Հայաստանի բարեկամ-երկրների ցուցակում Իրանն առաջ է անցել Վրաստանից

Հայաստանի բարեկամ-երկրների հանրային ցուցակին մենք արդեն անդրադարձել ենք անցյալ տարի։ Այն ժամանակ մեր համաքաղաքացիների նախապատվությունների հիման վրա ԲԱՐՈՄԵՏՐԻ կազմած ցուցակը գլխավորում էր Ռուսաստանը։

Քանի որ հանրային ընկալումներն ունակ են արագ ու արմատական փոփոխվելու, որոշեցինք ճշտել՝ փոխվե՞լ է արդյոք մեր համաքաղաքացիների կարծիքը, ո՞ր երկրներին են նրանք համարում Հայաստանի գլխավոր բարեկամներ։ Այդ հարցի պատասխանն ստանալու համար, մենք խնդրեցինք մեր համաքաղաքացիներին առաջարկված երկրների ցուցակից ըստ կարևորության նշել այն երկու երկրներին, որոնց վրա, նրանց համոզմամբ, կարելի է հույս դնել ծանր իրավիճակներում։ 

Գրաֆիկից երևում է, որ նշված երկրներից միայն երեքն են "հաղթահարել" 10%-ի շեմը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը։

Համեմատելով նախորդ տարվա համանման արդյունքների հետ՝ նկատում ենք, որ Ռուսաստանը շարունակում է գլխավորել բարեկամ-երկրների առաջատար եռյակը։ Եթե վերլուծում ենք առաջին և երկրորդ պատասխանների տրամաբանությամբ, ապա Ռուսաստանի դեպքում 1-ին պատասխանով նրան հուսալի գործընկեր համարել է հարցվածների շուրջ 60%-ը, 2-րդ պատասխանով՝ 12%-ից քիչ ավելին։

Ինչպես նախորդ տարի, այսօր էլ մեր համաքաղաքացիների կազմած բարեկամ-երկրների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում են եվրոպական երկրները, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիան։

Բայց ուշագրավ է նաև, որ 1-ին պատասխանով Ֆրանսիային Հայաստանի գլխավոր բարեկամ նշել է հարցվածների մոտ 15%-ը, իսկ 2-րդ պատասխանով՝ 15%-ից քիչ ավելին։ Այսինքն, կարող ենք ասել, որ Ֆրանսիան վստահաբար ամրապնդվել է Հայաստանի բարեկամ-երկրների հանրային ցուցակի երկրորդ հորիզոնականում։

Մեկ տարվա կտրվածքով, հանրային այդ ցուցակի երրորդ տեղի համար պայքարում, ստացվում է, թեժ պայքար է ընթացել Վրաստանի և Իրանի միջև։ Արդյունքում, ինչպես տեսնում ենք, "հաղթել" է Իրանը։ Այս երկրին 1-ին պատասխանով բարեկամ է համարել հարցվածների 7%-ից ավելին, 2-րդ պատասխանով՝ 17%-ից ավելին։ Իսկ Վրաստանի համապատասխան ցուցանիշներն են եղել 2,4% և 5․8%։

Հետաքրքիր է՝ ինչի՞ շնորհիվ է Իրանը կարողացել առաջ ացնել Վրաստանից և դառնալ Հայաստանի անմիջական հարևաններից միակը, որին մեր համաքաղաքացիների 10%-ից ավելին համարում է բարեկամ-երկիր։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հոկտեմբեր 27, 2015

Ամենաընթերցված նյութեր