Արդյոք քաղաքական գործիչները սխալվելու իրավունք ունեն

Քաղաքական գործիչների գործունեությունը գնահատելը շատերի սիրված "զբաղմունքներից" է: Հաճախ կարելի է ականջալուր լինել այս կարգի դատողությունների` "Ա-ն ճիշտ վարվեց, Բ-ն` սխալ, իսկ երրորդը` ստեղծված իրավիճակում ավելի լավ կարող էր կողմնորոշվել և այլն": "Գնահատվում" են բոլորը` և իշխանական հիերարխիայում տարբեր տարամաչափի որոշումներ կայացնող, և ընդդիադիր քաղաքական գործիչները: Դժվար է միանշանակ պնդել, թե այդ գնահատականների ո՞ր մասն է ճշմարտությանը համապատասխանում, և մեծ հաշվով այնքան էլ հետաքրքիր չէ այդ վիճակագրությունը: Փոխարենը շատ ավելի հետաքրքիր է` որքանով են մարդիկ ընդունում, որ "քաղաքական գործիչները նույնպես ունեն սխալվելու իրավունք" պնդումը: Տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում մեծ ու փոքր բացթողումներին, վրիպումներին կամ ճակատագրական որոշումներին, այլ առհասարակ սխալներին:

Այսպիսով` սեպտեմբեր ամսին Երևանում իրականացված սոցիոլոգիական հարցման շրջանակներում, ԲԱՐՈՄԵՏՐԸ ընդգրկեց նաև հետևյալ հարցը` "Արդյոք, համամիտ էք հետևյալ պնդմանը. քաղաքական գործիչը սխալվելու իրավունք չունի": Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երևանցիների մեծամասնությունն (տես. գրաֆիկ) այս կամ այն կերպ կողմ է այդ պնդմանը: Փաստորեն նրանք չեն ընդունում, որ քաղաքական գործիչները կարող են սխալվել: Նման իմպերատիվ պահանջն է ընկած այս խմբի ներկայացուցիչների գնահատականների հիմքում, որը շատ դեպքերում խորանալով դառնում է քաղաքական գործիչների նկատմամբ կոնկրետ վերաբերմունք, իսկ որոշ հանգամանքերում նաև` քաղաքական վարքագիծ:

Վերոբերյալ պնդմանը հիմնականում համամիտ չեն հարցվողների մոտ մեկ/քառորդը: Փոքր վերապահումն առավելապես վերաբերում է քաղաքական գործիչների կողմից թույլ տրված սխալների բնույթին: Այսինքն` ինչ հետևանքներ են ունեցել դրանք հասարակության վրա, այլ կերպ ասած` մեծ ու փոքր սխալներին: Ինչ խոսք, որոշումների ընդունման գործընթացում քաղաքական գործիչներից պահանջվում է մեծ պատասխանատվություն և սթափ հաշվարկ, հատկապես այն դեպքերում, երբ լուրջ շրջադարձային բարեփոխումներ են իրականացվում կամ կարևորագույն համաձայնագրեր են կնքվում:

Հատկանշական է, որ մոտ 17%-ն է լիովին համաձայն այդ պնդմանը, ինչը կոնկրետ պատասխաններ տվող հարցվողների շրջանում, ըստ էության, ամենափոքր խումբն է:

Առավել հետաքրքրական է, որ հարցվողների մոտ 99%-ը տվյալ հարցին տվել է կոնկրետ և որոշակի պատասխան: Սա աննախադեպ է և վկայում է այն մասին, որ երևանցիները տվյալ դեպքում ունեն, թեկուզ իրարից տարբերվող, բայց` հստակ դիրքորոշումներ: Ահա ևս մեկ վկայություն, որ մեր հասարակությունը բավականաչափ քաղաքականացված է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:15 Հոկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր