Չկայացած կուսակցական համակարգով դեպի սահմանադրական հանրաքվե

ԲԱՐՈՄԵՏՐԸ կուսակցական համակարգի խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ է ներկայացրել: Դրանց մեջ "կարմիր թելով" անցնում է այն թեզը, որ կուսակցական համակարգը մեր երկրում գտնվում է ցածր վստահության պայմաններում, և  կայացած չէ: Ընդ որում այս քաղաքական միավորները "կաղում" են բոլոր հնարավոր բաղադրիչներով` գաղափարական, ինստիտուցիոնալ, ներկազմակերպական, ֆինանսական և այլն: Կուսակցությունները մեր քաղաքական իրականության մեջ ընտրություններից ընտրություն հայտնվող, մի քանի ամիս ակտիվ գործունեություն ծավալող կառույցներ են, որոնց գերնպատակը ցանկացած միջոցով իշխանության գալն է: Այս նպատակը դասագրքային ճշմարտություն է, սակայն եթե դրա իրացումը կայացած կուսակցական համակարգերում երկարաժամակետ, ծանրագույն գործունեության արգասիք է, ապա մեր իրականության մեջ ավելի շատ` խիստ կարճաժամկետ, "անգաղափարական" աշխատանքի արդյունք է: Այդ է պատճառը, որ քաղաքական այդ միավորներին ամեն ինչ կարելի է անվանել` քաղաքական նախագիծ, ակումբ, գուցե, շահերի խմբեր, բայց ոչ կուսակցություն` այդ հասկացության ամբողջական ծավալային իմաստով:

Կուսակցությունների վերաբերյալ վերը նշված նկարագիրն իր ցայտուն արտահայտությունն է գտել ոչ միայն փորձագիտական գնահատականներում, այլ նաև հասարակական կարծիքի մեջ: Դրանք այսօր առավել ցածր հանրային վստահության պայմաններում գործող քաղաքական ինստիտուտներն են: Այս տենդենցն ուղիղ համամատական է նաև կուսակցությունների չկայացված լինելու իրողությանը: ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ հարցվողների հանրագումարային մոտ 21%-ն է այս կամ կերպ այդ քաղաքական ինստիտուտներին կայացած համարում: Սա, բնականաբար, խիստ ցածր և մտահոգիչ ցուցանիշ է: Եվ այն ավելի խնդրահարույց է դառնալու սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր դրական ելքի դեպքում, երբ քաղաքական համակարգում կտրուկ մեծանալու է կուսակցությունների դերակատարումը: Խորհրդարանական կառավարաման կարևոր առանձնահատկություններից մեկն էլ ուժեղ և կայացած կուսակցական համակարգի առկայությունն է, որի արդյունավետ գործառնությունը պետք է ապահովի ծանրակշիռ քաղաքական պատասխանատվությամբ իշխանությունների ձևավորումը: Այս առումով քաղաքական համակարգը ընդգծված խնդիրներ ունի և դեկտեմբերի 6-ից հետո դրանք, անշուշտ, չեն վերանալու:

Հարցվողների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ կուսակցությունները մեր քաղաքական իրականության մեջ կայացած չեն:

Այս մռայլ ֆոնի վրա, այնուամենայնիվ, որոշ փորձագետներ գտնում են, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ինքնաբերաբար կմեծանան կուսակցությունների դերն ու քաղաքական կշիռը: Մի կողմից դրանք մտավոր և կազմակերպական մեծ ներուժով օժտված բազմաթիվ երիտասարդների համար կդառնան քաղաքական կարիերայի առանցքային "դարբնոցներ", իսկ մյուս կողմից հիմնական քաղաքական որոշումները նաև այդ կառույցներից կտեղափոխվեն իրացման տիրույթ: Սակայն որպեսզի կուսակցությունները նոր քաղաքական իրավիճակում սկսեն բավարարել հասարակության տարբեր շերտերի քաղաքական պահանջմունքները պետք է իրականացնեն արմատական փոփոխություններ, որոնք հիմնված կլինեն ներկուսակցական ժողովրդավարության և գաղափարական տարրի բացարձականացման սկզբունքների վրա:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:11 Հոկտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր