Իսլամը ժամանակակից Եվրոպայում․ Իսլամն ու Եվրոպան անհամատեղելի՞ են

Հականերգաղթային և հակաիսլամական հռետորաբանության համատեքստում հաճախ կարելի է լսել, թե Եվրոպան, եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է քրիստոնեության վրա, ավելին՝ Եվրոպան և իսլամն անհամատեղելի են։ Այդպե՞ս է արդյոք։

Անժխտելի է քրիստոնեության դերը (ըստ որում, և՛ դրական, և՛ բացասական) Եվրոպայի (հատկապես՝ միջնադարյան) հանրային և, մասամբ, միջպետական հարաբերություններում։ Բայց որքանո՞վ է կրոնը և, մասնավորապես, քրիստոնեությունն այսօ՛ր կարևորվում հանրային հարաբերություններում։

Եվրոբարոմետրի 2012թ․ ԵՄ-ի երկրներում անցկացված հետազոտության (տե՛ս Т98) ընթացքում հարցվածների ճնշող մեծամասնությունը (72%) իրեն նույնացրել է քրիստոնեության հետ։ Ըստ որում, ամենատարածվածը ԵՄ-ում եղել է կաթոլիկությունը։ Իսլամի հետ ինքնանույնացնողները կազմել են ընդամենը 2%։ Նրանք 5%-ից ավել են եղել միայն Բելգիայում և Բուլղարիայում։ Հատկանշական է նաև, որ հարցվածների շուրջ 25%-ն էլ իրեն որևէ կրոնի հետ չի նույնացրել։

Սակայն, Եվրոբարոմետրի 2007թ․ուսումնասիրության (էջ 5) կրոնն ասոցացրել է մշակույթի հետ հարցվածների ընդամենը 9%-ը (մշակույթի հետ նույնքան մարդ էլ ասոցացրել է ժամանցը, ճամփորդությունը)։

Իսկ Եվրոբարոմետրի 2012թ․ուսումնասիրության (էջ 9) համաձայն, Եվրոպական միության բնակիչների համար կրոնն ամենաքիչ (5%) կարևորվող արժեքն է եղել։ Փոխարենը, առավել կարևորվել են մարդու իրավունքները, անձնական կյանքի հարգանքը, խաղաղությունը, ժողովրդավարությունը և այլն։

Ստացվում է՝ չնայած ԵՄ-ի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն նույնացնում է քրիստոնեության հետ, սակայն նրանց 10%-ից էլ քիչ մասն է կրոնը համարում մշակույթի կարևոր բաղադրիչ և ընդամենը 5%-ի համար է կրոնն առավել կարևոր արժեք։

Եթե կրոնն այդքան քիչ է կարևորվում և արժևորվում, կարո՞ղ ենք խոսել Եվրոպայի և որևէ կրոնի (իմա՝ իսլամի) անհամատեղելիության մասին։ Հիշենք, որ եվրոպական երկրների մի մասի (Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Թուրքիա, Ադրբեջան) բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են (Եվրոպայի "բնիկ" մուսուլմանները)։ Այդ երկրներն արդեն իսկ Եվրոպայի խորհրդի անդամ են, որոշներն էլ թակում են Եվրոպական միության դռները։

Բայց, ինչպես ցույց է տալիս Բերտելսմանի հիմնադրամի 2013թ․հարցախույզը (տե՛ս գրաֆիկը), հանրային կարծիքը, պարզվում է, այլ է։ Արևմտաեվրոպական առնվազը 6 առաջատար երկրների բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ Արևմուտքն ու իսլամն անհամատեղելի են։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:45 Նոյեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր