Իսլամը Եվրոպայում

Վերջին տարիներին իսլամատյացությունը Եվրոպայում արագորեն աճում է՝ հականերգաղթային հռետորաբանության քողի տակ ներթափանցելով անգամ եվրոպական մի շարք կուսակցությունների ծրագրերի մեջ։ Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո այս թեմայի շուրջ բանավեճերը կրկին թեժացան։ Հակաիսլամական հռետորաբանության գլխավոր թեզերից մեկն այն է, որ մուսուլմանները ողողել են ողջ Եվրոպան։ Այս միտքը կարելի է հաճախ լսել նաև Եվրոպայից դուրս, օրինակ՝ հենց հայկական սոցիալական միջավայրում։ Տեսնենք՝ իրականում մուսուլմանները հեղեղե՞լ են Եվրոպան։

Նախ, հիշենք, որ իսլամը Եվրոպայում նոր երևույթ չէ։ Ժամանակագրական առումով, համաշխարհային կրոններից առաջինը Եվրոպա ներթափանցել ու տարածվել է քրիստոնեությունը (դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում), բայց արդեն 700-ական թթ՝ Իսպանիայի արաբական նվաճումից հետո, իսլամը ևս ամրապնդվեց Եվրոպայի կրոնական քարտեզի վրա։

Իսլամի՝ Եվրոպա ներթափանցման հաջորդ քայլն արդեն Օսմանյան կայսրության նվաճումներն էին Բալկաններում, որոնց հետևանքով Եվրոպայի այդ հատվածում հայտնվեցին իսլամադավան ժողովուրդներ։

Եվրոպացիներն իսլամի հետ սերտորեն առնչվել են նաև ինչպես Խաչակրաց արշավանքների, այնպես էլ եվրոպական գաղութատիրության շրջանում։

"Եվրոպան ողողված է մուսուլմաններով" թեզը քարոզողները, որպես կանոն, օրինակ են բերում եվրոպական առանձին երկրներ (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) կամ անգամ քաղաքներ (Լոնդոն, Մյունխեն, Անտվերպեն, Ամստերդամ և այլն)։ Սա հաշվարկի սխալ մեթոդ է։

Հստակեցնենք Եվրոպայի տարածքը. ժամանակակից Եվրոպան բաղկացած է շուրջ 50 երկրներից, որոնց մի մասի (Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Թուրքիա, Ադրբեջան) բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են (Եվրոպայի "բնիկ" մուսուլմանները)։ Այդ երկրներն արդեն իսկ Եվրոպայի խորհրդի անդամ են, որոշներն էլ թակում են Եվրոպական միության դռները։

Այո՛, իսլամը Եվրոպայում (և ողջ աշխարհում) ամենաարագ աճող կրոնն է։ Pew Research Center-ի տվյալներով, 2010թ․ 700 մլն․-ից ավել բնակչությամբ Եվրոպայում մուսուլմանները կազմում էին մոտ 6% (43 մլն․), իսկ 2050թ․ նրանց թիվը կարող է հասնել 10%-ի (71 մլն․)՝ ներառյալ "բնիկ" մուսուլմանները։ Եվ եթե չհաշվենք "բնիկ" մուսուլմանական բնակչությամբ եվրոպական երկրները՝ եվրոպական մյուս երկրներում մուսուլմանների թիվը գերազանցում է 5%-ը միայն Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Ըստ որում, մուսուլմանական ամենամեծ համայնքներն (5%-ից ավել) ապրում են հենց այդ երկրների 26 քաղաքներում։

Ձեր կարծիքով, 1 շուրջ 50 երկրներից բաղկացած և 2. 700 մլն-ից ավել բնակչություն ունեցող Եվրոոպայի համար 3 մոտ 10 երկրում կենտրոնացած շուրջ 4․ 45 մլն․ մուսուլմանների առկայությունը կարելի՞ է համարել "հեղեղո՞ւմ"։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:07 Նոյեմբեր 20, 2015

Ամենաընթերցված նյութեր