Աշխարհի ամենախաղաղասեր ու "ամենակռվարար" երկրները

Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է "Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2015" ("Global Peace Index 2015") վարկանիշային ամենամյա զեկույցը։ Դրանում հեղինակները գնահատել են աշխարհի 162 երկրների և 9 տարածաշրջանների հակամարտայնության ռիսկերը։

Այսպես, ըստ սոցիոլոգների և տնտեսագետների միջազգային այդ հեղինակավոր խմբի, 1 տարվա կտրվածքով 81 երկրների խաղաղասիրության գործակիցը բարձրացել է, իսկ 78 երկրներինը՝ հակառակը, իջել է։ 23 ցուցիչների հիման վրա՝ նրանք այդ 162 պետություններին բաժանել են 5 կարգերի՝ խաղաղության շատ բարձր, բարձր, միջին, ցածր և շատ ցածր գործակից ունեցողների։

"Շատ բարձր" խմբում հայտնվել են 25 պետություններ, որոնցից 18-ը եվրոպական են, 3-ը՝ ասիական (Ճապոնիա, Բութան, Սինգապուր), 2-ը՝ օվկիանյան (Նոր Զելանդիա, Ավստրալիա), 1-ը՝ աֆրիկյան (Մավրիկիոս) և 1-ը՝ հյուսիսամերիկյան (Կանադա)։ Առաջատար հնգյակն այս խմբում կազմում են Իսլանդիան, Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան։

"Բարձր" խմբում հայտնվել են 38 պետություններ Եվրոպայից (14), Ասիայից (9), Աֆրիկայից (8), Մերձավոր Արևելքից (3), Հվ․ Ամերիկայից (4)։ Այստեղ էլ առաջատար հնգյակը կազմում են Ռումինիան, Խորվաթիան, Մալայզիան, Չիլին և Քաթարը։

"Միջին" խմբում ընդգրկվել են 52 պետություններ․ Եվրոպայից՝ 7, Ասիայից՝ 8, Մերձավոր Արևելքից՝ 4, Աֆրիկայից՝ 20, Հվ․ Ամերիկայից՝ 12 և Հս․ Ամերիկայից՝ 1 (ԱՄՆ)։ Առաջատար հնգյակը կազմում են Պանաման, Տանզանիան, Գաբոնը, Մադագասկարը և Կիպրոսը։

"Ցածր" խմբում էլ ներառվել են 35 պետություններ․ Եվրոպայից՝ 3, Մերձավոր Արևելքից՝ 4, Ասիայից՝ 6, Աֆրիկայից՝ 16, Հվ․ Ամերիկայից՝ 6։ Այս խմբի առաջատարներն են Հոնդուրասը, Գվինեան, Գվատեմալան, Եթովպիան և Գվինեա Բիասաուն։

Եվ, վերջապես, "Շատ ցածր" խմբում հայտնվել են 12 պետություններ, որոնցից 1-ը՝ Եվրոպայից (Ռուսաստան), 3-ը՝ Ասիայից (Հս․ Կորեա, Աֆղանստան), 2-ը՝ Մերձավոր Արևելքից (Իրաք և Սիրիա) և 6-ը՝ Աֆրիկայից (Նիգերիա, Կոնգոյի ԺՀ, Սուդան, Սոմալի, Կենտրոնաաֆրիկյան հանր․ և Հվ․ Սուդան)։ Ըստ այդմ, աշխարհի "ամենակռվարար" երկրների հնգյակը կազմում են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Հվ․ Սուդանը և Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը։

Այսպիսով, ստացվում է՝ աշխարհի ամենախաղաղ երկրների եռյակը կազմում են Իսլանդիան, Դանիան և Ավստրիան, իսկ "ամենակռվարար" երկրների եռյակը՝ Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Նոյեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր