Հայաստանը "Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2015" վարկանիշային

Նախորդ ակնարկներում մենք խոսեցինք Տնտեսության և խաղաղության ինստիտուտի "Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2015" ("Global Peace Index 2015") վարկանիշային ամենամյա զեկույցում աշխարհի ամենախաղաղ և ամենաանկայուն երկրներիու տարածաշրջանների մասին։

Զեկույցում ներկայացված տվյալների ամփոփումը կատարենք Հայաստանի և նրա հարևան, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկեր երկրների ցուցանիշների համեմատությունով։

Աղյուսակ

Հայաստանի, նրա հարևանների և ԵԱՏՄ գործընկեր-երկրների խաղաղասիրության ցուցիչները

Տեղը

Երկիրը

Գործակիցը

Միտում

79

Վրաստան

1.973

-0.126

87

Ղազախստան

2.008

-0.092

91

Հայաստան

2.028

+0.039

110

Բելառուս

2.173

+0.046

121

Ղրղզստան

2.249

+0.097

132

Ադրբեջան

2.325

+0.042

135

Թուրքիա

2.363

+0.027

138

Իրան

2.409

-0.002

152

Ռուսաստան

2.954

-0.016

Ինչպես տեսնում ենք աղյուսակում, 9 պետությունների շարքում խաղաղասիրության ցուցանիշով 1-ին տեղում Վրաստանն է, ըստ որում, այդ ցուցանիշը, 2014 թ․ համեմատությամբ, ունի բարելավման միտում։ Ավելին, Վրաստանն իր ցուցանիշով 2-րդ տեղում է "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում՝ զիջելով միայն Մոլդովային, և զբաղեցնում է 1-ին տեղը Հարավային Կովկասի երկրների շարքում։ "Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2015" զեկույցում Վրաստանը 79-րդ տեղում է։

2-րդ տեղում Ղազախստանն է՝ կրկին ցուցանիշի բարելավման միտումով։ Նա էլ 3-րդ տեղում է «Ռուսաստան և Եվրասիա» տարածքում և 1-ինը՝ Միջին Ասիայի երկրների շարքում։ Համաշխարհային մասշտաբով, այս երկիրը 87-րդ տեղում է։

Հարևան և ԵԱՏՄ գործընկեր-պետությունների համեմատությամբ, Հայաստանն զբաղեցնում է 3-րդ տեղը՝ միաժամանակ գրանցելով ցուցանիշի վատթարացման միտում։ "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում 4-րդ տեղում է և 2-րդը՝ հարավկովկասյան երկրների շարքում։ Համաշխարհային զեկույցում մեր երկիրը 91-րդն է։

4-րդ հորիզոնականում Բելառուսն է՝ 7-րդը "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում, 2-րդը՝ Մոլդովայի և Ուկրաինայի համեմատությամբ։ Համաշխարհային զեկույցում այս երկիրն զբաղեցնում է 110-րդ տեղը։ Նրա ցուցանիշը ևս, նախորդ տարվա համեմատությամբ, վատթարացել է։

5-րդ տեղում Ղրղզստանն է։ Նա "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում 9-րդ տեղում է, իսկ միջինասիական մյուս երկրների շարքում՝ 5-րդը։ Համաշխարհային վարկանիշով, այս երկիրը 121-րդ տեղում է։ Ղրղզստանի ցուցանիշը ևս ունի վատթարացման միտում։

6-րդն Ադրբեջանն է, որը "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում 10-րդն է, իսկ Հարավային Կովկասում՝ վերջին՝ 3-րդ տեղում։ Վարկանիշային զեկույցում Ադրբեջանը 132-րդն է։ Նրա ցուցանիշն էլ ունի վատթարացման միտում։

7-րդ տեղում Թուրքիան է, որը "Եվրոպա" տարածաշրջանում զբաղեցնում է վերջին՝ 36-րդ տեղը։ Համաշխարհային ցուցակում նա 135-րդն է։ Թուրքիայի ցուցանիշը ևս վատթարացման միտում ունի։

8-րդ տեղում հարևան Իրանն է, որի ցուցիչն ունի բարելավման միտում։ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների շարքում նա զբաղեցնում է 12-րդ, իսկ համաշխարհային ցուցակում՝ 138-րդ տեղը։

Վերջին՝ 9-րդ հորիզոնականում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է, որը "Ռուսաստան և Եվրասիա" տարածքում ևս վերջին՝ 12-րդ տեղում է, իսկ համաշխարհային վարկանիշով՝ 152-րդ։ Նրա ցուցանիշն ունի բարելավման միտում։

Ահա այսպիսի խառը միջավայրում էլ ապրում ենք ․․․

 

ԲԱՐՈՄԵՏՐ

09:50 Նոյեմբեր 06, 2015

Ամենաընթերցված նյութեր