ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պատշաճ չի լուսաբանվում

Կասկածից վեր է, որ 2015թ. ներհայաստանյան կարևոր իրադարձություններից մեկը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, որի հանդեպ վերաբերմունքը ոչ միանշանակ է: Ոչ միանշանակ, քանզի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ (չհաշված նրանց, ովքեր անտարբեր են այդ նախագծի հանդեպ): Դժվար է ստույգ ասել, թե այսօր ինչպիսին է նախագծի կողմնակիցների ու հակառակորդների քանակը, սակայն մի բան հստակ է. ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների շրջանակներն ընդլայնելու գործում մեծ դերակատարություն ունեն ԶԼՄ-ները, որոնցից շատերը, ցավոք, իրենց գործունեությամբ չեն նպաստում առաջիկա հանրաքվեի մասով քաղաքացիների իրազեկմանը: Հայաստանյան ԶԼՄ-ներից շատերը ռացիոնալ, փաստարկված մոտեցումների ներկայացման հարթակ դառնալու փոխարեն նախընտրում են լինել սոսկ "տեղեկատվական աղմուկ" առաջացնողներ, սուրճի գավաթի շուրջ քաղքենիական զրույց վարողների համար բամբասանքի "նյութ" ապահովողներ, հայտնիների ու "անհայտների" էրոտիկ արկածները լուսաբանողներ, քաղաքական գործընթացների վերաբերյալ "ինտելեկտուալ աղբանոցում" տեղ գտնելուն արժանի վերլուծություններ տրամադրողներ և այլն:

Վերոգրյալի համատեքստում ուշագրավ է երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որը վերաբերում էր ԶԼՄ-ներից կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակի դրական և բացասական կողմերը պատշաճ կամ ոչ պատշաճ լուսաբանելու հարցին: Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ ՀՀ ապագայի տեսանկյունից կարևոր այդ փաստաթղթի դրական ու բացասական կողմերի լուսաբանման որակն այնքան էլ չի գոհացնում երևանցիներին:

Այսպիսով՝ "Որքանո՞վ են, ըստ Ձեզ, ԶԼՄ-ներում պատշաճ լուսաբանվում ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակի դրական և բացասական կողմերը" հարցին հարցվածների (ԶԼՄ-ներին հետևող) 3.8%-ը նշել է "շատ պատշաճ", 43.3%-ը՝ "հիմնականում պատշաճ", 29.3%-ը՝ "հիմնականում ոչ պատշաճ", իսկ 23.6 %-ը` "ընդհանրապես ոչ պատշաճ", տարբերակը (տես գրաֆիկ):

Գրաֆիկից պարզ է դառնում, որ լուսաբանման պատշաճության մասով գոհունակություն արտահայտածների թիվը շատ չի զիջում դժգոհողների թվին, սակայն դա բնավ չի նշանակում, որ այս հարցում խնդիր չունենք: Բանն այն է, որ հարցվածների կեսից ավելին ըստ էության բավարարված չէ ՀՀ սահմանադրության փոփոխված տարբերակի դրական և բացասական կողմերի լուսաբանումից, ինչը նշանակում է, որ հանրաքվեին մասնակցելու դեպքում "ԱՅՈ՛"-ի և "Ո՛Չ"-ի միջև ընտրություն կարող է կատարել զգացմունքային հողի վրա: Ավելին, դա նշանակում է, որ "ԱՅՈ՛"-ի և "Ո՛Չ"-ի համար քարոզչական առաքելություն իրականացնողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սեփական մոտեցումների հիմնավորմանը և չբավարարվեն սոսկ պաթետիկ, ժողովրդահաճո հայտարարություններով: Ավելին, պետք է ձգտեն նրան, որ դեկտեմբերի 6-ին քվեարկելու իրավունք ունեցողներն իրենց ձայնն "ԱՅՈ՛"-ի և "Ո՛Չ"-ի տեսքով տան սահմանադրության փոփոխություննների "անհեղինակ" ՏԵՔՍՏԻՆ, այլ ոչ թե ՏԵՔՍՏԸ գնահատեն "հեղինակով" կամ հանրաքվեն նախաձեռնողով:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:33 Նոյեմբեր 27, 2015

Ամենաընթերցված նյութեր