գործող Սահմանադրությունը և ապրել ներկա "խաղի կանոններով", կամ "Այո" քվեարկելով նախագծին` երկրի զարգացման նոր ուղենիշ ուրվագծել: ԲԱՐՈՄԵՏՐԻ նոյեմբերի կեսերին Երևանում անցկացրած զանգվածային հարցման տվյալներով, հանրաքվեին մասնակցելու պատրաստակամություն հայտնած հարցվողները կազմել են ընդհանուր ընտրանքի մոտ 62%-ը (տես. Հիմա երևանցիները կմասնակցե՞ն հանրաքվեին, թե՞… ): Այս շարքի հաջորդ հարցն առնչվում էր հանաքվեին մասնակցության պատրաստակամություն հայտնած  հարցվողների կոնկրետ դիրքորոշմանը: Եվ այսպես` "ինչպես եք քվեարկելու" հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ առավել կերպ: Այսպես կոչված "մասնակիցների" խմբի (62%-ից) մեծամասնությունը կամ մոտ 52%-ը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու դեկտեմբերի 6-ին: Ընդհանրապես, չկողմնորոշված ընտրողների նման պատկառելի ցուցանիշը վկայում է այն մասին, որ հանրաքվեի շրջանակներում իրականացված քարոզչությունը հիմնականում պասիվ ընթացք է ունեցել: Ինչ խոսք, այս չկողմնորոշված ընտրողների մեջ, հավանաբար, քիչ չեն իրենց դիրքորոշումը թաքցնողները: Դժվար է միանշանակ պնդել, թե նրանց թվում ավելի շատ "Այո"-ի, թե՞ "Ոչ"-ի կողմնակիցներն են գերակշռում: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես նախագահական և ԱԺ ընտրություններում, որպես կանոն, իշխանությունների կամ այսպես կոչված "ուժեղ" թեկնածուին դեմ քվեարկողների մի մասը մինչ ընտրությունների օրը, խնամքով թաքցնում է իր որոշումը: Սակայն քաղաքական տվյալ իրադարձության շրջանակներում, երբ ընտրողի վրա որևէ քարոզչական ճնշում չկա և նա սկզբունքորեն ազատ է իր դիրքորոշումը ներկայացնելու առումով, խնդիր չունի իր քաղաքական նախապատվությունները գաղտնի պահելու: Այս պարագայում շատ կարևոր է, թե ինչն է դեր խաղում նրանց մասնակցության և այս կամ այն կերպ քվեարկելու հարցում: Այսինքն շատ կարևոր նշանակություն է ունի այն հանգամանքը, թե նրանց ո՞վ է տանելու ընտրատեղամասեր: Տվյալ դեպքում "Այո"-ի կողմնակիցների հնարավորությունները անհամեմատ մեծ են:

Ինչ վերաբերում իրենց որոշումը բացահայտ ներկայացնող հարցվողներին, ապա նրանց 27.5%-ը դեկտեմվերի 6-ին "Այո" է քվեարկելու, իսկ մոտ 20%-ը հակված է "Ոչ"-ին: Ինչ խոսք, այս ցուցանիշները՝ մոտ 52% չկողմնորշվածների ֆոնի վրա, հեռու գնացող դատողություններ անելու առումով, միանշանակ չեն: Այս պատկերը վկայում է այն մասին, որ հանրաքվեի ելքը Երևանում որոշելու են դեռևս չկողմնորոշվածները: Իսկ թե ինչ գործոններ դեր կխաղան նրանց վերջնական որոշման հարցում, հնարավոր կլինի որոշակիորեն հասկանալ ԲԱՐՈՄԵՏՐԻ այս շարքի հաջորդ վերլուծական տեղեկանքում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

13:23 Դեկտեմբեր 01, 2015

Ամենաընթերցված նյութեր