Քաղաքական բաթլ. Հովիկ Աբրահամյան, թե՞ Տիգրան Սարգսյան

2014թ. մարտին հրաժարական տվեց ՀՀ "երկարակյաց" վարչապետներից մեկը` Տիգրան Սարգսյանը: Նա բավականին բարդ ժամանակահատվածում ստանձնեց կառավարության ղեկը. ամբողջ աշխարհում մոլեգնող աննախադեպ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ըստ էության, իր ծայրահեղ բացասական կնիքը թողեց նաև մեր երկրի տնտեսության վրա: Հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գրանցվեց Հայաստանի տնտեսության ամենամեծ անկումը, որը 2009թ. կազմեց մոտ 14%: Հաջորդ տարիներին նրա կառավարությունը հարկադրված էր հաղթահարել դրա աղետալի հետևանքները:

Հովիկ Աբրահամյանը մեկ և կես տարի առաջ ստանձնեց վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը քիչ չէ որոշ հետևություններ անելու համար: Նախ` ակնհայտ է, որ տնտեսության մեջ էական բեկում հնարավոր չեղավ ապահովել: Այս առումով հատկապես ծանր էր նախորդ տարեվերջը, երբ մի քանի օրվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց ավելի քան 20%-ով, որը քաղաքացիների շրջանում իսկական գնաճային խուճապ առաջացրեց: Եթե այս ամենին ավելացնենք Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը և որպես հետևանք` ռուբլու աննախադեպ "գահավիժումը" և մեր ռազմավարական դաշնակցի տնտեսության բավականին խնդրահարույց վիճակը, ապա պատկերն առավել ամբողջական կներկայանա: Այս տարի միայն պաշտոնական թվերով` մեր հայրենակիցներին Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները նվազել են ավելի քան 40%: Սակայն քիչ չեն նաև ձեռքբերումները, որոնք կարող են անդրադառնալ տնտեսական տարբեր ցուցանիշների վրա և փոքր ինչ մեղմել սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Ինչևէ, այս վերլուծությունը թողնենք տնտեսագետներին և անդրադառնանք ԲԱՐՈՄԵՏՐԻ հերթական քաղաքական "բաթլին"` "Հովիկ Աբրահամյան, թե՞ Տիգրան Սարգսյան" տարբերակով: Նշենք, որ տվյալ հարցն ընդգրկված է եղել սեպտեմբերին Երևանի տնային տնտեսություններում անցկացված սոցիոլոգիական հետազոտության հարցաթերթիկում:

Այսպիսով` հարցվողների մոտ 26%-ը կամ մեկ/քառորդը նախապատվություն է տվել գործող, իսկ 23.5%-ը նախկին վարչապետին: Իրականում Հովիկ Աբրահամյանի այս աննշան առավելությունը խոսում է այն մասին, որ երևանցիների սպասելիքները մեծ են եղել նրանից, և նա որոշակիորեն կամ մասամբ արդարացրել է դրանք: Միանշանակ է` այդ ակնկալիքների ընդհանրապես չիրականացման պարագայում գործող վարչապետը զգալիորեն կզիջեր իր նախորդին: Այս հարցում գործում են սպառողի (հարցվող) գնահատման հստակ չափանիշներ. նա ելնում է իր սոցիալական վիճակից (1) և ապագայի հանդեպ ունեցած տեսլականից (2): Ակնհայտ է, որ վերոնշյալ արդյունքները վկայում են այն մասին, որ գոնե այդ ցուցիչներով եթե ոչ առաջընթաց, ապա ընդգծված անկում չի արձանագրվել:

Այս ամենով հանդերձ, բավականաչափ բարձր է որևէ մեկին նախապատվություն չտված հարցվողների թիվը: Փաստորեն, մոտ 47%-ը նախապատվություն չի տալիս ոչ նախկին, և ոչ էլ գործող վարչապետին կամ այլ կերպ ասած` գոհ չէ նրանց գործունեությունից: Ինչ խոսք, սա իրականում մտահոգիչ պատկեր է, որն արտահայտում է տնտեսության մեջ առկա վիճակը և դրա վերաբերյալ մարդկանց գնահատականները: Մյուս կողմից` հանուն արդարության պետք է նշել, որ ստեղծված իրավիճակը նաև օբյեկտիվ խնդիրների արդյունք է:

Արդեն այսօր 2016թ. բյուջետային քննակումներն ու տնտեսագետների կանխատեսումները վկայում են այն մասին, որ հաջորդ տարին ավելի բարենպաստ չի լինելու: Ցավոք, այն ակնկալիքները, որոնք կային մեր երկրի` ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալուց, կարելի է ասել դեռ չեն արդարացել: Ինչ խոսք, սա մեծապես պայմանավորված է Ռուսաստանի շուրջ ծավալվող իրադարձություններով, սակայն պարզ է, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև նույնպես առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ դանդաղեցնում են ինտեգրման գործընթացներն ու զգալիորեն փոքրացնում տնտեսական էֆեկտները: Ակնհայտ է, որ, գոնե, հաջորդ տարվա կտրվածքով այս կառույցից մեծ ակնկալիքներ ունենալն, այնքան էլ ռեալ չէ: Նման պայմաններում, ինչպես ասում են` հույսներս միայն մեր վրա պետք է դնենք և փորձենք ոչ ստանդարտ նախաձեռնություններով նպաստել իրավիճակի բարելավմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:40 Նոյեմբեր 05, 2015

Ամենաընթերցված նյութեր