Կկայանա՞ արդյոք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն

Ինչպես գիտենք, 2015թ. դեկտեմբերի 6-ին նախատեսված է իրականացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որի կազմակերպման և անցկացման հարցը բավականին արագ մտավ հայաստանյան քաղաքական օրակարգ: Այնքան արագ, որ հանրաքվեն անցկացնելու կամ չանցկացնելու հարցում շահագրգիռ կողմերը մինչ այժմ "չեն հասցրել" լուրջ, հանգամանալից և քիչ թե շատ ամբողջական վերլուծություններով հանդես գալ հօգուտ իրենց մոտեցումների:

Իրողություն, որը, անշուշտ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ առանց այն էլ քաղաքական ապատիայով "համակված" և ընտրություններից "հոգնած" ՀՀ քաղաքացիների ընտրական վարքագծի վրա: Ընդ որում՝ այդ ազդեցությունը կարող է դրսևորվել ինչպես հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու, այնպես էլ Սահմանադրության փոփոխությունների տարբերակին կողմ կամ դեմ քվեարկելու դեպքում:

Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ՀՀ քաղաքացիների մասնակցությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, սակայն պակաս կարևոր չէ այն, թե ինչպիսին է այսօր առաջիկա հանրաքվեի հետ կապված ՀՀ քաղաքացիների (երևանցիների) մասնակցային տրամադրվածությունը:

Հարց, որի պատասխանը կարելի է գտնել երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության մեջ: Վերջինիս արդյունքները ցույց են տալիս (տես գրաֆիկ), որ "մասնակցելո՞ւ եք, արդյոք, ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվեին" հարցին որոշակիորեն կողմնորոշված երևանցիների 43.3%-ը տվել էր "միանշանակ այո", 10%-ը՝ "ավելի շուտ այո", 13.5%-ը՝ "ավելի շուտ ոչ", իսկ 33.2%-ը՝ "միանշանակ ոչ" պատասխանը:

Ինչպես երևում է գրաֆիկից, հանրաքվեին մասնակցելու հարցում վճռական են տրամադրված հարցվածների 43.3%-ը, իսկ չմասնակցելուն՝ 33.2%-ը: Այս թվերը վկայում են այն մասին, որ մեզանում այդ հանրաքվեի հետ կապված հանրային ակնկալիքներն այնքան էլ բարձր չեն, այլապես քաղաքացիների մասնակցային տրամադրվածությունը շատ բարձր կլիներ (այսինքն՝ բարձր կլիներ "միանշանակ այո" պատասխանը տվածների տոկոսային ցուցանիշը): Ավելին, եթե հաշվի առնենք նաև այն, որ ավելի քան 10-ական տոկոս են կազմում այն հարցվածները, ովքեր հակված են մասնակցելուն կամ չմասնակցելուն, ապա պարզ է դառնում, որ հանրաքվեի կայացման հարցում շահագրգիռ կողմը/երը պետք է ջանք գործադրեն նրանց մասնակցությունը իրողություն դարձնելու և իրենց համար ցանկալի քվեները ստանալու համար: Իսկ դրա համար ամենից առաջ հարկավոր է ընտրողներին հստակ, հիմնավոր ու համոզիչ կերպով ցույց տալ Սահմանադրության փոփոխված տարբերակի առավելությունները կամ թերությունները, ինչպես նաև այն, որ իրենց ձայն իսկապես "լսելի" կլինի:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:15 Հոկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր