Հիմա երևանցիները կմասնակցե՞ն հանրաքվեին, թե…

Դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի կունենա Սահմանադրական թվով չորրորդ հանրաքվեն: Այն նախևառաջ առանձնահատուկ է նրանով, որ դրական ելքի պարագայում 2018թ. մեր երկրում հաստատվելու է կառավարման խորհրդարանական ձևը: Հենց այս էական փոփոխությունը վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ, ըստ էության նոր Սահմանադրության նախագծի հետ:
Թեպետ, հանրաքվեի վերաբերյալ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն, որպես այդպիսին, չի նշմարվում, սակայն ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խմբի կողմից Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտության (զանգվածային հարցում) տվյալները խոսում են այն մասին, որ հարցվողների մեծամասնությունը պատրաստ է մասնակցելու այդ խոշոր քաղաքական իրադարձությանը: Այսպես` "Արդյոք, պատրաստվում եք մասնակցել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին" հարցին դրական պատասխան են տվել ռեսպոնդենտների մոտ 62%-ը: Մասնակցության նման բարձր ցուցանիշը կարելի է բացատրել ինչպես օբյեկտիվ, այնպես սուբյեկտիվ գործոններով: Նախ` ի տարբերություն համապետական այլ ընտրություններին, ներկայում մարդկանց վրա ընդգծված ճնշումներ չկան, և նրանք մասնակցելու առումով բավականաչափ ազատ են իրենց դիրքորոշման մեջ: Այսինքն ընտրողները խնդիր չունեն իրենց մասնակցությունը և հնարավոր է նաև ընտրությունը քողարկելու իմաստով: Բնականաբար, "ԱՅՈ"-ի և "ՈՉ"-ի քարոզչությունը նույնպես պարտադրող չէ, դրանում բացակայում են ներքին լարվածություն առաջացնող ապակառուցողական տարրերը: Վերջապես մարդիկ, ճիշտ է, արտաքուստ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում բուն գործընթացի նկատմամբ, սակայն, մեծ հաշվով, գիտակցում են իրենց մասնակցության կարևորությունը:

Հաստատապես, հանրաքվեին չեն մասնակցի հարցվողների մոտ 22%-ը: Ընդհանուր քարոզարշավի ոչ այնքան դինամիկ ֆոնի վրա մի կողմից այս արդյունքը բավականին "համեստ" է թվում, սակայն մյուս կողմից, որքան էլ տարօրնակ հնչի` հենց այդ գործոնն էլ նպաստել է իրերի նման կարգի ձևավորմանը: Ակնհայտ է, որ չմասնակցողների խմբում սստվար ներկայացուցչություն ունեն, այսպես կոչված, աբսենտեիստները, քաղաքական ապատիայի մեջ գտնվող ընտրողները և ուղղակի իրենց ներքին ընդվզումը քաղաքական բոյկոտով արտահայտող մարդիկ (այս մասին առավել հանգամանորեն "չմասնակցության պատճառները" նյութի մեջ` հաջորդիվ): Այս խմբերի ճնշող մեծամասնությունը մինչև վերջ կմնա իր համոզմունքին և մեծ հավանականությամբ չի մասնակցի հանրաքվեին:

Հանրաքվեին մասնակցելու առումով դեռ չեն կողմնորոշվել հարցվողների մոտ 16%-ը: Դժվար է միանշանակ ասել, թե ինչը կմոտիվացնի այս ընտրողներին: Ընտրակաշառք, կարծես թե չկա, հարևանին լավություն անելու խնդիր` նույնպես: Մնում է մտածել, որ նրանք կարող են կողմնորոշվել "ԱՅՈ"-ի և "ՈՉ"-ի կողմնակիցների կողմից իրականացվող քարոզչության արդյունքում:

Այսպիսով, հետազոտության արդյունքները փաստում են հանրաքվեին ընտրողների հնարավոր մասնակցության բարձր տոկոսի մասին: Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ մի շարք գործոններով պայմանավորված ներկայում հստակ մասնակցության դիրքրոշում հայտնած հարցվողների որոշակի հատվածը, այնուամենայնիվ, չի գնում ընտրություններին: Այդ օրը կամ իրենց ընտրատեղամասից դուրս են գտնվում, խուսափում են տարաբնույթ անհարմարություններից (ընտրատեղամասում հերթեր, կամ իրենց տանից ընտրատեղամասի հեռու գտնվելն է դեր խաղում և այլն) և իր համար ոչ ցանկալի հարցերից, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի` այդ պահին իր մոտ չլինելու պատճառով և այլն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:57 Նոյեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր