Ռուսաստանաբնակ հայազգի գործարարները և նրանց ազդեցությունը հայաստանյան քաղաքական գործընթացների վրա

ԲԱՐՈՄԵՏՐՆ իր նախորդ հետազոտավերլուծական նյութերից մեկում անդրադարձել էր մեր երկրում` քաղաքական որոշումների վրա Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր գործարարների ազդեցությանը: Այս անգամ մեր փորձագետներին հետաքրքրրեց ոչ պակաս հետաքրքիր` ռուսաստանաբնակ հայազզի խոշոր գործարարների հայաստանյան քաղաքական կյանքում և որոշումների կայացման գործընթացում ունեցած ազդեցության հարցը:
Այդ իրողության գնահատման համար բավականին պարզ մեխանիզմ էր ընտրված. նախ ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներն ընտրեցին այն չորս խոշոր գործարարներին, որոնք առավել մեծ ներկայություն ունեն հայաստանյան քաղաքական կյանքում և տնտեսության մեջ, իսկ այնուհետև 1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը` առավել ցածր գնահատական, իսկ 5-ը` առավել բարձր, գնահատեցին քաղաքական որոշումների վրա նրանց ազդեցությունը:

Ըստ վերը նշված չափանիշի ընտրվեցին առավել ազդեցիկ ռուսատանաբնակ հայազգի գործարարները` Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան (Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ), Ռուբեն Վարդանյան և Արա Աբրահամյան:

Ստացված միջինացված տվյալներով` "Տաշիր գրուպ" ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը 4.125 ինդեքսով գլխավորում է մեր երկրի քաղաքականության վրա առավել մեծ ազդեցություն ունեցող գործարարների ցուցակը: Ընդհանրապես, Սամվել Կարապետյանը ռուսաստանաբնակ առավել հայտնի հայազգի գործարարներից է, ով ըստ արժանահավատ աղբյուրների` բավականին սերտ կապեր ունի "կրեմլյան" բավականին ազդեցիկ շրջանակների հետ: Այս հանգամանքով պայմանավորված նա էական դեր ունի նաև հայ-ռուսական քաղաքական շփումներում, առավելապես դրանց ոչ հրապարակային դրսևորումների հարթության վրա (հիշենք, թեկուզ մի քանի ամիս առաջ մամուլում շատ ինտենսիվ շրջանառված` Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ կապված խնդրի կարգավորման գործում, Սամվել Կարապետյանի էական դերակատարման վերաբերյալ արժանահավատ աղբյուրների հրապարակումները): Հայաստանում Սամվել Կարապետյանի քաղաքական հետաքրքրություններն առավելապես կապված են եղբոր` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: Առհասարակ, այս առումով նրանց մեջ շատ հստակ "դերաբաժանում" կա, որը եղբայրները պահում են կուռ սկզբունքայնությամբ: Սամվել Կարապետյանի քաղաքական կշռի մեծացմանը զգալիորեն նպաստում է նաև ՀԷՑ-ի գնելը: Ակնհայտ է, որ ՀԷՑ-ը վաղուց չի ընկալվում բացառապես հզոր տնտեսական ռեսուրս, այն նաև բավականին շոշափելի քաղաքական "լծակ" է, որը հատկապես շատ էֆֆեկտիվ աշխատում է քաղաքական ընտրությունների ընթացքում:

Գրաֆիկ. Ռուսաստանաբնակ հայազգի գործարարների` հայաստանյան քաղաքական գործընթացների վրա ազդեցության միջինացված ինդեքսներ

Ռուբեն Վարդանյանը մեր երկրում իրականացնում է երկարաժամկետ, ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր: Նա ծանրակշիռ ներդրումներ է անում առավելապես կրթության, զբոսաշրջության ու բանկային ոլորտներում և իր բոլոր նախագծերը կառուցում է բացառապես կոորպորատիվ շահի ու ներդաշնակ համագործակցության սկզբունքների վրա: Ռուբեն Վարդանյանի բոլոր նախաձեռնությունները, այդ թվում նաև բարեգործական և երկրի բարենպաստ իմիջին ուղղված նախագծերը, աչքի են ընկնում հեռանկարայնությամբ և գաղափարական բաղադրիչի արտահայտմամբ: Հենց դրանով է պայմանավորված, որ նրա բոլոր նախաձեռնություններում մասնակցում են տարբեր երկրների հանրահայտ և ազդեցիկ ֆինանսիստներ, թոփ-մենեջերներ, արվեստագետներ: Ռուբեն Վարդանյանը մեծ ազդեցություն ունի հատկապես կարծիքի առաջատարների վրա, որոնք իրենց հերթին այս կամ այն կերպ ներգրավված են տարբեր հարթությունների վրա որոշումների կայացման գործընթացում: Հատկանշական է, որ մեր երկրում նրա բոլոր նախաձեռնությունները, ըստ էության, ոչ միայն հավանության են արժանացել/արժանանում, այլ ռեկորդային արագությամբ լուծվել են դրանց հետ կապված տարաբնույթ բյուրոկրատական, օրենսդրական և իրավիճակային խնդիրները: Այս հանգամանքը նույնպես վկայում է որոշումների կայացման գործընթացում նրա ունեցած շոշափելի ազդեցության մասին:

Ի տարբեություն Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ավելի համեստ ներկայություն ունի ՀՀ տնտեսական կյանքում: Սակայն փոխարենը բավականին մեծ են նրա քաղաքական հավակնությունները, որի մասին նա արդեն իսկ հայտարարել է: Արա Արշավիրովիչը` որպես Ռուսաստանում հայկական ամենամեծ և ազդեցիկ կառույցի ղեկավար, իր կարգավիճակով պայմանավորված ունի մեծ կապեր ռուսական քաղաքական էլիտայի` հիմնականում իշխանական շրջանակների հետ: Հենց այս հանգամանքը նա փորձում է օգտագործել իր դերն ու քաղաքական կշիռը մեծացնելու առումով: Սակայն այս ազդեցությունը չի կարող ինքանաբերաբար տարածվել նաև հայաստանյան քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի վրա: Տվյալ դեպքում խնդիրը միայն հայաստանյան քաղաքական էլիտայի կողմից հնարավոր հակազդեցությունը չէ, այլ նաև հանրային ընկալումները: Այս առումով Արա Աբրահամյանն ակնհայտ խնդիրներ ունի և եթե նրա կողմից ստեղծվելիք կուսակցությունը պետք է անմիջականորեն առնչվի իր հետ, ապա մեծ է հավանականությունը, որ այն էական հաջողություններ չունենա 2017թ. Աժ ընտրություններին:

Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում Գազպրոմբանկի նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը բավականին սերտ կապեր ունի ռուսական ազդեցիկ տնտեսական և քաղաքական շրջանակների հետ: Նա թեպետ ներկայում հիմնականում Ռուսաստանում է ծավալում իր գործունեությունը, սակայն ամենևին կտրված չէ նաև մեր երկրից: Տարբեր հավաստի աղբյուրներ նշում են, որ նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ իր հարազատ կառույցում` ՀայՌուսգազարդում: Հայաստանում նրա անվան հետ են կապվում մի շարք բիզնեսներ: Առհասարակ, Կարեն Կարապետյանն արդյունավետ թոփ մենեջերի բացառիկ որակներ ունի, որը դրսևորել է իր ղեկավարած բոլոր կառույցներում: Նրա ազդեցությունը հայաստանյան քաղաքական գործընթացների վրա ներկայում ավելի շատ լատենտ է, քանի որ ընդգծված քաղաքական հավակնություններ, գոնե, այս փուլում հանդես չի բերում: Սակայն նրա` քաղաքական գործընթացներում անմիջականորեն ներգրավվելու առումով հնարավորություններն անհամեմատ մեծ են, քան Արա Աբրահամյանի պարագայում, ով արդեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:24 Հոկտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր