Աշխարհի ամենակայուն և ամենաանկայուն երկրները

"Խաղաղության հիմնադրամը" վերջերս հրապարակեց "Փխրուն երկրներ 2015" ամենամյա վարկանիշային հետազոտությունը, որում 4 ցուցիչով՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և ռազմական, և մոտ 90 չափանիշով 178 երկրներ խմբավորված են 11 կարգերում՝ ըստ իրենց "ամրության" (սոցիալական, տնտեսական, քաղաքական ու ռազմական կայունության և զարգացվածության)։ Որքան ցածր է պետության տեղը ռիսկայնության ցուցակում, այնքան այն համարվում է կայուն, ամուր։

Ըստ այդմ (էջեր 6-7), ամենակայուն երկների ցուցակի միանձնյա առաջատարը Ֆինլանդիան է (Very Sustainable)։ Հաջորդող՝ կայուն (Sustainable) երկրների կարգում տեղ են զբաղեցրել 14 երկրներ, որոնցից 11-ը եվրոպական են, 1 հյուսիսամերիկյան (Կանադա) և 2 երկիր Օվկիանիայից՝ Նոր Զելանդիան և Ավստրալիան։ Հատկանշական է նաև, որ եվրոպական 11 երկրներից 3-ը՝ Նորվեգիան, Շվեյցարիան և Իսլանդիան, Եվրոպական միության անդամ չեն։

Ամենառիսկային երկրների կարգում (Very High Alert) տեղ են զբաղեցրել աֆրիկյան 4 պետություններ՝ Սուդանն ու Հվ․ Սուդանը, Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը և Սոմալին։ Իսկ բարձր ռիսկայնության երկրների (High Alert)  կարգում ընդգրկվել են 12 երկրներ՝ 6 աֆրիկյան, 3 արաբական (Իրաք, Սիրիա, Յեմեն), 2 հարավասիական՝ Պակիստանն ու Աֆղանստանը, 1 կարիբյան՝ Հայիթին։

Նշվում է նաև (էջ 8), որ 2014-2015 թթ․ ընթացքում, իրենց դիրքը մյուսների համեմատ ամենաշատը բարելավել են 13 պետություններ, այդ թվում՝ հարևան Վրաստանը, Չինաստանը, Ռումինիան, Ավստրիան։ Իսկ այդ նույն ժամանակահատվածում ամենաշատը վատթարացել է 11 երկրի դիրք, այդ թվում՝ Ուկրաինայի, Սիրիայի, Ռուսաստանի, Իրաքի։

Մեր առաջիկա ակնարկներից մեկում կանդրադառնանք նաև Հայաստանի ու նրա հարևանների ցուցանիշների համեմատությանը։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հոկտեմբեր 23, 2015

Ամենաընթերցված նյութեր