Երևանցիների կարծիքը` Նախագահի ընտրության կարգի վերաբերյալ

Սահմանադրական փոփոխությունների նախագծում առավել խնդրահարույց են ՀՀ նախագահի լիազորությունների էական կրճատմանն և ընտրության կարգին առնչվող դրույթները: Եթե լիազորությունների առումով խնդիրն, ինքնին տեղավորվում է պառլամենտական կառավարման տրամաբանության մեջ, ապա ընտրության կարգը հաստատապես կարող էր այլ լինել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է համապետական ընտրությունների միջոցով Նախագահի ընտրությանը, որը նոր նախագծի մեջ փոխարինվել է ԱԺ պատգամավորներից և ՏԻՄ ներկայացուցիչներից կազմված`  ընտրիչների միջոցով ընտրությանը: Փաստորեն, եթե դեկտեմբերի 6-ին քաղաքացիները հավանության արժանացնեն սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ապա 2018թ. գարնանը ՀՀ նախագահն ընտրվելու է, այսպես կոչված, միջնորդավորված ընտրակարգով: Իսկ արդյոք մեր համաքաղաքացիները պատրաստ են ԱԺ-ին զիջել այդ մանդատը: Այս առնչությամբ ԲԱՐՈՄԵՏՐԸ`  Երևանում անցկացրած հերթական  սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում, փորձեց պարզել նրանց տրամադրվածությունը: Այսպես "Ըստ սահմանադրական փոփոխությունների նոր նախագծի՝ ՀՀ նախագահին ընտրելու են ԱԺ և ՏԻՄ ներկայացուցիչներից կազմված ընտրիչները. որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի այս տարբերակը" հարցի պատասխանները վկայում են, որ հարցվողների մեծամասնությունը` մոտ 51%-ը այս կամ այն կերպ չի ընդունում նման հեռանկարը: Իրականում այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ հասարակության շրջանում Նախագահի ընտրության հարցում` նոր նախագծում ներկայացվածից անկախ, տիրապետող կարծիք գոյություն ունի: Մի բան ակնհայտ է, որ մեր ընտրողների մեծամասնությունը ցանկանում է իր ձեռքում պահել այդ լիազորությունը, լծակը կամ հնարավորությունը և այս առումով չի վստահում նույնիսկ իր կողմից ընտրված ներկայացուցչական մարմիններին: 

Հետաքրքիր է, որ հարցվողների մոտ 20%-ին առանձնապես չի մտահոգում Նախագահի ընտրության կարգը: Այդ խմբի մեջ հիմնականում այն ռեսպոնդենտներն են, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցել որևէ քաղաքական ընտրության և առանձնապես հավատ չունեն, որ դրա միջոցով հնարավոր են արմատական փոփոխություններ: Մյուս կողմից այս շարքում չպետք է բացառել նաև այն հարցվողներին, ում համար էական չէ Նախագահի ընտրության կարգը:

Անկախ ամեն ինչից` ակնհայտ է, որ հասարակության մի ստվար հատված շատ դժվար է հարմարվելու նոր քաղաքական իրողություններին: Նրա համար կա ՀՀ նախագահ, որն ընկալվում է` որպես որոշում կայացնող (հարց լուծող) և հանրաքվեի դրական ելքից հետո, 2018թ., ինքը որևէ մասնակցություն չի ունենալու ոչ միայն նրա ընտրությանը, այլև լիազորությունների կրճատման պայմաններում` նաև չի հասկանալու, թե ինչ պետք է ակնկալի նրանից: Ինչ խոսք, սա պառլամենտական կառավարման ձևի առանձնահատկություններից է, երբ տեղի է ունենում քաղաքական պատասխանատվության և լիազորությունների վերաբաշխում և ապակենտրոնացում: Որպես ժողովրդավարական կառավարման գործուն մեխանիզմ` նման մոդելի ներդրումը, անշուշտ, վատ չէ: Սակայն արդյոք այն արագ կտեղայնացվի և կդառնա մեր քաղաքական մշակույթի անքակտելի մաս, թե՞ երկար ժամանակ հարկադրված կլինենք սխալ հասցեագրել մեր քաղաքական պահանջները: Սա հարց է, որի պատասխանը դեռևս այնքան էլ միանշանակ չէ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Հոկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր