Հանրաքվեին չմասնակցող ընտրողների պատճառները

ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հաստատապես չեն մասնակցի հարցվողների մոտ 22%-ը (տես. Հիմա երևանցիները կմասնակցե՞ն հանրաքվեին, թե՞… վերլուծական տեղեկանքը : Թեպետ, վերոբերյալ ցուցանիշն ամբողջ ընտրանքի մոտ մեկ/հինգերորդն է, և հարցվողների չմասնակցության պատճառների վերհանման առումով չի հավակնում լիարժեք պատկեր ներկայացնել, սակայն որոշակի տենդենցներ, այնուամենայնիվ, ուրվագծվում են:

Այսպես հանրաքվեին հաստատապես չմասնակցող հարցվողների (մոտ 22 տոկոսից) մոտ 39%-ն որպես չմասնակցության պատճառ նշում է "իմ ձայնը որոշիչ չէ" տարբերակը: Որպես կանոն, նման դիրքորոշում ունեն համոզված աբսենտեիստները (որևէ քաղաքական ընտրության չմասնակցողները, հասարակության խիստ ապոլիտիկ զանգվածը): Այս խմբի ներկայացուցիչները նման վարքագծով իրենց բողոքն են արտահայտում երկրում ձևավորված քաղաքական բարքերի և ավանդույթների նկատմամբ: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր ծայրաստիճան անտարբեր են քաղաքականության նկատմամբ և հիմնականում դրանով է պայմանավորված նրանց չմասնակցությունը: Ճիշտ է, մեր գերքաղաքականացված հասարակության մեջ նման մարդկանց տեսակարար կշիռը մեծ չէ, սակայն հատկապես երիտասարդության շրջանում "կարծր" ապոլիտիկները քիչ չեն:

"Չմասնակցողների" մոտ 21%-ը որպես պատճառ մատնանշել է այն հանգամանքը, որ ծանոթ չէ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրված նախագծի էությանը: Այս խմբի ներկայացուցիչների մոտեցումը շատ կոնկրետ է` "չենք մասնակցում, քանի որ չգիտենք ինչ քաղաքական դիրքորոշում պետք է հայտնել": Մի կողմից այս շարքի դատողությունները անլրջության դրսևորում են, իսկ մյուս կողմից նպատակային քարոզչության բացթողում:

"Չմասնակցողների" մոտ 15%-ը տվել է "ինձ համար միևնույն է, թե ինչ կլինի հանրաքվեի արդյունքում" պատասխանը: Այս և աբսենտեիստների խմբերի ներկայացուցիչների դիրքորոշումների միջև էական տարբերությունն այն է, որ տվյալ հարցվողներն ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն ընդհանրապես ամեն ինչի, և մասնավորպես կոնկրետ հանրաքվեի նկատմամբ:
12%-ը նշել է չմասնակցության օբյեկտիվ պատճառներ` գրանցման վայրից բացակայություն, հիվանդություն և այլն: Իսկ մոտ 8%-ն էլ չմասնակցության հիմնական պատճառ նշել են այն հանգամանքը, որ ընտրություններն արդար չեն:

Իրականում, հարցվողների չմասնակցության պատճառներն և խորքային են, և մակերերսային: Օրինակ ընտրությունների արդարությանը չհավատալը մարդկանց որոշակի հատվածի մոտ այլևս բյուրեղացած կարծիք է, և նրանք այդ համոզմունքին եկել են կամ սեփական դիտարկումների արդյունքում կամ որոշակի քարոզչական շտամպերի ազդեցության տակ: Երկու դեպքում էլ գործ ունենք խորքային պատճառների հետ, իսկ նախագծին տեղյակ չլինելը կամ, այսպես կոչված, "օբյեկտիվ պատճառներ" մատնանշելը լավագույն ցանկության դեպքում անգամ, չի կարելի համարել` խորքային: Այս պատկերը սկզբունքորեն սպասելի էր և փոքր վերապահումներով համապատասխանում է հանրաքվեի նկատմամբ հանրային տրամադրություններին և քարոզչության առանձնահատկություններին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:28 Նոյեմբեր 27, 2015

Ամենաընթերցված նյութեր