Չենք կարդացել, բայց քվեարկելու ենք

Հայաստանում ընթացիկ տարվա քաղաքական ամենակարևոր իրադարձությունը հավակնում է դառնալ սահմանադրության հանրաքվեն: Սահմանադրության նախագծի քննարկումներն էլ ավելի են թեժանում և արդիականանում, քանի մոտենում է հանրաքվեի օրը, որը հանրության լայն շրջանակների կողմից ընկալվում է որպես համապետական հերթական ընտրություն: Եթե նախորդ ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի էր ստանալ ծանոթ-բարեկամի, կուսակցությունների նախընտրական ծրագրերի և թռուցիկների միջոցով, ինչպես նաև թեկնածուների քիչ թե շատ հայտնի լինելու շնորհիվ, ապա սահմանադրության հանրաքվեի մասնակցությունը սկզբունքորեն տարբերվում է այն իմաստով, որ սեփական ընտրությունը հիմնավորելու ամենաարդյունավետ միջոցը սահմանադրության նախագծի ինքնուրույն ընթերցումն է և սեփական եզրակացություններ անելը:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե արդյոք երևանցները կարդացե՞լ են սահմանադրության նախագիծը, երբ հանրաքվեին մնացել են հաշված օրեր: Այն հարցին, թե կարդացե՞լ եք արդյոք փոփոխություններով սահմանադրության նոր տարբերակը, հարցվածների 79.5%-ը պատասխանեց, որ ընդհանրապես չի կարդացել, իսկ մասամբ կարդացել է հարցվածների 13.3%-ը:

Թեև հարցվածների 7.2%-ը պատասխանեց, որ արդեն ամբողջությամբ կարդացել է սահմանադրության նախագիծը, ակնհայտ է, որ սա բավականին փոքր ցուցանիշ է: Ստացվում է, որ սահմանադրության նախագիծն ընդհանրապես չկարդացած մեծամասնության ձայնը ընտրության ժամանակ որոշիչ է լինելու փոփոխված սահմանադրությունը կարդացած փոքրամասնության ընտրության նկատմամբ:

Դրանից բացի, հանրության վերաբերմունքը թե՛ սահմանադրության հանրաքվեի, թե՛ համապետական որևէ ընտրության նկատմամբ ևս մի հակասություն է պարունակում: Բանն այն է, որ անկախ հանրաքվեի արդյունքներից, ընտրության պատասխանատվությունը կրում են շարքային քաղաքացիները, ինչպես նրանք, ովքեր մասնակցելու են հանրաքվեին, այնպես էլ նրանք, ովքեր չեն մասնակցելու: Առաջինները պատասխանատու են դառնում իրենց մասնակցությամբ, երկրորդները՝ չմասնակցությամբ: Բայց, ամեն դեպքում, ում պատկանում է իրավունքը, նա էլ կրում է պատասխանատվությունը: Այս թերևս տրիվիալ ճշմարտության չգիտակցումն է, որ թույլ է տալիս հանրության ճնշող մեծամասնությանը առանց պատշաճ պատասխանատվության արդեն ավելի քան 2 տասնամյակ մասնակցել ընտրությունների:

Սահմանադրության մեջ տեղ գտած փոփոխություններին անտեղյակ հանրության մեծամասնության առկայությունը վկայում է նաև տեղեկացման և քարոզչության կիրառվող մեծանիզմների ոչ արդյունավետ լինելու կամ ոչ արդյունավետ կիրառելու մասին, ինչը, թերևս, հետագայում արդարանալու լրացուցիչ առիթ կդառնա հանրաքվեի արդյունքներից դժգոհ քաղաքացիների համար:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:40 Նոյեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր