Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն արդեն հատել է հասարակածը և դրա ընթացքի վերաբերյալ միանգամայն տեղին է որոշ կարևոր հետևություններ անելը: Այս առումով ԲԱՐՈՄԵՏՐԻ անցկացրած փորձագիտական հարցումը որոշ հետաքրքիր խնդիրներ վերհանեց:

Ընդհանրական հետևություններ

Փորձագետները փաստում են, որ քարոզարշավը հիմնականում պասիվ ընթացք ունի և շատ քիչ է հետաքրքրում շարքային քաղաքացիներին: Ընդ որում, այդ պասիվությունը նկատելի է և "ԱՅՈ"-ի, և "ՈՉ"-ի կողմնակիցների շրջանում: Ճիշտ է, ԱՅՈ/ՈՉ հեռուստատեսային իրապատումն ավելի դինամիկ է դարձրել քարոզարշավը, սակայն այն դեռևս մեծ բեկում, "աժիոտաժ" չի առաջացրել: Միաժամանակ փորձագետները շեշտում են այն հարցադրումները, որոնք քարոզչության շրջանակներում հատկապես հետաքրքրում են ընտրողներին.

  • Մարդիկ չեն հասկանում առաջարկվող փոփոխությունների և իրենց մասնակցության/դերակատարում միջև կապը.
  • Շատերի համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է փոխվում Սահմանադրությունը, ո՞րոնք է հանրաքվեի բուն նպատակները.
  • Որքանով այդ փոփոխությունները կառնչվեն նրանց կյանքի որակի բարելավման վրա.
  • Վերջապես, ինչո՞ւ են նախագծով զրկվել Նախագահ ընտրելու իրավունքից:

Ինչպես տեսնում ենք այս հարցադրումներն առավելապես հասցեագրված են "ԱՅՈ"-ի ճամբարին, որտեղից հնչող պատասխաններն առայժմ այնքան էլ համոզիչ չեն: Ինչ խոսք, Սահմանադրությունը շատ խրթին և բարդ շարադրված փաստաթուղթ է, և դյուրին գործ չէ գտնել դրա մատչելի մատուցման արդյունավետ եղանակը, սակայն փաստ է, որ իրազեկման փորձերը, գոնե, տվյալ փուլում նշանակալի հաջողություններ չեն ունենում:
Ի տարբերություն "ԱՅՈ"-ի` "ՈՉ"-ի կողմնակիցների գործն անհամեմատ հեշտ է: Նախ նրանք չլինելով հանրաքվեի նախաձեռնողներ, այսպես ասած, մարդկանց ապացուցելու շատ բան չունեն: "ՈՉ"-ականները հրապարակ են նետել մի քանի քարոզչական կռվաններ, մասնավորապես, այս փոփոխություններն իշխանությունները նախաձեռնել են սեփական վերարտադրության համար (1), դրանում առկա են դրույթներ, որոնք լրջորեն հարվածում են մեր ազգային անվտանգությանը (2), հանրաքվեի դրական ելքի պարագայում երկրում կստեղծվի կուսակցապետություն, ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհ (3) և այլն: Այս քարոզչական թեզերը նույնպես չեն հիմնավորվում: Դրանք առայժմ "ՈՉ"-ականները կիրառում են "ԱՅՈ"-ի ոչ այնքան համոզիչ հակափաստարկների ֆոնի վրա: Բայց ակնհայտ է, որ դրանք նույնպես լայն պահանջարկ չունեն ընտրողների շրջանում: Այս առումով որոշակի ակտիվություն համացանցում նկատվում է, բայց դրանք էպիզոդիկ բնույթ ունեն և առավելապես պայմանավորված են քաղաքացիական ակտիվիստների գործունեության հետ:

Մասնավոր հետևություններ 

Ընդհանրական մոտեցումներից զատ փորձագետները ներկայացրեցին մասնավոր հետևություններ, որոնց շարքում առավել հետաքրքրական են թվում հետևյալ տեսակետները.

  • Քարոզարշավը սպառիչ պատասխան չի տալիս "օդում առկախ" մի շարք հարցերին, մասնավորապես, որոնք են փոփոխությունների նպատակները, ինչո՞ւ հիմա և այլն:
  • "ՈՉ"-ի մասնատվածությունը և իրար հետ բացարձակ կապ չունեցող քարոզչական մարտավարությունները մեծապես անդրադառնում են ընդդիմադիր/բողոքական ընտրազանգվածի վրա: Տարբեր ճամբարներից ստացված հակասական "մեսիջները" նրանց համար, կողմնորոշման առումով հավելյալ դժվարություններ են ստեղծում:
  • ԱՅՈ/ՈՉ հեռուստատեսային իրապատումը ոչ այնքան նպաստում է նախագծի վերաբերյալ իրազեկմանը, այլ դրա նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Բայց ընդգծված անտարբերության պայմաններում, գոնե, այս տեսանկյունից տվյալ նախագիծն իր խնդիրը, բարեհաջող կատարում է:

Ամփոփում

Այս պահի դրությամբ սահմանադրական հանրաքվեի շրջանակներում իրականացվող քարոզչության ընթացքն առավելապես պասիվ է, թեպետ որոշ նախաձեռնությունների միջոցով փորձ է արվում դինամիկա հաղորդել դրան: Մասնավորապես, այս առումով "ԱՅՈ/ՈՉ" հեռուստատեսային իրապատումը հանրության շրջանում` գործընթացի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել է, սակայն նախագծի իրազեկման խնդիրը, սկզբունքորեն չի լուծվել: Եվ "ԱՅՈ"-ի և "ՈՉ"-ի փաստարկները բավականաչափ համոզիչ չեն: Համոզիչ չեն ոչ այնքան դրանց` տրամաբանությանը հակասելու իմաստով, այլ որ կտրված են իրականությունից, խրթին են, բարդ և անմատչելի: Սա մի կողմից բխում է Հանրաքվեի դրված նախագծի բնույթից, իսկ մյուս կողմից հասարակության շրջանում գոյություն ունեցող անտարբերությունից: Նման պայմաններում ընտրողների քաղաքական վարքագծի վրա քարոզչական ներգործությունը նշանակալիորեն փոքր է: Այնպես որ հանրաքվեի արդյունքները քարոզչությունից քիչ են կախված լինելու:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:50 Նոյեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր